Մեկնաբանություն

12.11.2018 13:08


ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

ՀՀԿ-ում կարող են հանգիստ լինել. Փաշինյանն արդեն քվեարկել է

Երեկ տեղի ունեցած ՀՀԿ նիստից հետո հայտարարվել է, որ կուսակցությունը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ 2-րդ տեղը զբաղեցնելու նպատակով:

ՀՀԿ-ն հայտ է ներկայացնում ընդդիմադիր ուժ դառնալու: Այդ առումով ուշագրավ էր ՀՀԿ ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ինքը հույս ունի, որ երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվի քվեախցիկում, կքվեարկի ՀՀԿ-ի օգտին:

Սարգսյանը նաև հույս է հայտնել, որ Փաշինյանը ոչ թե այս կամ այն կերպ կաջակցի որևէ այլ ուժի, որպեսզի ունենա վերահսկելի ընդդիմություն, այլ կողմ կլինի, որպեսզի ՀՀԿ-ն լինի ընդդիմության դերում, քանզի այդ դեպքում չենք ունենա գրպանային ընդդիմություն:

Թե ինչպիսի կառուցվածք կստանա ապագա խորհրդարանը, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ի երեկոյան, բայց ՀՀԿ-ն ամեն դեպքում կարող է հանգիստ լինել, քանի որ Նիկոլ Փաշինյանն արդեն քվեարկել է իրենց օգտին: Խոսքն, անշո՛ւշտ, փոխաբերական իմաստով քվեարկության մասին է:

Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանությամբ յուրօրինակ գործարք տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Սերժ Սարգսյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև: Երեքին էլ տարբեր պատճառներով ձեռնտու էր գործող ընտրակարգի պահպանումը: «Ռեյտինգայինը» մնաց, թեև հեղափոխական հրապարակում այլ պահանջ էր ներկայացվել ու այլ որոշում կայացվել: «Ռեյտինգայինի» վերացման կետը հայտնվել էր նաև Փաշինյանի կառավարության ծրագրում:

Բայց, չնայած այդ ամենին, «ռեյտինգայինը» պահպանվեց՝ մեծացնելով խորհրդարանում հայտնվելու ՀՀԿ-ի շանսերը և նվազեցնելով հեղափոխությունը ողջունած կամ հեղափոխությանն աջակցած մյուս ուժերի շանսերը:

Այնպես որ «ռեյտինգայինը» պահպանելով՝ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմության դերում նշանակել է ՀՀԿ-ին, իսկ կառավարությանը կից ոչ կառավարական ուժի դերում՝ ԲՀԿ-ին:

Փաշինյանին օդ ու ջրի պես պետք է ՀՀԿ-ն որպես ընդդիմություն և 2008-ի ՕԵԿ-ի տիպի ուժ՝ ի դեմս ներկայիս ԲՀԿ-ի (Ծառուկյանը Փաշինյանի հետ հարաբերություններում այժմ իրեն պահում է այնպես, ինչպես 2008-ից հետո Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններում իրեն պահում էր Արթուր Բաղդասարյանը, բայց վերջինս դրա դիմաց ստացել էր կոալիցիոն գործընկերոջ ու Անվտանգության խորհրդի քարտուղարի կարգավիճակը, բայց ԲՀԿ-ին Նիկոլի վարչապետության դեպքում նման բան չի հասնելու):

Փաշինյանին ՀՀԿ-ն պետք է և՛ նախընտրական փուլում, և՛ խորհրդարանում, քանզի դա հնարավորություն կտա նրան սև-սպիտակային տարբերակով պարզունակացնել քաղաքական պայքարի տրամաբանությունն ու պահել իշխանությունը:

ՀՀԿ-ին խորհրդարանում ունենալով կարելի է «հակահեղափոխության» բլեֆը խաղարկել՝ ցանկացած ձախողում կամ թերացում արդարացնելու համար՝ «Ուզում եք, որ ՀՀԿ-ն վերադառնա՞» թեմայով (նկատենք, որ միջնաժամկետում և առավել ևս երկարաժամկետում այդ տեխնոլոգիան արդեն չի աշխատելու, բայց դե քաղաքական գործիչները, ի տարբերություն պետական գործիչների, միշտ «օրվա կուրսով» են առաջնորդվում և կարճաժամկետ խնդիրներ լուծում):

Դե իսկ ԲՀԿ-ն խորհրդարանում կհայտնվի որպես անցյալի մնացուկ և տեղի ունեցած «հուշագրային» գործարքի հետևանք: ԲՀԿ-ն վերահսկելի կլինի բոլոր առումներով ու խորհրդարանում կկատարի այն ֆունկցիան, ինչը կատարում էր ՀՀԿ-ի համար 2015-ից 2017-ն ընկած ժամանակահատվածում:

Ինտրիգային հարցն այս ըտրություններում «Սասնա ծռերին» է վերաբերում: Կանցնե՞ն նրանք ԱԺ, թե՞ ոչ:

Մյուս ուժերի մասնակցությունը օլիմպիական սկզբունքի շրջանակներում է լինելու:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: ՀՀԿ-ն բանաձև էր ընդունել ու տվել անցյալի գնահատական՝ խոսելով լավի ու վատի մասին:

Վատի վերլուծությունը մի կողմ թողնելով՝ նկատենք, որ լավի մասին պնդումները ներկայացվել էին 2006-ից 2017-ն ընկած ժամանակահատվածի տվյալների հիման վրա:

Հետաքրքիր է, թե ինչո՞ւ են ՀՀԿ-ում մակրոտնտեսական և այլ տիպի ցուցանիշներն ու դրանց դինամիկան գնահատել 11 տարվա կտրվածքով: Նման դեպքերում գնահատականներ, որպես կանոն, տալիս են հնգամյակի կամ տասնամյակի կտրվածքով:

Ճիշտ կլիներ, որ արդյունքները գնահատվեին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալուց հետո, այսինքն՝ 2008-ից սկսած: Կամ գոնե 2007-ից, երբ ՀՀԿ-ն խորհրդարանում միանձնյա կառավարություն կազմելու մանդատաքանակ վերցրեց:

Արդյոք 2006-ի՞ց է տվյալները վերցրած, որպեսզի «սվաղվեն» 2009-ին արձանագրված բացասական ցուցանիշները և տնտեսական անկման համաշխարհային ռեկորդը:

Այս խորագրի վերջին նյութերը