Մեկնաբանություն

31.10.2018 10:35


Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տեսակետը Ղարաբաղի հարցում

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի տեսակետը Ղարաբաղի հարցում

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր «բազեական» պահվածքով խառնեց մեզ մոտ տիրող հետհեղափոխական հովվերգական մթնոլորտը ու ստիպեց մարդկանց մտածել, որ բացի «գըմփ-գըմփ-հու՛»-ից կան նաև լուրջ հարցեր ու լուրջ մարտահրավերներ:

Ժողովրդի վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանի տեսակետները և քայլերը Ղարաբաղի հարցում կրել են հակասական ու էկլեկտիկ բնույթ:

Նա հայտարարում է, որ Ադրբեջանի հետ բանակցելու է Հայաստանի մասով, իսկ Ղարաբաղի մասով պետք է բանակցի Ղարաբաղի իշխանությունը: Այս թեզը նա հիմնավորում է այն հանգամանքով, որ երկրորդ և երրորդ նախագահները ծագումով Ղարաբաղից էին, ուստի հասկանալի էր իրենց մասնակցությունը ղարաբաղյան բանակցային գործընթացում նաև Ղարաբաղի կողմից, իսկ ահա ինքն իջևանցի է և հետևաբար չի կարող բանակցել Ղարաբաղի փոխարեն:

Փաշինյանի այս թեզը պաշտոնական քարոզչությունը ներկայացնում է որպես Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելու մարտավարություն, սակայն խնդիրն այն է, որ իջևանցի Փաշինյանը փաստացի բանակցում է Ղարաբաղի հարցով նախորդ իշխանությունների տարբերակով: Բանակցում է, բայց հրապարակավ այլ բան է հայտարարում, ինչը բազում հարցեր ու մտահոգություններ է առաջացնում:

Ըստ ամենայնի, Փաշինյանի մոտ կան կոմպլեքսներ, քանզի ինքը նախկինում քննադատել է նախորդ իշխանությունների բանակցային մոտեցումները և հիմա դառնալով վարչապետ՝ չի ուզում ցույց տալ, որ նույն բանն է անում: Այսինքն՝ անում է այն, ինչը քննադատել է:

Նիկոլ Փաշինյանը բանակցում է Ղարաբաղի հարցով և նույնիսկ իր կնոջն է ներգրավել այսպես կոչված խաղաղասիրական գործընթացի մեջ ու տրամադրություններ է շոշափում՝ «Հող՝ խաղաղության դիմաց» վտանգավոր տարբերակի շուրջ:

Ըստ ամենայնի՝ Փաշինյանին թվում է, որ այս փուլում ինքը պետք է խուսափի Ղարաբաղի հարցում հրապարակային տեսակետ հայտնելուց: Դրան երկու պատճառ կարող է լինել՝

1. նա չունի Ղարաբաղի հարցով հայեցակարգ,

2. նա ունի հայեցակարգ, բայց չի ուզում հրապարակայնացնել այն առնվազն մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ավարտը, քանզի վախենում է հանրային ռեակցիայից:

Երկու դեպքում էլ վատ է, քանզի եթե չկա հայեցակարգ, ապա ստիպված ես լինում ուրիշների առաջարկած օրակարգով առաջնորդվել ու հայտնվել պատասխանողի, այլ ոչ թե նախաձեռնողի դիրքում, ինչը վերջում կարող է հանգեցնել շատ վատ հետևանքների, իսկ եթե կա հայեցակարգ, բայց հիմա այն չի հրապարակայնացվում, ապա դա նշանակում է, որ կան հարցեր, որոնց մասին նախընտրական տրամաբանությունից ելնելով չի ասվում, ինչը հուշում է, որ գործ ունենք անցանկալի սցենարի հետ:

Փաշինյանին, թերևս, թվում է, որ եթե ինքը հրապարակային տեսակետ չհայտնի Ղարաբաղի հարցով ու փորձի ամեն կերպ խուսափել թեմայից, ապա դա շահեկան կլինի: Նկատենք, որ կարճաժամկետում ու մարտավարական առումով միգուցե նմանատիպ վարքագիծը շահեկան է անձամբ Փաշինյանի համար, բայց ռազմավարական առումով վնասում է ՀՀ ու Արցախի շահերին:

Բոլթոնի այցը ու նրա արած հայտարարությունները բացեցին որոշ փակագծեր: Մեր հանրության շատ ավելի լայն շրջանակների համար պարզ դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո Ղարաբաղի հարցով գործընթացներն ինտենսիվանալու են: Այնպես որ լավ կլինի՝ ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր ուժերը ու նախևառաջ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեն, թե ո՞րն է իրենց տեսակետը Ղարաբաղի հարցում:

Մեր երկրի անվտանգության ու նաև գոյության համար կարևորագույն հարց է Ղարաբաղը: Նա ով հավակնում է ղեկավարել Հայաստանը, չի կարող տեսակետներ չունենալ Ղարաբաղի հարցում կամ հայտարարել, որ ինքը իջևանցի է ու հետևաբար չի կարող ղարաբաղցիների փոխարեն բանակցել, բայց իրականում վարել բանակցություն ու այդ մասին տեղյակ չպահել հանրությանը:

Մի խոսքով, Փաշինյանից տեսակետ է պահանջվում Ղարաբաղի հարցում ու պետք է այն հնչեցվի նախընտրական փուլում, այլ ոչ թե նախընտրական փուլը դառնա աղմուկ-աղաղակի շրջան, որի արդյունքում լուրջ թեմաները կմղվեն հետին պլան:

Ի դեպ, երբ հայտարարվում է, որ «Ղարաբաղի հարցում ժողովուրդը որոշում կկայացնի», դա իրականում պատասխանատվությունից խուսափելու ձև է: «Ժողովուրդը» ոչինչ չի որոշում, առավելևս՝ Հանրապետության հրապարակում կանգնած տարբերակով, եթե, իհարկե, «ժողովուրդ» ասելով Փաշինյանն ինքն իրեն նկատի չունի:

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.: Փաշինյանը որպես լրագրող ու թերթի գլխավոր խմբագիր, ինչպես նաև որպես քաղաքական գործիչ՝ իրարամերժ տեսակետներ է ներկայացրել Ղարաբաղի հարցի վերաբերյալ:

Նա գործել է քիրվայականից մինչև ռազմահայրենասիրական միջակայքում, ու դժվար է ասել, թե իրականում ո՞րն է իր իրական «Ես»-ը, քանզի այդ «Ես»-ը, իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված, տեսակետի կտրուկ փոփոխության հատկություն ունի:

Այս խորագրի վերջին նյութերը