Քաղաքական

26.10.2018 16:46


Մանվել Գրիգորյանը ցանկանում է առանց որևէ պարտավորության տարածք նվիրաբերել պետությանը

Մանվել Գրիգորյանը ցանկանում է առանց որևէ պարտավորության տարածք նվիրաբերել պետությանը

Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի տեղակալ Սերգո Աթանեսյանը:

«Մանվել Գրիգորյանի ներկայացուցչի կողմից գրություն է ուղարկվել մեր կոմիտե, որ նա պատրաստակամ է նվիրաբերել տարածք առանց որևէ պարտավորության: Մնացած մանրամասներին չեմ տիրապետում, քանի որ վարչության մյուս տեղակալի համակարգմանը ենթակա գործառույթների մեջ է մտնում պայմանավորվածությունը»,-ընդգծեց Աթանեսյանը:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախագահի մյուս տեղակալը՝ Գևորգ Լոռեցյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց գրությամբ դիմել է Մանվել Գրիգորյանի լիազոր ներկայացուցիչը՝ հայտնելով, որ պատրաստ են պետությանը նվիրաբերել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության շուրջ 330 հեկտար տարածքը՝ հավելելով, որը ներառում է մոտ 5500 քմ շենք-շինություն։ «Տարածքի արժեքը կազմում է 5.084 միլիարդ դրամ: Սահմանված կարգով կազմակերպելու ենք գույքի ընդունման գործընթացը»,-գրել է Լոռեցյանը։

Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ից կալանավորված է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մսով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռքբերելու և այլ անձանց հետ նապնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յորացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Երևանիընդհանուր իրավասության դատարանը՝ հոկտմեբերի 15-ին, որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը:

Այս խորագրի վերջին նյութերը