Կարծիք

05.03.2010 16:20


Իշխանությունները վարում են ամենքին «այո» ասելու քաղա- քականություն

Իշխանությունները վարում են ամենքին «այո» ասելու քաղա- քականություն

ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հերթական անգամ Հայոց Ցեղասպանությանը վերաբերող բանաձև ընդունեց, որը դեռեւս պետք է հաստատվի Կոնգրեսի լիագումար նիստում: Նախորդ բանաձեւի ոդիսականին ականատես եղանք 2007թ., երբ այն ընդունվեց ավելի շատ ձայներով, սակայն ուժ չստացավ լիագումար նիստում' թուրք-ամերիկյան ռազմավարական հարաբերությունները չվտանգելու հիմնավորմամբ: Այս անգամ այդ մտահոգությանը ավելացավ մեր իշխանությունների նվիրաբերածը' հայ-թուրքական անավարտ եւ հայհոյախառն սիրախաղին չխանգարելը: Սրա մասին «Ժառանգությունը» բազմիցս զգուշացրել է եւ շատ վաղուց: 2007թ. ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմամբ Թուրքիային սպառնալը լուրջ խնդիր լուծեց. նա տեղից շարժվեց եւ հայկական հարցի նկատմամբ ուրացման, մերժման ու պատժիչ քաղաքականության իր նպատակներին հասնելու գործընթաց սկսեց Հայաստան հետ:

Անշուշտ, քիչ հավանական էր, որ ԱՄՆ Կոնգրեսը, որտեղ այսօր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, իսկ ԱՄՆ նախագահ է Բարաք Օբաման, ով  խոստացաել էր ճանաչել Ցեղասպանությունը, ավելի վատ արդյունք արձանագրեր հանձնաժողովում, քան Ցեղասպանության ճանաչմանը բացահայտ դեմ արտահայտված Բուշի վարչակազմը 2007թ.: Իսկ տեղի ունեցածը ընդամենը Թուրքիային սթափեցնելու եւ արձանագրությունների վավերացման, Աֆղանստան զորախումբ ուղարկելու, իր տարածքում ԱՄՆ հակահռթիռային պաշտպանության կայան տեղադրելու, տարածաշրջանում Արեւմուտքի համար ընդունելի քաղաքականություն վարելու հարցերում թուրք-ամերիկյան համաձայնություններ ձեռքբերելուն դրդող հաշվարկված սարսափեցում է: Այդ խնդիրներով սակարկություններն անշուշտ սկսվելու են Թուրքիայում կրքերը հանդարտվելուց եւ ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ բանակցելու անհրաժեշտության գիտակցումից հետո:

«Ժառանգությունը» մտահոգություն ունի, որ Հայաստանի իշխանությունները գերագնահատում են իրենց վարած արտաքին քաղաքականությունը, համարում, որ Հայաստանը վարձահատույց եղավ ԱՄՆ-ի ու միջազգային հանրության հորդորները բավարարելու եւ կառուցողական դիրքորոշման համար, որը իրականում ամենքին «այո» ասելու քաղաքականություն է, անգամ եթե դա մեր շահերից չի բխում: Այսօր վտանգն այն է, որ Հայաստանի իշխանություններն այս էյֆորիայի մեջ փորձեն շարունակել նույն ոգով, տեղի տան առաջիկայում սպասելիք հորդորներին ու ճնշումներին' վավերացնելով արձանագրություններն անգամ առաջինը, եւ սպասելով, թե Կոնգրեսը ուժ կտա՞ բանաձեւին: Իսկ սա կնշանակի' ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Օբամային հերթական առիթը տալ վերընթերցելու 2009թ.-ի իր ուղերձը եւ հայտարարելու, որ ԱՄՆ-ը շահագրգռված չէ հարվածել վավերացման փուլ թեւակոխած հայ-թուրքական գործընթացին: Նույնը կրկնվելու է նաեւ Կոնգրեսի լիագումար նիստում հարցի քննարկումը վիժեցնելիս:

Ի՞նչ պետք է անի Հայաստանը. դեռեւս 2009թ. գարնանը «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ամրագրելով, որ գործընթացն առանց նախապայմանների չէ, առաջարկեց Հայաստանի իշխանություններին հետայսու առաջնորդվել «ամեն ինչ սեղանին» մեթոդաբանությամբ, քանի որ Թուրքիան իր նախապայմանները դրել է արձանագրությունների մեջ ու սեղանին: ՀՀ ԱԳ նախարարը նույնպես խոստովանեց, որ Թուրքիայի նախապայմանների լեզվին ավելացել է շանտաժի ու սպառնալիքների լեզուն: Սեղանին պետք է դրվի հիրավի ամեն ինչ' ազգային արժանապատվությունն ու իրավունքները հարգելու պահանջից մինչեւ Հայրենազրկման հետևանքերի վերացումը: Այլապես մենք մնալու ենք այլոց շահերի բավարարման դրամատիկ տեսարանների ականտեսն ու մասնակիցը: Բայց ոչ ավելին:

Այս խորագրի վերջին նյութերը