Կարծիք

24.10.2018 17:04


Ալավերդուց մինչև Ամուլսար

Ալավերդուց մինչև Ամուլսար

Ինչպես հայտնի է, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել էին ճանապարհները, երբ պարզվել էր, որ կառավարության նշանակած տուգանքների ու արտանետումային սահմանափակումների պատճառով ընկերությունը կարող է դադարեցնել իր գործունեությունը:

«Վալեքս» խմբի մոտ 500 աշխատակից բողոքում էր, որ պղնձաձուլարանի չաշխատելու դեպքում իրենք կզրկվեն իրենց ապրուստի հնարավորությունից:

Տիգրան Ավինյանի և Ալավերդու պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ վառարանը կրկին կմիացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում գործարանը չի փակվի։

Այս ամսվա սկզբում ընկերությունը կառավարության առջև պահանջ էր դրել արտանետվող ծծմբային անհիդրիդի օրենքով սահմանված տարեկան 5,600 տոննա թույլատրելի սահմանաչափի փոխարեն իրենց թույլ տալ արտանետել տարեկան մինչև 40 հազար տոննա՝ թույլատրելի նորմը գերազանցելով յոթ անգամ։

Իհարկե լավ է, որ կառավարությունը ողջամիտ որոշում կայացրեց և թույլատրեց ընկերության աշխատանքների շարունակումը: Բայց լավ չէ, որ դեռ որոշում չի կայացվում Ամուլսարի հանքի վերաբերյալ: Եվ դա այն դեպքում, երբ «Լիդիան Արմենիա» ընկերությունը նորմատիվային խախտումներ չունի և օրինակելի հանք է ոչ միայն հայաստանյան, այլ նաև միջազգային չափանիշներով:

Հիմա ի՞նչ: Ջերմուկի գործազուրկ բնակիչները ալավերդցիների պես փակե՞ն ճանապարհները, որ կառավարությունում ականջալուր լինեն նրանց խնդիրներին:

Եթե ճանապարհ փակելով պետք է հարցերը լուծվեն, ապա դա բումերանգի էֆեկտ կարող է ունենալ կառավարության համար: Վաղը կարող են մարդիկ ամեն մի առիթով, արդարացիորեն կամ ոչ արդարացիորեն բողոքի դուրս գան, փակեն ճանապարհներն ու փաստի առաջ կանգնեցնեն Փաշինյանի կառավարությանը:

Լուծումը, հետևաբար, պետք է գտնել ողջամտության ու պրոֆեսիոնալիզմի տիրույթում: Լուծումը պետք է լինի հօգուտ ՀՀ քաղաքացիների, հօգուտ Հայաստանի տնտեսության և հօգուտ մեր երկրի ներդրումային միջավայրի բարելավման: Իսկ դա նշանակում է, որ Ամուլսարի հանքը, եթե չունի բնապահպանական խնդիրներ, պետք է շահագործվի: Առայժմ ոչ մի հիմնավորում չկա, որ հանքը վնասելու է ջրային ռեսուրսներին: Անգամ կողմնակալ Բնապահպանական տեսչությունը չկարողացավ «կեղտ» գտնել հանքում ու ստիպված թիթեռ նկարեց:

Հայաստանը չպետք է միայն հանքարդյունաբերության վրա հիմնվի, բայց տեսանելի ապագայում մենք պետք է նաև հանքարդյունաբերությունը զարգացնենք, քանզի դա նաև ազգային անվտանգության հարց է: Ամուլսարի հանքի հարցը լուրջ փորձաքար է այս կառավարության համար և լրջորեն ազդելու է մեր տնտեսության հետագա զարգացման վրա:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը