Մեկնաբանություն

05.11.2018 11:30


Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը

Ինչո՞ւ լուծարվեց «Ելք» դաշինքը

Ինչպես և սպասվում էր, «Ելք» դաշինքը, որի բաղկացուցիչներից էին «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը» և «Քաղաքացիական պայմանագիրը», պառակտվեց և լուծարվեց: Այդ առումով դաշինքը կրկնեց հայաստանյան քաղաքական դաշտի բոլոր քաղաքական դաշինքների ճակատագիրը:

«Ելք» դաշինքն ինչպես արհեստականորեն ստեղծվել էր քաղաքական այլ իրավիճակում, այնպես էլ քաղաքական իրավիճակի փոփոխության արդյունքում բնականորեն լուծարվեց:

«Ելքի» ստեղծումը

Դաշինքը մեկ տարի առաջ ձևավորվեց շատ արագ ու շատ անսպասելիորեն: Մինչև այդ «Լուսավոր Հայաստանը» ղեկավարող Էդմոն Մարուքյանը և «Քաղաքացիական պայմանագրի» փաստացի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ միմյանց մեղադրում էին Սերժ Սարգսյանի իշխանությանը ծախված լինելու մեջ: Երկուսն էլ լուրջ հիմնավորումներ էին ներկայացնում իրենց մեղադրանքներն ապացուցելու համար: Ամեն մեկը մյուսին համարում էր ՀՀԿ ղեկավարի կամ նրա փեսայի հաճախորդը:

Մարուքյանի ու Փաշինյանի հրապարակային «փոխհրաձգությունը» գագաթնակետին հասավ 2016թ. Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ. կողմերը միմյանց արդեն հայհոյում էին:

Եվ ահա այդ ամենից հետո նրանք շատ արագ «մոռացան» իրար հասցեին հնչեցրած հայհոյանքներն ու մեղադրանքները և դաշինք կնքեցին՝ մինչև այդ հասցնելով հավաքվել սերժսարգսյանական իշխանության ներկայացուցիչներից մեկի տանը ու սելֆի անել:

Փաշինյանին ու Մարուքյանին միացվեց Արամ Զավենի Սարգսյանը և ստեղծվեց «Ելք» դաշինքը, որը հայտարարեց, որ 2017-ի խորհրդարան են գնում՝ ապագայում մեկ կուսակցություն դառնալու նպատակով:

«Ելք» դաշինքն ակնհայտորեն ստեղծվեց արտաքին մոդեռատորի «անտեսանելի» ձեռքի օգնությամբ: Դաշինքում բրոքերի ֆունկցիան Էդմոն Մարուքյանի վրա էր: Արամ Սարգսյանի ներկայությունը պայմանավորված էր Բ26-ի հավատարիմ հաճախորդ լինելու հանգամանքով: Դե իսկ Փաշինյանին դաշինք էին բերել, որպեսզի քաղաքական այդ նախագծին «շուխուռչի» տեսք տային: Բոլորն էլ գիտեին, թե ինչն ինչոց է, ում նախագիծն է սա և ինչ նպատակով են իրենք տարվում խորհրդարան:

«Ելքի» մուտքը

Արագ ու անսպասելիորեն ձևավորված այդ արհեստական դաշինքը նույնքան անսպասելիորեն հաղթահարեց անցողիկ շեմն ու հայտնվեց ԱԺ-ում: Այստեղ էլ էր նկատվում արտաքին մոդեռատորի ձեռքը:

«Ելք»-ը կշարունակեր իր «կառուցողական-արևմտամետ» աշխատանքը Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, Ռուսաստանի դեմ ելույթներ կունենար ու քայլեր կձեռնարկեր ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի դեմ, որպեսզի այդ ելույթների ու քայլերի ֆոնին Սերժ Սարգսյանը Կրեմլի համար ցանկալի ֆիգուր մնար, եթե դաշինքի մի մասը դուրս չգար վերահսկողությունից ու մոդեռատորի համար նույնքան անսպասելիորեն տեղի չունենար «թավիշը»:

«Ելքի» վախճանը

Իշխանափոխությունից հետո Փաշինյանին արդեն պետք չէին նրանք, ում միջոցով ՔՊԿ-ն հայտնվել էր խորհրդարանում: Հատկապես, որ Մարուքյանն ու Սարգսյանը մինչև վերջ հավատարիմ մնացին արտաքին մոդեռատորին ու չմիացան Փաշինյանի քայլերթին՝ վերջինիս ազատելով իրենց հանդեպ բարոյական պարտավորվածությունից:

«Ելք»-ում հավաքվածներին ժամանակին միավորել էին ոչ թե ընդհանուր գաղափարն ու սկզբունքները, այլ խորհրդարանում հայտնվելու հեռանկարը: Ու քանի որ արտաքին մոդեռատորը տվել էր համապատասխան երաշխիքներ, ուստի բոլորը հաշտ էին ու համերաշխ: Իշխանափոխությունից, այսինքն՝ արտաքին մոդեռատորի պարտությունից հետո «Ելք»-ից մնացին փլատակներ, ինչը կանխատեսելի էր:

Երևանի ավագանու ընտրություններին «Ելք»-ի փլատակների վրա ստեղծվեցին իշխանափոխությունից «քցվածների» մի նոր դաշինք՝ «Լույսը», ինչպես նաև՝ իշխանության եկածների «Իմ քայլը» դաշինքը:

«Լույսը» ավելի շատ իներցիայի և անելանելիության հետևանք էր, քանի որ Փաշինյանը չէր վերցրել իր նախկին գործընկերներին:

«Լույսը» հայտնվեց մայրաքաղաքի ավագանիում, բայց զրոյական ազդեցություն է ունենալու որոշումների կայացման վրա ու ժամանակի ընթացքում կտարալուծվի «Իմ քայլի» մեջ:

Արամ Սարգսյանը և Էդմոն Մարուքյանը հայտարարել են, որ առանձին են մասնակցելու դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մարուքյանն առաջարկել է միասնական ցուցակով գնալ, բայց ոչ թե դաշինքի, այլ կուսակցության անվան տակ, քանզի ունի մտավախություն, որ չեն կարողանա հաղթահարել Ընտրական չփոխված օրենսգրքով դաշինքների համար նախատեսված 7-տոկոսանոց արգելքը և պետք է պայքարել կուսակցությունների համար սահմանված 5 տոկոսի համար: Ա. Սարգսյանը չի համաձայնել այդ տեսակետին ու «Լույսը» լուծարվել է:

Թե ինչ է սպասվում «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետությանը» ընտրությունների արդյունքում, դժվար չէ կռահել: Մենք այս պահին չենք ասի՝ այդ կուսակցությունների ներկայացուցիչների տրամադրությունը չգցելու նպատակով:

Եվ այսպես, «Ելք»-ի օրինակով վերահաստատվեց այն բանաձևը, ըստ որի՝ ամեն մի արհեստական բան բնականորեն վերանում է շատ կարճ ժամանակահատվածում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը