Աշխարհ

09.02.2011 13:41


Իրանի դեսպան. «Պատերազմի վերսկսման հավանականություն գոյություն չունի»

Իրանի դեսպան. «Պատերազմի վերսկսման հավանականություն գոյություն չունի»

Մամուլի ազգային ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Ալի Սաղայանն ասել է, թե չնայած այն բանին, որ միջազգային փորձագետներն ասում են, թե տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքները հավասար են, սակայն իր կարծիքով մարդու իրավունքների կարգավիճակն ավելի բարձր է:

-Նախ չպետք է անտեսել մարդու իրավունքը և իր ճակատագիրը տնօրինելու իրավունքը, որի շնորհիվ էլ Հարավային Սուդանում մարդիկ հանրաքվեին մասնակցեցին, և իրենց կողմ քվեն տվեցին դրան,-ընդգծել է նա:

Պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական համարում Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունների վերսկսումը՝ Սեյեդ Ալի Սաղայանն ասել է, թե իր անձնական կարծիքով պատերազմի վերսկսման հավանականություն գոյություն չունի։

-Նախ այն պատճառով, որ չկան դրա նախադրյալները, և երկրորդ' տարածաշրջանի ազդեցիկ ուժերը' ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան և անգամ Մինսկի խմբի երկրները, թույլ չեն տա, որ նման բան տեղի ունենա: Ես այն կարծիքին եմ, որ տարածաշրջանը չի հանդուրժի պատերազմի վերսկսումը Հայաստանի և Ադրբեջանի կամ Ղարաբաղի և Ադրբեջանի միջև,-ընդգծել է նա:

Սեյեդ Ալի Սաղայանը մեջբերել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինջադի և´ Բաքվում, և´ Ստամբուլում հնչեցրած այն հայտարարությունը, ըստ որի ԻԻՀ-ի կարծիքով բոլոր հակամարտությունները, այդ թվում՝ ԼՂ-ի, պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով, և  Իրանն այդ հարցի կարգավորմանն օժանդակելու համար իրենից կախված ամեն ինչ կանի:

Դեսպանը նաև ընդգծել է, որ ցանկացած տարածաշրջանի համար հաճելի չէ այն երևույթը, որ որևէ երկիր այնքան զենքի կուտակում ունի, որքան Ադրբեջանում է, և որ տարածաշրջանային հզոր երկրներները փորձում են վերահսկել այդ գործընթացը։

Նա անիմաստ է համարել Ադրբեջանի հնչեցրած տեսակետները, թե Ղարաբաղյան պատերազմը կրոնական բնույթ ունի։

-Բոլորն էլ գիտեն, որ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումն այդ մասին հստակ է։ Մենք դեմ ենք, որ հակամարտությունը կրոնական բնույթ է կրում, և Ադրբեջանի իշխանություններն էլ այդ մասին գիտեն,-ընդգծել է Սեյեդ Ալի Սաղայանը։

Ուշագրավ է, որ Ադրբեջանում Իրանի դեսպան Մամեդբահիր Բահրամին հայտարարել է,  թե Իրանն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Նրա խոսքերով՝ պետք է ուշադիր հետևել Իրանի և Ադրբեջանի նախագահների խոսքերին, որոնք միշտ խոսել են երկու երկրների եղբայրական հարաբերությունների մասին։

-Իրանը միշտ քննադատել և քննադատում է ադրբեջանական տարածքների գրավումը։ Մեր դիրքորոշումը չի փոխվել,-ընդգծել է Բահրամին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը