Մեկնաբանություն

13.10.2018 14:42


Ֆրանսիական հեղափոխության դասերը (տեսանյութ)

Ֆրանսիական հեղափոխության դասերը (տեսանյութ)

1789-ին սկիզբ առած Ֆրանսիական հեղափոխությունը որոշակի «շտամպ» դրեց բոլոր հետագա հեղափոխությունների վրա: Ըստ այդմ՝ հեղափոխություններն ունենում են 3 հիմնական փուլեր՝

1.Ժիրոնդիստական (լույսի, սիրո, համերաշխության, բարության և այլն). նախորդ ռեժիմից ազատում,

2.Յակոբինյան (սարսափի, տեռորի, բռնության, դատական հետապնդումների, ատելության, անհանդուրժողականության և այլն). հեղափոխությունը խժռում է իր զավակներին,

3.Թերմիդորյան (սա նախորդ փուլերի կոմպրոմիսն է, երբ հեղափոխության հռչակած արժեքները փրկում են հեղափոխականներից և վերականգնում հաշվեկշիռը, բայց մի փոքր այլ մոդելով). անհանգիստ շրջանի ավարտ (ամբոխը դեպի գիլյոտին է ուղեկցում երբեմնի հեղափոխական իր կուռքերին) և հարաբերական կայունություն:

Այս երեք փուլերով պարբերաշրջանը փակվում է և սկսվում է նոր պարբերաշրջան:

Տարբեր երկրներում ու տարբեր ժամանակահատվածներում հեղափոխական ու հետհեղափոխական ընթացքը տարբեր ձևով է զարգացել, բայց բովանդակային առումով նշյալ փուլերը կրկնվել են: Ընդ որում՝ այն, ինչի դեմ դուրս է եկել ժողովուրդը, հեղափոխության արդյունքում հայտնվել է է՛լ ավելի կոշտ ռեժիմի տակ: Ասել է թե՝ ամբոխն իրականում ոչ թե հեղափոխական է, այլ պահպանողական: Ամբոխի գործողության տեսակն է լինում հեղափոխական, իսկ ահա արդյունքը՝ ոչ:

Թե ինչ ձևով և ինչ ժամանակահատվածում մեզ մոտ կարձանագրվեն հեղափոխական փուլերը, դժվար է ասել: Մեկ բան պարզ է, որ Հայաստանը յակոբինյան տեռորի ռեսուրս չունի, և հաշվի առնելով անվտանգության խնդիրները՝ չի կարող իրեն թույլ տալ բոլշևիկյան վերաբաշխում:

Պարզ է նաև, որ արագ կապի ու ֆեյսբուքյան այս դարաշրջանի պայմաններում մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի արագ կընթանա, քան եղել է պատմական այլ ժամանակահատվածներում:

Ի դեպ, Ֆրանսիայում տեղի ունեցած հեղափոխության թեմայով փայլուն ֆիլմ կա, որն առաջարկում ենք դիտել:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը