Լրահոս

06.03.2010 10:06


Իսկ եթե այդ օրերը եկան, ու իշխանափոխություն չեղա՞վ

Իսկ եթե այդ օրերը եկան, ու իշխանափոխություն չեղա՞վ

 

Արտահերթ ընտրությունների ժամկետների մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը որակել է որպես մարտավարական և քարոզչական նշանակություն ունեցող հայտարարություն, որը հիմք չունի. դրա համար պետք է կա՛մ իրավական հիմք, կա՛մ պաշտոնանկության գործընթաց, կա՛մ քաղաքական այնպիսի լարված իրավիճակ, որ քաղաքական ճգնաժամ առաջանա, և իշխանություններն ուղղակի չկարողանան կառավարել իրավիճակը.

-Այդպիսի իրավիճակ մենք չենք տեսնում, բայց այդպես երևի ավելի հեշտ է գնալ ընտրությունների ընդհանրապես։ Այդ կարգախոսներն ավելի արմատականության, վճռականության լիցք են պարունակում իրենց մեջ և տպավորություն են ստեղծում,- ասել է Արմեն Ռուստամյանը։

Նա նշել է, որ արտաքին զարգացումների հետ կապված՝ ՀՅ Դաշնակցությունն էլ է նշում, որ իշխանափոխության գործընթացն, օրինակ, կարող է արագանալ։

-Օրինակ՝ եթե արձանագրությունները չեղյալ համարելու գործընթացի մեջ մտանք, և դրանք վավերացվեցին, մենք չեղյալ համարելու գործընթացին զուգահեռ իշխանափոխության խնդիրն ենք դնելու, որովհետև իրավական առումով մեր պայքարի նպատակն արձանագրությունները չեղյալ համարելն է, քաղաքական առումով՝ իշխանափոխությունը,-նշել է Արմեն Ռուստամյանը։

Այս առումով, նրա կարծիքով, ողջունելի է, որ Հայ ազգային կոնգրեսը հիմա արդեն խոսում է ինչ-որ բաներ հասունացնելու մասին, քանի որ համոզվել են, որ միայն հրաժարական բղավելով հրաժարականի չեն հասնում. «Հրաժարականը պետք է նախապատրաստվի. դա գործընթաց է, հասունացնել է պետք։ Իրենց «100 քայլը», որ հրապարակել են, խոսում է այն մասին, որ ավելի լուրջ են սկսել հարցին վերաբերվել, ինչը ողջունելի է, քանի որ դա կբերի բանավեճի համար ավելի հասուն և առողջ քննարկումների դաշտ»։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետների սահմանմանը, նա նշել է, որ դա լրջության պակասից է. «Չգիտեմ, թե այդ ժամանակացույցը որտեղից է ծնվել։ Լավ, իսկ եթե այդ օրերը եկան, ու իշխանափոխություն չեղավ, ի՞նչ պետք է ասվի։ Այդ իսկ պատճառով մենք օրեր չենք նշում. մենք դնում ենք խնդիրներ, ասում՝ այդ խնդիրները լուծելու համար ինչպես ենք պատրաստվում գործել, որտեղ ենք մեր ռեսուրսը տեսնում, հասունացման ձևերը որոնք են և այլն։ Սա՛ է ճիշտ ձևը»։ Նրա կարծիքով նման հաստատումներ անելն ավելորդ է և չի բխում իրավիճակի լուրջ ուսումնասիրությունից ու գնահատականից։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը