Քաղաքական

03.11.2018 17:59


Ով էր Սիլվա Համբարձումյանը մինչև թավշյա հեղափոխությունը... Hetq.am

Ով էր Սիլվա Համբարձումյանը մինչև թավշյա հեղափոխությունը... Hetq.am

ՄԱՍ I

Արդեն մի քանի ամիս է, ինչ ԶԼՄ-ներով, գրեթե ամենօրյա ռեժիմով՝ գովազդային հոլովակի նման, տարածվում է Սիլվա Համբարձումյանի միևնույն բովանդակությամբ, վաղուց արդեն ձանձրալի դարձած հայտարարությունը:

Սիլվա Համբարձումյանի անձին և նրա հայտարարությանն անդրադառնալու առիթ է հանդիսանում, վերջինս ենթադրյալ տնտեսական գործունեության անբաժանելի մաս կազմող կոռուպցիոն գործերից մեկով ակամա մեղադրյալի կարգավիճակ ստացած և արդարացված տիկին Դիլանյանի անունը շահարկելը և Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ տիկին Դիլանյանը Ս. Համբարձումյանի հետ կապված քրեական գործով, իբր, «սուտ ցուցմունք» է տվել:

Ինքներդ պարզեք, թե որտեղ է սուտը և որտեղ է ճշմարտությունը:

Ս. Համբարձումյանի հետ որևէ առնչություն չունեցող, շուրջ 25 տարի Արաբական Միացյալ էմիրություններում բնակվող տիկին Դիլանյանը ընտանիք ունի, մտերիմներ և, ինչպես սփյուռքում բնակվող այլ հայեր, ամեն օր հետևում են հայաստանյան նորություններին, ուրախանում ձեռքբերումներով, բայց միևնույն ժամանակ վրդովվում և տարակուսում են, որ՝ ԱՄէ-ում հարուցված խարդախության (իրենց բառերով՝ 40 մլն ԱՄՆ դոլար քցելու) գործով հետախուզվող Սիլվա Համբարձումյանը, «թավշյա հեղափոխության ծիծեռնակի» դերը ստանձնած, ամեն օր, անմեղ հայացքով «ավետում» է իր կոռուպցիոն գործարքների մասին, իրեն իրավունք է վերապահում Հայաստանի տնտեսական զարգացման հետ կապված ուղերձներ հղել նոր կառավարությանը և գնահատականներ տալ պարոն Փաշինյանի կողմից կատարվող այս կամ այն նշանակումներին, և չկա մեկը, որ այդ տիկնոջն իր տեղը ցույց տա:

Որպես տիկին Դիլանյանի ներկայացուցիչ՝ նրա խնդրանքով կներկայացնեմ փաստեր, որոնք լույս կսփռեն Ս. Համբարձումյանի հայտարարության և նրա գործունեության վրա:

Անկեղծ ասած, ինձ համար էլ, որպես թավշյա հեղափոխության մասնակցի, հասկանալի, սակայն անընդունելի է Սիլվա Համբարձումյանի այդ ակտիվությունը: Հասկանալի է այնքանով, որ նա ամռանը հայտարարեց, որ ցանկանում է ՔՊ-ին անդամակցել, քաղաքականության մեջ մտնել, սակայն ինքն էլ գիտի, որ դա անհեթեթություն է: Իսկ անընդունելի է այնքանով, որ Ս. Համբարձումյանի հետ բացառապես սկանդալին դեպքեր են կապված և իմ ունեցած տեղեկություններով, նա ոչ´ հեղափոխության, ոչ´ Հայաստանի տնտեսության զարգացման հետ որևէ առնչություն չունի, մասնավորապես դրական դերակատարում չունի:

Անդրադառնամ Ս. Համբարձումյանի հայտարարություններին:

Այնքան կարևոր չէ, թե ինչ է ասվում, որքան` թե ով է ասում

Նախ Սիլվա Համբարձումյանի կողմից հիշատակվող քրեական գործով միակ անարժահավատ ցուցմունք տվող անձը հենց Ս. Համբարձումյանն է, մասնավորապես, «Ա. Դիլանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու՝ Սուրեն Միքայելի Ավագյանի,… Սիլվա Համբարձումյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» քննիչի 06.02.2017թ. որոշմամբ արձանագրված է, որ՝ «Ս. Համբարձումյանը ողջ նախաքննության ընթացքում տվել է հակասական ցուցմունքներ ունեցած պայմանավորվածության, կաշառքի դիմաց ձեռք բերված ուսումնասիրության հատուկ լիցենզիաների քանակի, դրանք ձեռք բերելու հերթականության, կոնկրետ ընկերությանը պատկանելու աճուրդների մասնակցության և այլ հանգամանքների վերաբերյալ», «…ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ արժողությամբ հանքերևակման լիցենզիաների համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար ծախսելը անտրամաբանական է»:

Այո, «կաշառքի գործ»-ը ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին է, ոչ թե՝ 8 կամ 14 մլն ԱՄՆ դոլարի մասին: Հավանաբար Ս. Համբարձումյանն այս մասին «մոռացել» է:

Ընդհանրապես այդ գործի սցենարում, մասնավորապես՝ Ս. Համբարձումյանի ցուցմունքներում կարմիր թելով անցում է նոր ժամանակների թևավոր խոսքերը՝ «հիշեցի», վերհիշեցի «կամավոր, օրենքի տառին համապատասխան»:

Այսպես, Ս. Համբարձումյանի կողմից նշված «կաշառքի գործով», ըստ Ս. Համբարձումյանի, նախ «դեպքից» 7 տարի 7 ամիս անց «հիշել» է 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին և 2015թ. սեպտեմբերի 02-ին, «կամավոր», 8 մլն ԱՄՆ դոլար կաշառք տալու մասին «օրենքի տառին համապատասխան» հաղորդում է ներկայացրել կոռուպցիոն համակարգին սպասարկող մարմնին՝ ոստիկանությանը: Որպես կանոն, քրեական գործի հարուցումը պետք է մերժվեր:

Սակայն ինքներդ կհամոզվեք, որ Ս. Համբարձումյանի բոլոր գործողությունները նախօրոք մանրամասն ծրագրավորված են և համաձայնեցված են՝ սցենարը հաստատված է, դա կոռումպացված համակարգում կանոն է յուրայինների համար: Ս. Համբարձումյանը հենց երեկ էլ իր ասուլիսում հայտարարել է, որ 1990-ական թվականներից այդ համակարգում իրեն լավ է զգացել:

Այսպիսով, հարուցվում է քրեական գործ և քննության 8-րդ ամսում Ս. Համբարձումյանը «հիշել» է, որ նույն հարցով նույն անձին ևս 6 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել:

Մեկ տարի քննություն է իրականացվում, և հանկարծ Ս. Համբարձումյանը «հիշում» է, որ այդ հարցով ևս 1 մլրդ ՀՀ դրամ կաշառք է տվել:

Վերջին ժամանակների ժանրերից քաջատեղյակ ենք, որ «հիշելու»-ն ինչ-որ ցնցող դեպք պետք է նախորդած լիներ, ասենք՝ «ԱԱԾ-ն շնորհքով ներխուժի», բայց այդ ժամանակ ԱԱԾ-ն այլ գործառույթներով էր զբաղված: Տվյալ դեպքում՝ 40 մլն ԱՄՆ դոլարի խարդախության փաստով ՄԱԷ-ում (Էմիրաթներում) քրեական գործի հարուցումն է առիթ հանդիսացել, որ Ս. Համբարձումյանը «հիշի» և դիմի ՀՀ իրավապահներին, նրանք էլ քրեական գործ հարուցեն, որպեսզի նախ ցույց տան, որ Ս. Համբարձումյանը կարծես այդ գործով տուժող է, բացի այդ՝ Ս. Համբարձումյանի հետ միասին փորձեն «հիշելով» ծախսերի հաշվարկները նկարեն, որ Ս. Համբարձումյանը ՄԱԷ-ի իրավապահների մոտ չշփոթվի, բայց 40 մլն ԱՄՆ դոլարի չափով կաշառքի մասին արձանագրելը չափից ավելի անհավանական կլիներ, քանի որ այլ հանգամանքներ կան: Այդ իսկ պատճառով գործը սկսվեց 8 մլն ԱՄՆ դոլարից:

Այդ քրեական գործը կարճվեց 06.02.2017թ.-ին, սակայն Ս. Համբարձումյանի 40 մլն ԱՄՆ դոլարի հաշվարկը կասեցված մնաց և միայն վերջերս, Մարտի 1-ի գործով, կարծես վերջնահաշվարկ իրականացվեց: Մասնավորապես, եթե շրջանառվող լուրերը, այդ թվում՝ Ս. Համբարձումյանի հայտարարությունները, հավաստի են, ապա՝ մոտ մեկ ամիս առաջ, մեկ այլ քրեական գործով (Մարտի 1-ի գործով) տված ցուցմունքով, կարծես, Ս. Համբարձումյանի 40 մլն ԱՄՆ դոլարի հաշվարկը ավարտին հասցվեց, ամբողջական տեղեկատվությունը ներկայացվեց ՀՔԾ-ին և մեր հանրությանը: Այսինքն գալիս ենք մինչհեղափոխական ժամանակների անբեկանելի այն ճշմարտությանը, որ՝ «թղթերով ամեն ինչ ճիշտ է», այն է՝ Ս.Համբարձումյանի ցուցմունքներով, 40 մլն ԱՄՆ դոլարի հարցը Հայաստանում փակված է, բայց ՄԱԷ-ում հարուցված 40 մլն ԱՄՆ դոլարի գործը փակված չէ, քանի որ այնտեղ խաղի ավելի պարզ կանոններ են գործում՝ պետք է վերադարձնեն այդ գումարները և վերջ:

Իսկ ի՞նչ 40 մլն ԱՄՆ դոլարի մասին է խոսքը, դա ինչ կապ ու՞նի Ս. Համբարձումյանի հայտարարությունների, «կաշառքի գործի» հետ, արդյոք իրականում դա «կաշառքի գործ» է, թե՝ «կաշառքի գործ»-ի շղարշով քողարկված «խարդախության գործ»:

Այս պատմություն մութ կողմը հենց այդ 40 մլն ԱՄՆ դոլարի գործարքն է և դրանից ձերբազատվելու համար պետք է ապացուցվի, որ Ս. Համբարձումյանն ի սկզբանե այդ գումարները հափշտակելու նպատակ չի ունեցել, այդ գումարները կաշառք է տվել և/կամ պարտքով է տվել, ու չեն վերադարձրել և այլն, մի խոսքով այնպես է ստացվել, որ Ս. Համբարձումյանը բարի, գործարար նպատակներ է ունեցել, բայց ստացվել է այնպես, ինչպես որ ստացվել է, մի խոսքով՝ հետ վերադարձնելու գումար չկա:

40 մլն ԱՄՆ դոլարն (մոտ 146.480.000 ՄԱԷ դիրխամ) այն գումարն է, որի դիմաց ոմն շեյխի կամ նրան պատկանող «ՌԱԿ ՄԻՆԵՐԱԼԶ ԸՆԴ ՄԵԹԱԼԶ» ընկերությանը 2008թ.-ին Ս. Համբարձումյանն օտարել է «Թի ԷՍ ԷՍ ՍԻ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության բաժնեմասերը, իսկ ընկերության ակտիվները, այն է՝ բաժնեմասերի արժեքը, ըստ «կաշառքի գործ»-ով նյութերի կազմել է ընդամենը մի քանի տասնյակ միլիոն ՀՀ դրամ, ասենք, կլորացված՝ 100.000.000 ՀՀ դրամ:

Այդ 100.000.000 ՀՀ դրամը, ոչ թե հանքերի շահագործման թույլտվության վճարն է, այլ՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված հանքերևակման (ուսումնասիրության) թույլտվության համար վճարված գումարների, դրանց ձեռքբերման հետ կապված բոլոր ծախսերի հանրագումարն է:

Ս. Համբարձումյանը պնդում է, որ հենց այդ թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ բնապահպանության նախարարին, ինչն, իրոք, անտրամաբանական է, քանի որ՝ ուսումնասիրության թույլտվությունը ընկերության համար ընդամենը նորանոր ծախսեր կատարելու մի անկանխատեսելի գործընթացի սկիզբն է: Մասնավորապես, ուսումնասիրություններն իրականացնելու կապակցությամբ ընկերությունը պետք է վարձակալության իրավունքով տիրապետի մոտ 13500 հա տարածք, որի դիմաց տարեկան մոտ 50.000.000 դրամ վարձավճար պետք է վճարի: Այնուհետև, պետք է խոշոր գումարներ ծախսվի պաշարներ հայտնաբերելու և հաստատելու ուղղությամբ, եթե՝ առկա լինեն: Այդ ամենից հետո միայն ընկերությունը պետք է մասնակցի հանքերի շահագործման թույլտվության մրցույթին՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում և եթե հաղթի, ապա կստանա հանքերի շահագործման թույլտվություն:

Հարց է ծագում, եթե հանքերևակման համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք է տվել, իսկ հանքերի շահագործման թույլտվության համար որքան կաշառք պետք է տար, չէ որ իրական նպատակը՝ հանքի շահագործումն է, ոչ թե իր միջոցների հաշվին ուսումնասիրություն իրականացնելը, որի արդյունքում կարող էր պարզվել, որևէ պաշար կամ բավարար պաշարներ չկան, և ծախսված գումար կհամարվեին, որպես վնաս:

Այսինքն՝ ուսումնասիրության թույլտվության համար ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար կաշառք պահանջելու և/կամ տալու հարցում բացակայում է տրամաբանությունը:

Այսինքն՝ Ս. Համբարձումյանը 40 մլն ԱՄն դոլար ստացել է հանքերի շահագործման դիմաց, սակայն գործարքով տրամադրել ընդամենը՝ հանքերևակման (ուսումնասիրության) թույլտվությունը և բարի մաղթանքներ, տարիներ շարունակ գնորդներին խոստումներ է հրամցրել, և ի վերջո մի օր այդ փուչիկը պայթել է: Սա գործարարի վարքագիծ չէ:

Վերը ներկայացված պայմաններում էլ տեղի է ունեցել առեղծվածային գործարքը՝ 100.000.000 դրամ պայմանական արժեքով բաժնեմասերն Ս. Համբարձումյանն օտարել է 146.480.000 դիրխամին համարժեք 40 մլն ԱՄՆ դոլարով: Եթե դրամն ու դիրխամը համարժեք դրամական միավորներ լինեին կամ Ս. Համբարձումյանն իր ծախսերը սխալմամբ դրամի փոխարեն դիրխամով ներկայացրած լիներ գնորդին, ապա ինչ-որ տեղ տրամաբանություն կլիներ, որ ինքնարժեքից 50% ավել արժեքով գործարք է տեղի ունեցել:

Վստահ եմ, որ հարցը շփոթության և/կամ հաշվարկների մեջ չէ, իսկ այդ գործարքի առեղծվածի պատասխանը պետք է տա Ս. Համբարձումյանը, ով լռում է այդ գործարքի մասին:

Ի դեպ ավելի քան 17 մլն ԱՄՆ դոլար «կաշառքի գործ»-ի շրջանակներում, ձեռքի հետ, Ս. Համբարձումյանը ցուցմունք է տվել նաև այն մասին, որ այդ գործի հետ առնչվող Ս. Ավագյանը, իբր, ամսական 5%-ով 50.000 $ է իրեն տվել, չմոռանալով նշել, որ տոկոսն ու գումարը վերադարձրել է, սակայն այդպիսով կասկածի տակ է դրել իր մուլտիմիլիոնատեր լինելու և մեծահարուստներով շրջապատված լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ միլիոնավոր դոլարներ ունենալու և կաշառք տալու հանգամանքը:

ՄԱՍ II

Ս. Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ՝

  • ինքը, որպես կաշառքի գումար 8 մլն ԱՄՆ դոլար է փոխանցել տիկին Դիլանյանի հաշվեհամարին, այդ փոխանցման փաստաթղթի լուսապատճենն է իր մոտ, բնօրինակը կստանա ու կներկայացնի. ուղղակի անհեթեթություն է: Մասնավորապես,

ա/ նախ Ս. Համբարձումյանը նման գումար չի ունեցել, եթե ունեցել է, ապա գոնե իր բանկային հաշվից քաղվածք թող ներկայացնի 8 մլն ԱՄՆ դոլար գումարի առկայության մասին.

բ/ Ս. Համբարձումյանը տիկին Դիլանյանին նման գումար չի փոխանցել.

գ/ Ս. Համբարձումյանը 2008թ. փետրվարի սկզբին գտնվել է Հայաստանում և եթե անգամ կանխիկ ունեցել է 8 մլն ԱՄՆ դոլար, և դա պետք է որպես կաշառք փոխանցվեր Հայաստանում գտնվող իր նշած անձին, ապա ինչ տրամաբանությամբ է այդ գումարը փոխանցվել ԱՄԷ, այնուհետև փոխանցվել կամ բերվել Հայաստան, ինչու այդ գումարը իր ցուցմունքներում նշված մնացած 6 մլն ԱՄՆ դոլարի և 1 մլրդ դրամի նման առձեռն չի տրվել Հայաստանում: Որտեղ է տրամաբանությունը:

  • «Կաշառքի գործի» վարույթը կասեցվել է երկու անգամ, և ինքն անտեղյակ է եղել այդ մասին, «կաշառքի գործ»-ով քննիչը փոխվել է:

Բացահայտ սուտ է: Մասնավորապես.

ա/ Նախ այդ գործով քննիչը մշտապես եղել է իր կողմից նշված Դ. Կոստանդյանը, ով 3 անգամ գործն իր վարույթ է ընդունել և քննություն իրականացրել:

բ/ Այդ գործով քննիչի 06.02.2017թ. որոշմամբ գործի վարույթը ոչ թե կասեցվել է, ինչպես ինքն է սովորաբար ներկայացնում, այլ կարճվել է, ինչի մասին իր հարցազրույցներից մեկում ուղղակի հայտնեց, բայց երևի թե այդպիսով շեղվեց իր սովորական տեքստից:

Ս. Համբարձումյանը ներկայացնում է, որ գործն, իբր, կասեցված է, որպեսզի տպավորություն ստեղծի, որ երբևէ գործի ավարտ՝ կարճման որոշում, չի եղել, դրա մասին տեղյակ չէ:

Ս. Համբարձումյանը տիրապետում է գործի կասեցման և կարճման առանձնահատկություններին: Մասնավորապես, Ս. Համբարձումյանը ՀՀ գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել գործի վարույթը կարճելու մասին քննիչի 06.02.2017թ. որոշման դեմ: Այդ բողոքը մերժվել է: Ս. Համբարձումյանը դատական պաշտպանության իրավունքից չի օգտվել՝ դատարան բողոք չի ներկայացրել:

գ/ 28.11.2017 թ. ՀՀ գլխավոր դատախազությանում որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին՝ այն հիմնավորմամբ, որ ստացվել են նախաքննության ընթացքում քննիչի կողմից ՄԱԷ-ի իշխանություններին կատարված հարցման պատասխանները: ՀՔԾ-ում ավագ քննիչ Դ. Կոստանդյանը կրկին քննություն է իրականացրել և հարցաքննվել են Վ. Մարտիրոսյանը, Գ. Կարապետյանը և այլն:

Հարկ է արձանագրել, որ քրեական գործը հարուցվել է, շուրջ մեկուկես տարի բազմակողմանի քննություն է իրականացվել, վարույթը կարճվել, այնուհետև նաև վերաբացվել է, այսպես ասած՝ հանրապետական կուսակցության իշխանության օրոք: Սա խոսուն փաստ է այն մասին, որ նախկին իշխանությունները Ս. Համբարձումյանին՝ որպես յուրայինի, ամեն հնարավորություն տվել են, անգամ՝ օրենքի խախտմամբ:

Ի վերջո ևս 4 ամիս տևած քննությունից հետո՝ 14.03.2018թ.-ին, դատախազի կողմից որոշում է կայացվել նոր երևան եկած հանգամանքներով հարուցված վարույթը կարճելու մասին, այն հիմնավորմամբ, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում կատարված հնարավոր քննչական և դատավարական գործողությունների արդյունքում վարույթը կարճելու 06.02.2017թ. որոշումը վերանայելու հիմքեր չեն հայտնաբերվել:

դ/ Այդ որոշումից 2 ամիս անց, անհայտ հանգամանքներում, Ս. Համբարձումյանը 17.05.2018թ. ձեռք է բերում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով հարուցված վարույթի կարճման մասին 14.03.2018թ. որոշումը և «զարմանալի արագությամբ»՝ 18.05.2018թ. օրվա առաջին կեսին անձամբ բողոք է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազին՝ 14.03.2018թ. կարճման որոշումը և 06.02.2017թ. կարճման որոշումըվերացնելու պահանջներով: Արդյունքում՝ ՀԿԳ քննության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վ.Մուրադյանը 23.05.2018թ. որոշմամբ վերացվել է 14.03.2018թ. որոշումը, իսկ ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշմամբ վերացվում է 06.02.2017թ. կարճման որոշումը:

Այս ամենի՝ գործը երրորդ անգամ քննելու մասին, այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցած միակ անձը՝ տիկին Դիլանյանը, տեղեկանում է Ս. Համբարձումյանի հայտարարություններից:

Սա էլ մի առեղծված է, քանի որ տիկին Դիլանյանը քրեական գործը կարճելու 06.02.2017թ. որոշումից հետո, ՀՀ գլխավոր դատախազի կողմից 6-ամսյա ժամկետում այդ որոշումը վերացնելու ժամկետից 4 ամիս անց է Հայաստանից մեկնել՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին, համոզված լինելով, որ ՀՀ օրենքների իմաստով, գործը չի վերաբացվի, այլևս իր ներկայության անհրաժեշտությունը չկա: Սակայն դրանից հետո դատավարական գործողություններ են իրականացվում, որի կենտրոնում վկա Ս. Համբարձումյանն է, ում առաջին իսկ պահանջով որոշումներ են տրամադրում, սակայն երբ տիկին Դիլանյանի պաշտպանները քննիչից ու դատախազից պահանջում են համապատասխան որոշումները՝ դրանք բողոքարկելու համար, նրանք հրաժարվում են տրամադրել, պատճառաբանելով, որ դրանց վրա տարածվում է նախաքննության գաղտնիքի իրավակարգավորումները:

Ինչ է ստացվում՝ Ս. Համբարձումյանի նկատմամբ կիրառելի չեն նախաքննության գաղտնիքի իրավակարգավորումները, իսկ արդարացվածի վրա կիրառելի են: Ո՞վ է Ս. Համբարձումյանը:

  • «Կաշառքի գործով» քննությունը մոտ է ավարտին:

Որտեղից Ս. Համբարձումյանին այս տեղեկատվությունը: Իրականում Ս. Համբարձումյանի այս հայտարարությունն էլ է քողարկված կեղծիքով, իրականությանը չի համապատասխանում, ավելի քան 4 ամիս քննություն չի իրականացվում:

Այսպես, Ս. Համբարձումյանը տեղյակ է, որ այդ գործով քննություն չի իրականացվում, քանի որ՝ Վ. Մուրադյանի 23.05.2018թ. որոշման և ՀՀ գլխավոր դատախազի 07.06.2018թ. որոշման դեմ տիկին Դիլանյանի անունից դատարան բողոք է ներկայացվել: Առաջին ատյանի դատարանը մեր բողոքը բավարարել է՝ փաստելով, որ այդ որոշումներով խախտվել են տիկին Դիլանյանի իրավունքները: Դատախազը վերաքննիչ բողոք է ներկայացրել: Իսկ վերաքննիչ դատարանում դատավորի այն հարցին, թե ինչ ունի ասելու, Ս. Համբարձումյանը զարմացած հայտարարում է՝ միթե տեղյակ չեն, որ նախորդ օրը ինքը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ, և իրեն հրավիրել են կառավարություն: Վերաքննիչ դատարան էլ, վճռականություն չդրսևորելով, տվյալ գործով օրենքով չնախատեսված որոշում կայացրեց՝ գործն ուղարկել նոր քննության: Այդ որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան:

Այս իրավական զարգացումների մասին Ս. Համբարձումյանը լռում է, փոխարենն ամեն օր հայտարարելով, որ շուտով գործը կավարտի:

  • Ս. Համբարձումյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ «կաշառքի գործ»-ով տուժող է ճանաչվել: Ստում է, նա տուժողի դատավարական կարգավիճակ չունի և չի էլ կարող ունենալ: Բայց Ս. Համբարձումյանի պարագայում, ով գիտի, նախկին իշխանություններից ժառանգած 40 մլն ԱՄՆ դոլարի գործով, որպես հանցագործության զոհ ներկայանալու իմաստով, հնարավոր է, որ Ս. Համբարձումյանին տուժողի կարգավիճակ էլ շնորհվի: Սակայն դա կլինի այս մութ պատմության ամենազավեշտալի դրվագը, մի հետաքրքիր հանելուկ:

Այսպես, Ս. Համբարձումյանին տուժող ճանաչելու պատկերը հետևյալը կլինի.

ոմն շեյխ 40 մլն ԱՄՆ դոլար է վճարում Ս. Համբարձումյանին՝ Հայաստանում հանքեր ձեռք բերելու և շահագործելու համար, Ս. Համբարձումյանը հայտարարում է, որ այդ գումարից 8, 14 կամ 17 մլն ԱՄՆ դոլարը կաշառք է տվել պաշտոնատար անձի, ով իրավասու չէր և չի էլ տրամադրել այդ հանքերը շեյխին, և հանկարծ այդ պայմաններում Ս. Համբարձումյանը հռչակվում է տուժող:

Որտեղ է տրամաբանությունը, տուժող պետք է ճանաչվի 40 մլն ԱՄՆ դոլար վճարողը, սակայն ոչ թե «կաշառքի գործով», այլ՝ «խարդախության գործով»:

  • Ի դեպ Ս. Համբարձումյանը հայտարարել է նաև, որ շեյխը 40 մլն ԱՄՆ դոլարից 700 000 ԱՄՆ դոլարն իրեն պարտք է մնացել, սակայն ինքը չի մանրացել ու այդ գումարը չի պահանջել: Սա էլ զավեշտալի հայտարարություն է իր դատական գործերի լույսի ներքո, քանի որ 2 մլն դրամի համար անձի դեմ դատարան է դիմել, միլիոնավոր դոլարների դատական գործեր ունի իր դեմ ու հանկարծ 700 000 ԱՄՆ դոլարից հրաժարվում է:

*Սիլվա Համբարձումյանին առնչվող դատական գործերը տես՝ այստեղ։

ՄԱՍ III

ԶԼՄ-ներով Ս. Համբարձումյանը ներկայացվում է որպես միլիոնատեր գործարար, արաբ շեյխերի, ազգությամբ հնդիկ մեծահարուստների մտերիմ, ՀՔԾ-ում քննված և ներկայումս էլ քննվող գործերով անփոխարինելի վկա:

Այնինչ, համացանցի տեղեկությունները Սիլվա Հարությունի Համբարձումյանի, նրա ընկերությունների մասին միանգամայն այլ նկարագիր են ներկայացնում:

Մասնավորապես http://www.datalex.am կայքը հեղեղված է (կից ներկայացվում են գործերը) Ս. Համբարձումյանի և նրա ընկերությունների դեմ առ այսօր քննվող տարաբնույթ գործերով՝ մի դեպքում բանկի հարյուր հազարավոր դոլարները, մյուս դեպքում՝ միլիոնավոր դոլարներ չի վճարել, մեկ այլ գործով տասնյակ միլոնավոր դրամ կազմող վարձավճար չի վճարել, մյուս դեպքում՝ աշխատավարձը չի վճարել, անգամ 660 030 դրամ գազի պարտքը և ոստիկանության պահպանության 300 000 դրամը չի վճարել, առկա են նաև սնանկության վարույթներ, մի խոսքով՝ Ս. Համբարձումյանի անձի շուրջ քաոսային վիճակ է տիրում և միլիոնավոր դոլարներ են անհրաժեշտ Ս. Համբարձումյանի դատական հարցերը լուծելու համար:

Փոխարենը Ս. Համբարձումյանը հայտարարում է, որ ԱՄԷ-ում հյուրանոցային բիզնես ունի, հիմնականում այնտեղ են իր գործերը: Հակառակ այդ պնդմանը, տիկին Դիլանյանը փոխանցել է ինձ, որ Սիլվա Համբարձումյանը ՄԱԷ-ում որևէ բիզնես չունի, թող որևէ ապացույց ներկայացնի իր նշած բիզնեսների վերաբերյալ, անգամ այնտեղ մուտք գործել չի կարող, քանի որ նրա նկատմամբ խարդախության մեղադրանքով գործ կա հարուցված: Ճշտելու համար կարող եք Ս. Համբարձումյանին ընդամենը հարցնել, թե երբ է վերջին անգամ եղել Էմիրաթներում, միայն թե փաստով պատասխանի:

Ինչ վերաբերում է Ս. Համբարձումյանի հայաստանյան «բիզնեսի» նախապատմությանը, ապա սկիզբը՝ 1990-ականներին «Նաիրիտ» գործարանից 1500 տոննա մետաղի, հաստոցների արտահանման (ըստ Ս. Համբարձումյանի, առանց կաշառքի արտահանում իրականացնելն անհնար էր) կոռուպցիոն և սկանդալային պատմություններն են: Իսկ այդ մետաղներն իրականում արտահանվում էին Պակիստան, որտեղից զենք էր մատակարարվում Ադրբեջանին:

Այնուհետև «կաշառքի գործ»-ն է, կասկածելի հանգամանքներում Ս. Համբարձումյանի տիրապետության տակ անցած և որոշ ժամանակ անց գործունեությունը դադարեցված հանքի ու այդ հանքի սարքավորման կապակցությամբ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված պատմությունը, որի հիման վրա հարուցված քրեական գործը կարճված է, իսկ Ս. Համբարձումյանը պնդում է, որ այդ գործն էլ է կասեցված:

Դրանից հետո Վ. Այվազյանի հետ կապված ինչ-որ գումարների սկանդալային դեպքն է:

Այնուհետև Երիցյանների ունեզրկման և նրանց կայացած բիզնեսը Ս. Համբարձումյանին անցնելու և այդ բիզնեսը մարելու պատմությունն է:

Վերջերս բացահայտված՝ ոստիկանապետ Վ. Գասպարյանի տան հետ կապված երրորդ անձի բիզնեսը Ս. Համբարձումյանի անցնելու մութ գործարքներն են, որոնցով ներկայումս դատական հայց է առկա:

Ս. Համբարձումյանն առնչություն ունի ՀՔԾ-ում քննվող նաև «Մարտի 1»-ի գործով գործարքների հետ, «Հրապարակի փուչիկների» գործով և այլն:

Կարող ենք արձանագրել, որ Ս. Համբարձումյանը որևէ բիզնես չի ստեղծել, կասկածելի հանգամանքներում նրան անցած բիզնեսներն իրենց «մահկանացուն են կնքել» ապացույցները՝ http://www.datalex.am կայքում են:

Ի վերջո Հայաստանում չկա մեկը, որ այսքան սկանդալային, կոռուպցիոն գործերում նման դերակատարումներ ունենա:

Հարց. ո՞վ է Ս. Համբարձումյանը, որ 1990-ական թվականներից առ այսօր գեթ մեկ դրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, կամ գոնե այդ մասին հայտնի չէ, սակայն մշտապես հայտնվում է այլ անձանց ունեզրկման, սկանդալային պատմությունների էպիկենտրոնում:

Ի զորու է արդյոք տիկին Համբարձումյանն իր 6-րդ տասնամյակում գոնե զերծ մնալ կոռուպցիոն, սկանդալային պատմություններից, թե՞ տասնյակ տարիներ շարունակ կուտակված, հանրությանը հայտնի և դեռ անհայտ խնդիրների բեռի ներքո ստիպված է լինելու հետայսու էլ իրավիճակային լուծումներ փնտրել և նորանոր պատմությունների կենտրոնում հայտնվել…

Ա.Դիլանյանի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյան

Աղբյուրը՝ Hetq.am

Այս խորագրի վերջին նյութերը