Մեկնաբանություն

02.11.2018 12:59


Իշխանափոխության հերթական փուլը

Իշխանափոխության հերթական փուլը

ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված Արմեն Սարգսյանն «անսպասելիորեն» հրամանագիր ստորագրեց ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր նշանակեց դեկտեմբերի 9-ը:

Խորհրդարանի արձակմամբ իշխանափոխության հերթական փուլն ավարտվեց, և մենք թևակոխում ենք մի նոր փուլ: Արժե ուրեմն մի փոքր հետ գնալ ու տեսնել, թե ինչ խնդիրներ էին դրվել և որոնք լուծվեցին ապրիլից մինչև հիմա:

Հանրահավաքային բուռն շրջանում ժողովրդի անունից առաջ քաշվեց ու Հանրապետության հրապարակում քվեարկվեց 4 կետից բաղկացած հետևյալ պահանջը.

1.Սերժ Սարգսյանի հրաժարական,

2.ժողովրդի թեկնածուի ընտրություն վարչապետի պաշտոնում,

3.Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություն, ինչպես նաև հարակից օրենսդրական դաշտի վերանայում,

4.3-րդ կետի ապահովումից հետո ԱԺ-ի արձակում և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

Ինչպես նկատում եք, բոլոր պահանջները կատարվել են, բացի 3-րդ կետում նշված պահանջներից: Պատճառն այն է, որ դրա կատարումը, ի տարբերություն մյուս կետերում նշվածների, չէր բխում անձամբ Նիկոլ Փաշինյանի շահերից:

Ռեյտինգային կոչված ընտրակարգը կարված է իշխանության համար և ծառայում է իշխանությանը՝ անկախ այն բանից, թե ով է իշխանության՝ հանրապետակա՞նը, թե՞ մեկ ուրիշ ուժ:

Փաշինյանը հրապարակավ կողմ էր արտահայտվում Ընտրական օրանսգրքի փոփոխությանը, բայց ամեն ինչ արեց, ավելի ճիշտ՝ ոչինչ չարեց, որպեսզի հրապարակում «քվեարկված» պահանջը կյանքի կոչվի:

Թող զարմանալի չթվա, բայց բուն քաղաքական գործընթացները կսկսվեն արտահերթ ընտրություններից հետո, քանզի մինչև դեկտեմբերի 9-ը քաղաքականությունն իր տեղը զիջելու է տեսարաններին ու սելֆիներին: Նոր խորհրդարանը ՀՀ նորանկախ պատմության ամենաապաքաղաքականն է լինելու (նախորդ ռեկորդը պատկանում էր 2017-ի խորհրդարանին):

Իշխանափոխության գործընթացը կսկսվի դեկտեմբերից հետո: Կտրվի իշխանափոխության նոր փուլի մեկնարկը:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը