Մեկնաբանություն

09.10.2018 23:42


«Առնետավազքը» և «անասնագողությունը»

«Առնետավազքը» և «անասնագողությունը»

Հայաստանում հիմա «առնետավազքի» բաց առաջնություն է:

Հպարտ քաղաքացիներին միանում են հպարտ պատգամավորները՝ ժողովրդավարության ջատագովներ Լֆիկը, Քլոսը, ՍԱՍ-ի Արտակը, «ասմունքող» Տաճատ Վարդապետյանը և մյուսները:

Վերևից «առնետավազքի» «ադաբրյամսի» կոչ է հնչել: Հպարտ քաղաքացիները մի քիչ «մանթո» են, քանի որ չեն հասկանում, թե ինչո՞ւ պետք է քաջալերեն ու ծափահարեն երեկ թշնամի, իսկ այսօր գործընկեր ու հպարտ դարձած պատգամավորներին: Բայց քանի որ հրահանգն այդպիսին է, ուստի այն կատարվում է հեղափոխական կարգապահությամբ:

Կա նաև այլ տեսակետ: Ըստ այդմ՝ սա ոչ թե «առնետավազք» է, այլ՝ «անասնագողություն»:

Նախորդ ռեժիմի կողմից հիմնականում «անասուններով» էր լցվել ԱԺ-ն (կան նաև հաստիքային ծաղրածուներ) ու փորձ էր արվում օրենսդիր մարմինը վերածել անասնագոմի: Բայց, ինչպես հաճախ է լինում, խիարը թարս բուսնեց:

Հիմա «անասունները» հերթով դառնում են «հպարտ պատգամավորներ» ու հայտարարում, որ ամբողջ կյանքում երազել են, որպեսզի իրենք լիքը փող ծախսեն ու մեկ տարուց մի փոքր ավելի պատգամավոր աշխատեն, որից հետո դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ լինեն:

Հանուն ճշմարտության պետք է նկատել, որ «անասնագողությունը» նոր երևույթ չէ: Դրանով զբաղվել էին տարիներ առաջ, երբ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանից մեկ գիշերվա մեջ ահագին «անասուն» էին տարել ու այդպիսով փլուզել նրա գլխավորած պատգամավորական խումբը:

Հիմա «անասնագողությունը» կատարելագործվել է: Ի տարբերություն առաջվա, երբ գողությունը կատարվում էր գիշերով ու մթության քողի տակ, այժմ ամեն ինչ բաց է և թափանցիկ: Հայտնի են ինչպես «անասունի» գնորդը, այնպես էլ «անասունի» գինը: Ոմանք տրվում են «գաղափարական» հարցերից ելնելով, ոմանք հպարտ են դառնում «հոլանդական» աճուրդով, իսկ ոմանք՝ «անասնական» վախից ելնելով:

Սա, իրոք, սիրո և հանդուրժողականության հեղափոխություն է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը