Մեկնաբանություն

05.11.2018 22:41


Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

Ի՞նչ կա Ամուլսարի հանքից

ԱԺ-ում տեղի ունեցած վերջին «չընտրության» ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսական թեմաներին: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ոչ թե երկրի ընդերքը դուրս հանող ու խաղադրույք կատարող երկիր լինի, այլ բարձր տեխնոլոգիաները զարգացնի ու զարկ տա գյուղատնտեսությանը:

Առաջին հայացքից վատ չի հնչում: Նույնիսկ շատ լավ է հնչում: Բայց երբ հայտարարությունների մակարդակից տեղափոխվում ենք պրակտիկ դաշտ, հարցեր են առաջանում: Արժե՞ արդյոք տնտեսական քաղաքականության մեջ առաջնորդվել «Կամ-կամ»-ի սկզբունքով և արդյոք հանքարդյունաբերությունը չի՞ կարող լինել տեխնոլոգիական:

Ո՞վ է ասել, որ հանքարդյունաբերությունը «բոբո» է և դրանից պետք է ազատվել: Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում հանքարդյունաբերությունն իր հաստատուն տեղն ունի: Նույնիսկ քաղաքների անմիջական հարևանությամբ կամ դրանց մեջ են ընդերքի շահագործման բիզնես անում. ժամանակակից տեխնոլոգիաները նման հնարավորություն տալիս են:

Հանքարդյունաբերությունն ունի մուլտիպլիկատիվ էֆեկտի ամենաբարձր գործակիցներից մեկը և պետությունները չեն կարող հրաժարվել դրանից: Այլ հարց է, որ զուգահեռաբար նաև սահմանվում են բնապահպանական նորմատիվներ ու պահանջներ դրվում ինովացիոն քաղաքականության առումով:

Ոչ թե «կամ-կամ», այլ «և, և»

Տնտեսության մեջ պետք է լինի «և, և» սկզբունքը, այլ ոչ թե պատերազմ հայտարարվի մեր տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող ճյուղին: Փակել աշխատող համակարգը և զուտ թղթի վրա կառուցել գերժամանակակից տնտեսություն, նշանակում է ընկնել ուտոպիայի գիրկը, ինչը մեզ համար կարող է անդառնալի հետևանքների պատճառ դառնալ մեր երկրի անվտանգության ապահովման առումով:

Եթե բարձր տեխնոլոգիական տնտեսությամբ պետություն ասելով նկատի է առնվում «IT» ոլորտը, ապա հնարավոր չէ միայն դրանով կամ առավելապես դրանով երկրի ՀՆԱ-ի իրական աճ ապահովել: Պետք է տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիա լինի, ինչը նշանակում է և՛ «IT» ոլորտի, և՛ ծառայությունների, և՛ թեթև արդյունաբերության, և՛ սննդարդյունաբերության, և՛ հանքարդյունաբերության, և՛ շինարարության, և՛ խաղատնային բիզնեսի, և՛ գյուղատնտեսության ու մյուս ոլորտների զարգացում:

Պետության խնդիրը պետք է լինի օրենսդրաիրավական բազայի ստեղծումը կամ եղածի բարելավումը, խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության իրականացումը (բայց այնպես, որ նորմայից շեղվող ինֆլյացիոն դաշտում չհայտնվենք), վարչարարության կատարելագործումը և պետական կառավարման ոլորտում կոռուպցիոն երևույթների շարունակական նվազեցումը, ստանդարտների սահմանումը, ներդրումային միջավայրի բարելավումը, սեփականության պաշտպանության ինստիտուցիոնալ մեխանիզմների հետևողական կիրառումը:

Ամուլսարի մասին

Այդքան շատ խոսվող Ամուլսարի հանքի օրինակով կարելի է ցույց տալ, թե ինչպիսին չպետք է լինի պետության տնտեսական քաղաքականությունը:

Եթե խոսվում է տեխնոլոգիական տնտեսություն ունենալու մասին, ապա միջազգային ինվեստորները Ամուլսարում կիրառում են ամենավերջին տեխնոլոգիաները: Եթե կան ջրային խնդիրներ, ապա պարզ է, որ հանքը չպետք է շահագործվի: Իսկ եթե ջրային խնդիրները չկան, բայց կառավարությունը, ինչ-ինչ պատճառներից ելնելով, չի փորձում օրինական դաշտ տեղափոխել հանքի շուրջ տիրող զարգացումները, ապա ավելի մեծ հարված մեր երկրի իմիջին ու ներդրումային միջավայրին հնարավոր չէր պատկերացնել:

«Լիդիան Արմենիայի» ղեկավարությունը ահազանգում է, որ ամեն օր իրենք հսկայական գումարներ են կորցնում, համախառն կրճատվել է 1.200 աշխատակից և ընկերությունը կանգնած է լուրջ խնդիրների առաջ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմից ձայն չկա:

Խոսվում էր այն մասին, որ միջազգային փորձագետներ են հրավիրելու: Փորձագետները եկել են, բայց հանրությունը տեղյակ չէ, թե ի՞նչ ընթացքի մեջ է փորձաքննությունը, ովքե՞ր ու ինչքա՞ն են վճարելու փորձագետներին և ամենակարևորը՝ ի՞նչ է լինելու փորձագիտական եզրակացությունից հետո:

Եթե ասվի, որ Սևանա լճի ու Ջերմուկի հարակից ջրերի հետ խնդիրներ չկան, ճանապարհները կրկին փա՞կ են պահվելու: Փողոց փակե՞լն է դառնալու մեր երկրի բրենդը: Համաձայնե՛ք, որ բիզնեսմենի համար դա այնքան էլ դուրեկան բրենդ չէ:

Ուշագրավ մեկ հանգամանք: Ալավերդու պղնձաձուլարանի շուրջ 600 աշխատակից փակեց փողոցն ու բողոքեց գործարանի փակման պատճառով (գործարանը փակվել էր, քանի որ Բնապահպանական տեսչությունը գործարանի կողմից բնապահպանական նորմերը զգալիորեն խախտելու համար տուգանք էր նշանակել և պնդել, որ պետք է բնապահպանական նորմերը պահպանվեն, իսկ գործարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ տվյալ պահին դա անհնար է ու իրենք ավելի շուտ կփակվեն, քան կկատարեն տեսչության պահանջները):

Փողոցը փակելուց երկու օր անց կառավարությունն արձագանքեց և թույլ տվեց գործարանի աշխատանքը:

Վատ է, որ պղնձաձուլարանը կեղտոտում է միջավայրը, բայց լավ է, որ աշխատողների շահերից ելնելով կառավարությունը թույլ տվեց ձուլարանի աշխատանքների շարունակումը մինչև որ նոր լուծում գտնվի: Ուշագրավն այս պատմության մեջ այն է, որ Ալավերդիում բնություն է աղտոտվում, բայց բնապահպանական պայքար չկա, իսկ ահա Ամուլսարի հանքում ամեն ինչ ստանդարտների մեջ է և կրճատվել է 1.200 աշխատակից, բայց ցուցարարները 24-ժամյա ռեժիմով հերթապահում են չաշխատող հանքի ճանապարհների մոտ և կառավարությունն էլ հանքի աշխատողների շահերը չի պաշտպանում այնպես, ինչպես Ալավերդիում արեց:

Այս ամենը բոլորը տեսնում են: Տեսնում ու եզրահանգումներ են անում: Ինչպես ասում են՝ հարիֆ չկա:

Բոլորի համար էլ պարզ է դառնում, որ եթե Ամուլսարում բնապահպանական հարց կա, ապա այն վերջին տեղում է: Իսկ ի՞նչը կամ ո՞վ է խանգարում կառավարությանը Ամուլսարի հանքի պահով որոշում կայացնել: Հարցը մի կողմից հռետորական է, բայց մյուս կողմից էլ կոնկրետ պատասխան է պահանջում գործադիր մարմնից:

Ի վերջո, պե՞տք է հանգուցալուծվի խնդիրը, թե՞ ոչ: 4 ամիս չաշխատող հիմնարկի, դրա կրճատված ու կրճատվելիք աշխատողների, բազմաթիվ ներքին ու արտաքին կապալառուների համար պետք է որոշակիություն լինի:

«Թողնենք, թող ԱԺ արտահերթ ընտրություններն անցնեն, հետո կերևա» տարբերակը վտանգավոր է: Չի բացառվում, որ հետո արդեն ուշ լինի: Ուշ ոչ միայն ու ոչ այնքան հանքը շահագործել պատրաստվողների, այլ մեր տնտեսության համար:

Սպասումները շատ կարևոր են տնտեսության համար: Կախված այն բանից, թե ինչպիսին են այդ սպասումները (ռացիոնա՞լ, թե՞ իռացիոնալ), կանխորոշվում է ապագա տնտեսության վիճակը:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ի դեպ, երբ խոսվում է ներառական տնտեսական համակարգ ձևավորելու մասին, ապա «Լիդիան Արմենիան» պետք է կառավարության կողմից ներկայացվեր որպես օրինակելի, քանզի ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր խնայողություններով կարող է մասնակցել ընկերության կառավարմանը, հետագայում ստանալ դիվիդենտներ:

Ավելի ներառական մոդել մարդկությունը դեռ չի ստեղծել, քան բաժնետոմսերի վաճառքի միջոցով հանրության տարբեր շերտերին սեփականատեր դարձնելը: Մինչդեռ ներառական կառավարման համակարգ ունեցող այդ ընկերությունն այսօր Հայաստանում անկյուն է քշված:

Իսկ միգուցե սեփականության վերաբաշխման հա՞րց կա:

Այս խորագրի վերջին նյութերը