Մեկնաբանություն

05.11.2018 13:30


Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Կպահպանի՞ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը

Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի կունենա ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկը նոր քարտուղարի ընտրությունն է։

Հայաստանում ներքին քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեց ու նրան կալանավորելու որոշում կայացրեց:

Նորանշանակ վարչապետը, ամենայն հավանականությամբ, չէր հաշվել ու չէր հասկացել Խաչատուրովին կալանավորելու որոշման միջազգային արձագանքների ու Հայաստանի վրա դրանց ազդեցության հետևանքները: Եթե հասկանար, հազիվ թե նման բան աներ՝ թեկուզև հետհեղափոխական էյֆորիայի ու նախկինում արված հայտարարությունների գերին լինելու դեպքում:

Հիմա Հայաստանը կարող է կորցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը և սպասել իր հերթին, որը կգա 2033 թվականին:

ՀԱՊԿ-ում նմանատիպ ֆորսմաժորային իրավիճակ նախատեսված չի եղել ու կանոնակարգը հարցի լուծում չի նախատեսում: Դա նշանակում է, որ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է անդամ երկրների ղեկավարների որոշմամբ: Բացի ՌԴ-ից մյուսները հայտարարել են՝ դեմ են, որպեսզի այդ պաշտոնը կրկին մնա Հայաստանին մինչև այն ժամկետի ավարտը, որը նախատեսված էր մեր երկրի համար:

ՌԴ նախագահ Պուտինը դեռ պաշտոնապես չի հայտնել իր տեսակետը, բայց Ռուսաստանն ամեն կերպ ցույց է տվել, որ դատապարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ տեղի ունեցածը, քանի որ դա հարվածել է այդ կառույցի միջազգային իմիջին:

Խոսվում է այն մասին, որ լինելու է կոնսենսուսային լուծում, բայց ակնհայտ է, որ հիմա ՀԱՊԿ-ում «կոնսենսուս-1» է, այսինքն՝ բացի Հայաստանից, բոլորը դեմ են, որպեսզի Խաչատուրովի փոխարեն ՀՀ մեկ այլ ներկայացուցիչ դառնա գլխավոր քարտուղար:

Ռուսական «Կոմերսանտը» նյութ է հրապարակել, ըստ որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար ռոտացիոն ու այբբենական կարգով կդառնա Բելառուսի ներկայացուցիչը: Սա լուրջ հարված կլինի Նիկոլ Փաշինյանի համար, քանզի նա հայտարարել է, որ պահելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ՀՀ-ի համար:

Եթե Փաշինյանը չկարողացավ կատարել խոստումը, ապա դա կլինի միջազգային ասպարեզում նրա և, հետևաբար, նաև ՀՀ-ի լուրջ ձախողումը:

Սպասենք նոյեմբերի 8-ին:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Ուշագրավ է, որ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀ-ն պահելու է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Խաչատուրովից հետո, բայց մեր երկիրը դեռ որևէ մեկի անունը պաշտոնապես ու անգամ ոչ պաշտոնապես չի դրել շրջանառության մեջ որպես Խաչատուրովին փոխարինող: Դա նշանակում է, որ Փաշինյանը չի հավատում, որ կարողանալու է պահել պոստը:

Այս խորագրի վերջին նյութերը