Աշխարհ

12.10.2018 14:01


Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Քանյե Ուեսթը Սպիտակ տանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հետ

Աշխարհահռչակ երաժիշտ և դիզայներ, հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ով հայտնի է Դոնալդ Թրամփին իր աջակցությամբ, նախօրեին այցելել է Սպիտակ տուն, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հետ:

Օվալաձև սենյակում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին նաև Թրամփի դուստր Իվանկան և փեսան՝ Ջարեդ Քուշները:

Երկարաշունչ ելույթի ընթացքում աշխարհահռչակ ռեփերը խոսել է իր քաղաքական հայացքներից, պարզաբանել, թե ինչու ընտրությունների ժամանակ չի աջակցել Հիլարի Քլինթոնին:

«Մարդիկ ակնկալում են, որ եթե դու աֆրոամերիկացի ես, ուրեմն աջակցում ես դեմոկրատներին»,-ասել է Քանյե Ուեսթը, ով հանդիպման էր եկել կարմիր գլխարկով՝ վրան գրված Թրամփի նախընտրական «Ամերիկան կրկին մեծ դարձնել» կարգախոսը:

Երաժիշտը Սպիտակ տան ղեկավարի հետ քննարկել է Ամերիկայում արդյունաբերության վերականգնմանը, բանտային բարեփոխումներին առնչվող հարցեր: Ուեսթը նաև խոսել է իր հավակնոտ ծրագրերից մեկի մասին՝ հայտարարելով, թե մտադիր է Apple ընկերության հետ համատեղ ստեղծել iPlane 1 հարմարավետ էկոօդանավեր:

Ամերիկյան լիբերալ մեդիայում քննադատության ալիք է բարձրացրել, մասնավորապես, Սպիտակ տանը հանդիպման ժամանակ Ուեսթի արած այն դիտարկումը, թե «հեռուստաշոուների ընթացքում Թրամփին վատ դրության մեջ դնելով՝ մենք ինքներս ենք վատ տեսք ստանում»:

«Նա մեր նախագահն է, և մենք պետք է օգնենք նրան: Մենք պետք է Ամերիկային վերադարձնենք աշխատատեղերը, այլ ոչ թե արտադրենք Չինաստանում»,-ասել է ամերիկացի ռեփերը` ցանկություն հայտնելով գրկել Թրամփին․ «Սիրում եմ այս տղային, թողեք գրկեմ նրան»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը