Մեկնաբանություն

27.10.2018 10:16


«Խաղաղ Դոնի» ժառանգները (տեսանյութ)

«Խաղաղ Դոնի» ժառանգները (տեսանյութ)

Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» վեպի հերոս Գրիգորին կազակ էր, ում կյանքը շատ դաժան դասավորվեց: Ճակատագիրը նրան ափեափ էր զարկում: Գրիգորին կարճ ժամանակահատվածում հասցրեց դառնալ մոլի բոլշևիկ հեղափոխական, հետո մոլի հակահեղափոխական ու վերջում իր հանգստությունը փորձեց գտնել հայրենի գյուղում՝ մինչև այդ կորցնելով ընտանիքի անդամների մեծ մասին:

Գրիգորին գտնվում էր սպիտակների ու կարմիրների արանքում՝ դառնալով հեղափոխության ու անցումային փուլի զոհը: Շոլոխովն իր վեպում ցույց է տվել հեղափոխական ժամանակների ազդեցությունը առանձին վերցրած մեկ մարդու վրա:

Պատմությունից մեզ հայտնի է, որ գրիգորիները նույնիսկ իրենց աշխարհից կտրված գյուղում հանգստություն չգտան, քանզի «Խաղաղ Դոնը» գրվել է մինչև 1932 թվականը, իսկ դրանից հետո, ինչպես հայտնի է, եղել է «չիստկաների» ժամանակահատվածը, որն իր գագաթնակետին հասավ 1937 թվականին:

Շոլոխովը շատ պատկերավոր ներկայացրել էր, թե ինչ է իրականում հեղափոխությունը: Այն առաջացնում է մեծ սպասումներ և մեծ հիասթափություններ:

Հեղափոխությունը ոչ միայն դրականի, այլ նաև բացասականի ջրի երես դուրս գալն է: Ու, որպես կանոն, բացասականն ավելի արագ է տարածվում ու գրավում պետության գրեթե բոլոր ոլորտները: Դա է պատճառը, որ հայտնի ձևակերպում կա, ըստ որի՝ հեղափոխությունը մտածում են հանճարները, իրականացնում են ռոմանտիկները, բայց վայելում՝ սրիկաները:

Հիմա մեզ մոտ հեղափոխությունն ավարտվել է և ի հայտ են եկել սրիկաները, որոնք հիմնականում դրսևորվում են կադրային ոլորտում:

Շոլոխովը «Խաղաղ Դոնում» նկարագրում էր, թե կազակների գյուղում ինչպիսի «սբռոդ» վերցրեց գյուղապետարանը հեղափոխությունից հետո: Երիտասարդ, խեղված արժեհամակարգով ու անգրագետ զանգվածը դարձավ տեղական նոր էլիտան: Այն ժամանակ բոլշևիկները իշխանության էին բերում այնպիսի մարդկանց, որոնք 40 հեկտարը 40 հազար հեկտարից չէին տարբերում ու փետրվարը 31-օրանոց էին համարում: Ոչինչ, փաստորեն, նոր չէ այս աշխարհում: Ամեն ինչ կրկնվելու հատկություն ունի, հատկապես այն դեպքում, երբ պատմության դասերը սովորած չես լինում:

Հեղափոխությունը ալիք է, որը բարձրացնում է ժողովրդին, բայց վերջում ջրի երեսին թողնում այն կեղտը, որը ջրի հանդարտ եղած ժամանակ նստած է եղել հատակին: Կեղտն, իհարկե, կանցնի, բայց մինչև այդ կհասցնի ահագին ավերածություններ գործել:

Կարևորն այս ընթացքում ցնցումներից առավելագույնս խուսափելն է: Այլապես երկրի անվտանգությունը հարցականի տակ կհայտնվի:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը