Մեկնաբանություն

01.11.2018 13:48


Հայաստանը իշխանափոխությունից առաջ և հետո

Հայաստանը իշխանափոխությունից առաջ և հետո

Գրեթե 100 տոկոսով կարելի է կանխատեսել, որ այս տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունը դեկտեմբերին կստանա ԿԸՀ-ի կնիքը, այսինքն՝ խորհրդարանում կունենանք «փողոցային» իշխանության ներկայացուցիչների մեծամասնություն:

«Ի՞նչ փոխվեց», կարող է հետաքրքրվել դեռևս հպարտ չդարձած քաղաքացին (հպարտ քաղաքացիների համար այդ հարցն արդեն իսկ նյարդայնացնող է և ոչ լեգիտիմ, քանզի ինչպե՞ս կարելի է «նոր Հայաստանում» նման հարցեր տալ):

Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում տեղի ունեցող ընտրություններից առաջ բոլորի համար էլ նախապես պարզ էին լինում արդյունքները. ՀՀԿ-ն վերցնում էր մեծամասնությունը, իսկ մյուսների միջև ռեալ պայքար էր գնում մնացորդային հատվածին տիրանալու համար: Որպես այլընտրանք հանդես էր գալիս ԲՀԿ-ն: Մյուսները ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի հաճախորդներն էին: Այսինքն՝ գոնե մասնակի մրցակցություն կար, բայց գլխավոր հարցում՝ իշխանության վերարտադրության, ՀՀԿ-ն «խփում» էր ինչքան որ պետք է:

Ընտրությունների արդյունքների կանխատեսելիության հարցում հիմա բան չի փոխվել: Բոլորի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ «Իմ քայլը» դաշինքը (նայած, թե ժողովուրդն ինչպես կորոշի մասնակցել ընտրություններին) կվերցնի խորհրդարանի մեծամասնությունը, իսկ տակը մնացած 1/3-ը բաժին կհասնի 2 կամ 3 ուժի:

Տարբերությունը հիմիկվա ու նախորդ ընտրությունների միջև այն է լինելու, որ առաջ չսիրելով էին ընտրում ՀՀԿ-ին (փողի, վարչական ռեսուրսի և այլնի ազդեցության տակ՝ չհաշված մշտապես բոլոր իշխանությունների օգտին քվեարկողների կայուն բանակը), իսկ հիմա սիրելով են ընտրելու իշխանության կուսակցությանը (բացի փող բաժանելուց մյուս գործիքները լիուլի կիրառվելու են): Ասել է թե՝ սիրելով ընտրողների մի մասը զրկվելու է 10 հազար դրամից, որը նախկինում ստանում էր չսիրելով ընտրելու դիմաց:

Տարբերություններից մյուսն այն է, որ եթե նախկինում Սերժ Սարգսյանը թույլ էր տվել (չենք ուզում օգտագործել «աջակցել» բառը) «Ելք»-ի տիպի դաշինքի մուտքը խորհրդարան, ապա Փաշինյանն այժմ նման բան թույլ չի տալու: Ժողովրդի վարչապետին դա պետք չէ, քանզի ինքը փորձելու է խորհրդարանում հա՛մ իշխանության, հա՛մ ընդդիմության դերը կատարել: Սարգսյանն իր նախագահության սկզբում էր փորձում այդպես պահել իրեն, բայց շատ չանցած ստիպված հրաժարվեց այդ մոտեցումից:

Փաշինյանը իշխանության ու ընդդիմության դերը կփորձի կատարել այնքան ժամանակ, որքան որ խորհրդարանից դուրս իրական քաղաքական դաշտ չի ձևավորվի: Իսկ այդ դաշտն անխուսափելիորեն ձևավորվելու է, քանզի սուրբ տեղը չի կարող դատարկ մնալ:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը