Կարծիք

15.10.2018 12:13


Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին

Ի՞նչ է սպասվում Ամուլսարի հանքին
Ֆրանկոֆոնիայի ու արտահերթ ընտրությունների շուրջ առկա աղմուկի մեջ մի տեսակ հետին պլան մղվեց Հայաստանի ամենախոշորագույն ներդրումային ծրագրի՝ Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրը: Բայց միևնույն է թեման օրակարգային է և լուծում է պահանջում:
Որևէ մեկը հիմար չէ, որ չհասկանա, որ այդ հանքը ի վերջո շահագործվելու է, քանի որ սարի տակ կա 5 միլիարդ դոլար և հանքի բուն շահագործմանն անցնելու աշխատանքները գրեթե ավարտին են հասցված:
Որքան էլ մի քանի վարձկան աղմուկ բարձրացնեն ու նրանց հետևում կանգնածները տեղեկատվական գրոհ ձեռնարկեն, միևնույն է հանքը շահագործվելու է: Այդ մասին գիտեն ինչպես կառավարությունում, այնպես էլ մյուսները: Հարցն այն է, թե ինչպե՞ս է ավարտվելու այս պատմությունը՝ «#ԼիդիանԱրմենիայի» ձեռքից «չորով» խլելո՞ւ են այդ հանքը, թե՞ ոչ:
Պարզից էլ պարզ է, որ հանքը շահագործվելու է և շահագործվելու է «Լիդիան Արմենիայի» կողմից: Կամ էլ ոչ մեկը չի շահագործելու, ինչը անտրամաբանական կլինի աղքատության մեջ գտնվող Հայաստանի համար, քանի որ ոչ մի կառավարություն այնքան ինքնասպան չէ, որ թույլ չտա շահագործել մի հանք, որի արդյունքում լինելու են բյուջետային հսկայական եկամուտներ, ինչպես նաև լուծվելու են հազարավոր աշխատատեղերի խնդիրներ:
Եթե հանքը ի վերջո շահագործվի, բայց այլ կազմակերպության կողմից, ապա կհաստատվի այն թեզը, ըստ որի՝ հանքի շահագործման դեմ պայքարողներն ընդամենը նպաստել են հանքը «Լիդիան Արմենիայի» ձեռքից խլելուն և այլ սեփականատիրոջ հանձնելուն:
Ջերմուկցիներին պարզապես մոլորեցնում ու խաբում են: Նրանց այնքան են քարոզչական գրոհի ենթարկել, որ իրենք իրենց շահն էլ չեն հասկանում:
Կառավարության դանդաղկոտությունը որոշման կայացման հարցում պարզապես զարմանալի է: Հանքի ճանապարհներն ապօրինաբար փակելը ուղիղ հարված է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Մի՞թե հասկանալի չէ, որ սա տնտեսական սաբոտաժ է: Իսկ ո՞ւմ է ձեռնտու սաբոտաժը, եթե ոչ այս կառավարության հակառակորդներին ու նաև հանքի վրա աչք ունեցողներին:
Մի խոսքով, հանքը կա՛մ կշահագործվի ու օգուտներ կտա Հայաստանին, կա՛մ չի շահագործվի: Այլ տարբերակներ չկան: Այլ տարբերակները կոռուպցիայի մասին ուղղակի վկայություններ կլինեն:
Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը