Մեկնաբանություն

11.11.2018 16:25


Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Հասնել և անցնել Խրյուշչովին (տեսանյութ)

Հասարակությունները կառավարվում են լոզունգներով ու միֆերով:

Քաղաքական լոզունգները և միֆերը նպատակ ունեն մոտիվացնելու հանրությանը և դրդելու նրան որևէ գործողության:

Հարկ է նկատել, որ իշխանությունների առաջարկած լոզունգներն առանց հիմքերի ու կոնկրետ ծրագրերի նույնքան վտանգավոր են, որքան լոզունգների իսպառ բացակայությունը:

Առանց հիմնավորման լոզունգների կիրառումը կարճաժամկետում, միգուցե, արդյունավետ է, բայց միջնաժամկետում ու առավել ևս երկարաժամկետում կարող են բացասական գործընթացների հանգեցնել:

Մարդկանց մոտ լոզունգներից առաջանում են ռացիոնալ սպասումներ, բայց երբ խոստացած ապագան չի երևում, տեղի են ունենում իռացիոնալ գործընթացներ, որոնք առաջինը հարվածում են դատարկ լոզունգներ շրջանառության մեջ դնողներին:

Պայծառ կոմունիզմին սպասելիս

Սովետական միության ժամանակ համոզում էին, որ կոմունիզմ են կառուցում: Բոլշևիկների նպատակն, իհարկե, շատ ավելին էր, քան առանձին վերցրած մեկ պետության մեջ կոմունիզմ կառուցելը: Բոլշևիկյան առաջնորդների նպատակը համաշխարհային մակարդակով պրոլետարիատի հաղթանակն էր և մարքսիզմի տարածումը: Հենց որ շատ արագ համոզվեցին, որ դա միֆ է ու չի ստացվում, սկսեցին կոմունիզմ կառուցել առանձին վերցրած ՍՍՀՄ-ում: Բոլոր դժվարություններն ու դաժանություններն արդարացվում էին պայծառ կոմունիստական ապագայի կառուցման հեղափոխական նպատակահարմարությամբ:

Տոտալիտար կառավարման համակարգերի բնույթն է այդպիսին: Նրանք արդարացնում են այսօրվա դաժան կյանքը վաղվա պայծառ ապագայի կառուցման միֆով և հիմնավորում, որ պետք է ապագայի մեջ չտեղավորվողներից մաքրել այսօրը: Գնդակահարությունները, աքսորները և հետապնդումները հանուն վաղվա լավ օրվա են արվում:

Լենինից, Տրոցկուց և Ստալինից հետո արդեն ձնհալ սկսվեց ու մի փոքր թուլացավ բռնությամբ վաղվա լավ ապագա կառուցելու գործընթացը:

Ստալինի մահից ու պալատական խարդավանքներից հետո սովետական ղեկավար դարձած Խրյուշչովը նախանձում էր շվեդական սոցիալիզմին ու թաքուն երազում ամերիկյան առատության մասին (Անաստաս Միկոյանը ահագին լավ բաներ էր պատմել Խրյուշչովին իր ամերիկյան գուրծուղումից հետո): Նա ուզում էր ՍՍՀՄ-ը առաջ տանել «ցելինայով», «կուկուռուզով» և «խրյուշչովկա» անունը ստացած շենքերով: Բնականաբար դա չէր ստացվելու, բայց նպատակը դրված էր հասնել ու անցնել ԱՄՆ-ին ու լոզունգը փորձում էին կյանքի կոչել:

Խրյուշչովից հետո արդեն արագացավ ՍՍՀՄ փլուզման գործընթացը՝ մինչև այդ հասցնելով մտնել բրեժնևյան լճացման փուլ:

Սարգսյանն ու Արշակյանը VS Խրյուշչով

ՍՍՀՄ-ը փլուզվեց դատարկ լոզունգների և մասնավոր բիզնեսի բացակայության պատճառով: Ղեկավարների կողմից քարոզվող բլեֆը քանդեց այդ կայսրությունը՝ իրենց էլ հեռացնելով քաղաքական ասպարեզից:

Խրյուշչովը հավատում էր, որ կարելի է 7 տարում հասնել ու անցնել ԱՄՆ-ին և անցնելու ժամանակ թաթիկով ողջունել ամերիկացիներին:

Ի տարբերություն Խրյուշչովի՝ հետսովետական Հայաստանում քաղաքական վերնախավի ճնշող մեծամասնությունը չի հավատում իր քարոզած բլեֆներին, բայց փորձում է հավատացնել հանրությանը՝ «Էշ մի սատկի, գարուն կգա» ծրագրի շրջանակներում:

Ամենամեծ բլեֆչիներից մեկը տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանն էր, ով միջազգային կենտրոնների Հայաստան էր խոստանում կառուցել և այդ նպատակով նույնիսկ թանկարժեք ու չաշխատող բիոզուգարաններ գնեց ու գյուղացիներին Համաշխարհային բանկի վարկային միջոցներով կովի պտուկների հետ ճիշտ վարվելու դասախոսություններ կարդաց:

Տ. Սարգսյանը նաև չափելի խոստումներ էր տվել, որոնցից որևէ մեկը չկատարվեց, ավելի ճիշտ՝ կատարվեց, բայց հակառակ նշանով:

Ի վերջո, հասարակության համբերության բաժակը լցվեց և Տիգրան Սարգսյանը հեռացվեց վարչապետի պաշտոնից:

Նախագահ Սերժ Սարգսյանը դասեր քաղեց Տիգրան Սարգսյանի ասածներից, արածներից ու դրանց հետևանքներից և սկսեց տալ ոչ չափելի կամ էլ՝ հեռավոր ապագային վերաբերող խոստումներ:

2008-2018թթ. ՀՀ-ից հեռացել էին ավելի քան 400 հազար հայաստանցի և արտագաղթը լուրջ խնդիր էր հռչակվել: Հասկանալի է, որ երկրի ղեկավարությունը չէր կարող այդ թեմային չանդրադառնալ, բայց նաև կոնկրետ լուծումներ չկային: Ուստի որոշում կայացվեց, որ հայտարարվի, թե ՀՀ բնակչությունը դառնալու է 4 միլիոն ... 2040 թվին: Ինչպես ասում են՝ 2040-ին ով մեռնի, ով սաղ մնա: Կարևորն այն էր, որ 4 միլիոնը լավ էր հնչում, իսկ 2040-ը հեռացնում էր հաշվետվություն տալու պարտավորությունը:

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացների պատճառներից մեկն էլ այն բլեֆներն էին, որ տարիներ շարունակ մատուցվում են:

Հիմա եկել է նոր իշխանություն, բայց հին ավանդույթները շարունակվում են: Այսինքն՝ տրվում են վերացական խոստումներ, իսկ որոնք որ չափելիություն են պահանջում, վերաբերում են հեռավոր ժամանակներին:

Վերացականությունը վերաբերում է երջանկության ապահովմանը:

Ասում են, որ ՀՀ հպարտ քաղաքացիները արդեն իսկ ապրում են ազատ ու երջանիկ Հայաստանում: Ճիշտ է, մի փոքր խնդիրներ ու հարցեր են առաջացել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ ստացվում է, որ երջանիկ Հայաստանում 350 հազար մարդ ճռռում է, որպեսզի ապահովի 800 հազար թամբալ մարդու երջանկությունը, բայց կարևորը դա չէ:

Կարևորը «դուխով» պետք է լինել: Ու երջանիկ: Չէ՞ որ հպարտ քաղաքացիները կառավարում են ուղիղ դեմոկրատիայի միջոցով:

Ինչ վերաբերում է կոնկրետ թվերին ու չափելի խոստումներին, ապա ինչպես ասում են, հարիֆ չկա: Նոր կառավարությունը կոնկերտ ոչինչ չի խոստացել ծրագրով: Միակ կոնկրետությունը Ընտրական նոր օրենսգրքի ընդունմանն ու միայն դրանից հետո արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանն էր վերաբերում, բայց այն չիրագործվեց:

Թվերի մասով էլ ամեն ինչ նախկինի պես է, դեռ մի բան էլ՝ ավելի հեղափոխական:

Այսպես, ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, ում միջոցով փետրվարն այլևս 31 օր ունի և ով հանդիսանում է ՀՀ 1-ին փոխվարչապետի կնոջ սրտի նախարարը, պնդում է, որ ՀՀ բնակչությունը դառնալու է 5 միլիոն ... 2050 թվին:

Ինչպես նկատում եք, Սերժ Սարգսյանի ասած թվերի առումով հեղափոխական փոփոխություն կա: Նախորդ իշխանությունների խոստացածի համեմատ բնակչության քանակը 1 միլիոնով հիմա ավելի է խոստացվում, բայց, իհարկե, մեզանից պահանջում են 10 տարի ավելի սպասել, քան խոստանում էր Սարգսյանը, բայց դե նա էլ 1 միլիոնով քիչ էր ասում բնակչության թիվը:

Իհարկե, իդեալականն այն կլիներ, որ ժողովրդի նախարարը խոստանար 5 միլիոն բնակչություն, բայց 2040-ին, բայց դե կարևորը գաղափարն է: Պետք է հասնել և անցնել Խրյուշչովին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը