Կարծիք

20.10.2018 10:24


Քֆուրը և հանրային սպասելիքները

Քֆուրը և հանրային սպասելիքները

Հեղափոխությունը լեգիտիմացրեց հանրային քֆուրը և այն վերածվեց հանրային դաշտում քաղաքական հարաբերությունների կարևոր գործիքի:

Հանրային քֆուրը սահմանազատեց «մենք»-ին և «դուք»-ին: Քֆուր տվողը «ժողովուրդն» է, իսկ քֆուր «ուտողները»՝ ժողովրդի թշնամիները: Այս պարագայում կյանքը հստակ է՝ կան սևեր և սպիտակներ, իսկ ընտրությունների արդյունքները` կանխատեսելի: Սակայն վերջերս նկատվում է քֆուրների կտրուկ նվազում, ինչը ցույց է տալիս, որ կյանքը կորցնում է իր հստակությունը, իսկ ժողովուրդը գնալով ավելի վատ է կողմնորոշվում ձևավորվող իրականության մեջ:

Դա ահազանգ է քաղաքական կազմակերպությունների համար, նաև՝ մարտահրավեր: Կարճ ասած, քվուրների ծավալի նվազումը հանրության շրջանում սկսված անորոշության ցուցիչ է: Փորձենք ավելի խորանալ երևույթի մեջ:

«Հայհոյանքը» արհեստական բառ է, որը չի արտահայտում մեր առօրյա կյանքի հույզերը, սպասելիքները, հիասթափությունը արտահայտող նեյրոլինգվիստիկ բառապաշարի էությունը: Արաբական «քֆուրը» ավելի խորքային եզր է:

«Քֆուր» բառը առաջացել է արաբական քուֆր ( كفر — անհավատություն, թաքցնել) բայից, որը իսլամում համարվում է ամենածանրագույն մեղքը: Քուֆրի, այսինքն՝ անհավատության մեջ բացահայտված մարդուն անվանում են Քաֆիր, թուրքերենով` Գյաուր, այսինքն՝ անհավատ:

Իսլամում կա Մեծ Քուֆր (Քուֆր Աքբար) և Փոքր Քուֆր (Քուֆր Ասղար): Մեծ Քուֆրի մեջ մեղադրվող անձի նախկինում արված ցանկացած լավ գործ զրոյացվում է և մեղադրվող անձը որևէ ներում և բեկում չունի:

Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ի դեմ Մեծ Քուֆր էր սկսվել: ՀՀԿ-ականները Քաֆիր էին՝ անհավատներ, իսկ ժողովուրդը՝ հեղափոխական արժեքների կրող: Սակայն, կարծես թե, իրավիճակ է փոխվում, քֆուրները նվազել են, իսկ որակական առումով` դարձել ավելի խոհական, անորոշ, հասցեատերերը` ոչ այնքան հստակ: Համայնքը անորոշության մեջ է հայտնվում:

Ժողովուրդը հստակություն է պահանջում և նոր թշնամիներ, իսկ առջևում ընտրություններ են:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը