Աշխարհ

07.11.2018 17:22


Հրամանատարաշտաբային վարժանքներ Ադրբեջանում՝ արբանյակային միջոցների կիրառմամբ

Հրամանատարաշտաբային վարժանքներ Ադրբեջանում՝ արբանյակային միջոցների կիրառմամբ

Նոյեմբերի 12-ից Ադրբեջանում զորքերի օպերատիվ պատրաստության շրջանակներում մեկնարկելու են հրամանատարաշտաբային զորավարժություններ: Վարժանքները պլանային են: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

Հայտարարվում է, որ վարժանքների հիմնական նպատակն է տարբեր տեսակի ռազմական գործողությունների պայմաններում ստուգել և բարելավել ղեկավարման մարմինների փոխգործակցության մակարդակը:

Ներգրավվելու են ռազմավարական, օպերատիվ, օպերատիվ-մարտավարական և մարտավարական օղակների ղեկավարման մարմինները, զորատեսակներ և հատուկ նշանակության ուժեր:

Նշվում է, որ վարժանքների ընթացքում կիրառվելու են նորագույն՝ այդ թվում արբանյակային միջոցներ, փորձարկվելու են զորքերի անընդհատ ղեկավարման, փոխգործակցության, տվյալների փոխանցման և իրավիճակային արագ որոշումների կայացման ունակությունները:

Հատկանշական է, որ բանակի կողմից վարժանքներին արբանյակային միջոցների կիրառման մասին սա, գոնե հայտարարությունների մակարդակով, առաջին վկայությունն է:

Կարելի է ենթարդել, որ զորավարժությունը միտված է ստուգել զորքերի կառավարումը և գործողությունների վերահսկումը նոր միջոցների առկայությամբ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը այցելել էր Ադրբեջանի բանակի արբանյակային կապի ղեկավարման կենտրոն, ինչը նման կենտրոնի գոյության մասին պաշտոնական առաջին բաց վկայությունն էր:

Կենտրոնին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Հակված ենք կարծելու, որ Ադրբեջանի բանակում արբանյակային կապի ղեկավարման միջոցները նոր են, և ներդրվել են վերջին երկու ամսվա ընթացքում:

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը