Մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ընդունվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 252-րդ բանաձևը։ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում վերոնշյալ փաստի կապակցությամբ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասել է, որ արդյունքը սպասելի էր, քանի որ քվեարկությունից առաջ իրենք միշտ ունենում են պատկերը, և քվեարկության օրը չէ, որ ճշտվում են քվեարկության ձայները։ Դա երկարատև աշխատանքի արդյունքում ձևավորված հարաբերակցություն է, և այս անգամ աննախադեպ դժվար էին բանաձևի քվեարկությունն ու բանաձևի անցնելը։
Նա նշել է, որ թե՛ կողմ, թե՛ դեմ արտահայտվող կոնգրեսականների հիմնական փաստարկները կրկնվում էին, և միակ փաստարկը, որ ավելացել էր և ավելացրել դեմ-երի քանակը, հայ-թուրքական արձանագրությունների առկայությունն էր։
-Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր հետևեցին քննարկումներին, հասկացան, թե ինչպես կարող են արձանագրություններն արգելակել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը,- նշել է Ա. Ռուստամյանը։ Նա նշել է, որ ակնհայտ դարձավ, թե Թուրքիան ինչպես է սարսափում Ցեղասպանության միջազգային ճանաչումից, և որքան լուրջ ճնշում է դա Թուրքիայի վրա. «Իհարկե բարոյական առումով մեզ պատիվ չի բերում, որ ամեն անգամ այս հարցով փորձենք ինչ-որ ճնշումներ բանեցնել և օգտագործել քաղաքական սակարկությունների մեջ. սա առևտրի թեմա չէ։ Սա այն հարցն է, որ բոլոր երկրները, ովքեր հարգում են համամարդկային արժեքները, պարտավոր են ճանաչել»։
Նա նշել է նաև, որ մի քանի ամիս առաջ ձայների հարաբերակցությունն այսպիսին չէր, և կողմ-երի քանակն ավելի մեծ էր, սակայն թուրքերի աշխատանքից հետո այդ հարաբերակցությունը նվազեց։ Բոլոր դեմ քվեարկողները որպես հիմնավորում նշում էին, որ իրենք չեն ցանկանում խանգարել հենց Հայաստանին, քանի որ բանաձևն ընդունելով՝ կխանգարեին Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններին։
-Սա առաջին անգամ էր, որ արձանագրությունների ֆոնի վրա մենք կարողացանք մի կարևոր հաջողություն արձանագրել։ Սա կարևոր է նաև նրանով, որ մենք փորձում ենք ճեղքել լռության վարագույրը, որն առաջացել էր արձանագրությունների ֆոնի վրա։ Սա պետք է դաս լինի Թուրքիային, որ այս գործընթացը չի կասեցվելու։ Մենք պետք է մեր պայքարը չդադարեցնենք, այլ ընդհակառակը՝ նոր թափ հաղորդենք դրան,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը։
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները ևս այս ամենից եզրակացություններ կանեն և կգան այն մտքին, որ արձանագրությունների մեջ եղած վտանգները վերացնելը բխում է Հայաստանի շահերից։
Այդուհանդերձ, նա նշել է, որ բանաձևի ընդունումը հանձնաժողովի կողմից կարևոր քայլ էր, բայց վերջնական լուծում չէ, քանի որ հարցը պետք է լուծվի Կոնգրեսում։ Այս առումով նա կարևոր է համարում ուժերի միավորումը, քանի որ այս գործում Հայաստանի ունեցած ողջ պոտենցիալը չի աշխատում. «Մեր ողջ պետական ապարատը և մնացած բոլոր հայկական կազմակերպությունները պետք է համախմբեն իրենց ուժերը, միավորվեն, որ կարողանանք Կոնգրեսում քվեարկությունն անցկացնել և հաջողել այն»։ Հետևաբար պետք է մանրամասն ուսումնասիրվեն կողմ և դեմ ելույթների փաստարկները, քանի որ, ինչպես գնահատել է թուրքական մամուլը, սա լոբբինգների պատերազմ էր։
-Երբ այս կամ այն կոնգրեսականի հետ հանդիպում է Հայ դատի գրասենյակի պատասխանատուն, նա մտածում է, որ դա հավանաբար Դաշնակցության տեսակետն է, բայց եթե հանդիպում են և նույն տեսակետը ներկայացնում հայության բոլոր կողմերը, և ամենակարևորը՝ պետական մարմինները, դա բոլորովին այլ մոտեցում է,- ասել է Արմեն Ռուստամյանը և կարևորել, որ գոնե վերջին պահին Հայաստանի պատվիրակությունը ներկա է եղել և մասնակցել նիստին, քանի որ, բացի Դաշնակցության ներկայացուցչից, կան նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներ, ինչը ցույց է տալիս, որ հարցի վերաբերյալ միասնական մոտեցում կա։
ՀՅԴ պատգամավոր. «Սա իրոք լոբբինգների պատերազմ էր»

Արփի Բեգլարյան