Մեկնաբանություն

08.11.2018 14:22


«Առաքելության» առաքելությունը

«Առաքելության» առաքելությունը

Դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները կանցնեն «դուխով»:

«Գըմփ-գըմփ-հո՛ւ»-երի պակաս չի լինելու: Արդյունքները նախապես հայտնի են: Հայտնի են հաղթողները, հայտնի են պարտվողները, հայտնի են նախնական «քցվածները», դեկտեմբերի 9-ից հետո հայտնի կլինեն նաև մյուս «քցվողները»:

Մի հարց է միայն անհայտ մնացել: Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել, որ ընտրություններին պետք է մասնակցել ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով, այլ «Իմ քայլը» դաշինքով: Միգուցե պատճառն այն է, որ ՔՊԿ-ում ֆորմալ ղեկավարը ոչ թե ինքն է, այլ Սասուն Միքայելյա՞նը: Կամ միգուցե պատճառն այն է, որ «Իմ քայլը», ժողովրդական լեզվով ասած, «ղսմաթով» է և հաջողությո՞ւն է բերել Նիկոլին:

Մի խոսքով, դժվար է ասել, թե ինչու է դաշինքով ուզում մասնակցել Փաշինյանը: Նրա այդ ցանկության համար գտնվել է հանրության լայն շրջանակներին (99,99 տոկոսին) անհայտ մի կուսակցություն, որի անունը «Առաքելություն» է: Ահա այդ կուսակցության հետ է դաշինք կազմում ՔՊԿ-ն, որպեսզի դառնա «Իմ քայլը»: Այսինքն՝ «Առաքելություն» կուսակցության առաքելությունը «Իմ քայլը» դաշինքի ձևավորման համար կուսակցական երկրորդ կնիք ապահովելն է, որպեսզի դաշինքներին ներկայացվող օրենսդրական ֆորմալ պահանջը բավարարվի:

ՀՀ հպարտ քաղաքացիները, բնականաբար, չեն էլ իմանալու, որ իրենք ձայնը տալիս են մի դաշինքի, որի մաս է կազմում մի կուսակցություն, որին չեն ճանաչում անգամ Նիկոլ Փաշինյանի մոլի երկրպագուները: Բայց դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ «Առաքելությունն» իր առաքելությունը կատարում է: Այդ կնիք-կուսակցությունը ապահովում է, որպեսզի քվեաթերթիկում գրվի «Իմ քայլը», այսինքն՝ որպեսզի գրվի Նիկոլ Փաշինյանի հորինած ոտանավորի (այն ՀՀ հիմնի բառերի վերածվելու հսկայական պոտենցիալ ունի) կամ հեղափոխական երգի բառերի վերնագիրը: Դե իսկ վերնագիրը արդեն հուշում է, թե ում պետք է ընտրել: Դե՛, Նիկոլ Փաշինյանին, էլի՛:

«Գըմփ-գըմփ-հո՛ւ»:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը