Մեկնաբանություն

09.10.2018 12:38


Ծառուկյանի վերջին հուշագիրը. ԲՀԿ-ն կանցնի՞ հաջորդ խորհրդարան

Ծառուկյանի վերջին հուշագիրը. ԲՀԿ-ն կանցնի՞ հաջորդ խորհրդարան

Եվ այսպես, Գագիկ Ծառուկյանը, իր ոճին հավատարիմ, հուշագիր ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ՝ համաձայնելով արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել դեկտեմբերին և պարտավորվելով Փաշինյանի հրաժարականից հետո չառաջադրել վարչապետ ու չպաշտպանել որևէ այլ թեկնածուի:

Ծառուկյանի կյանքում նմանատիպ հուշագիր էլի է եղել: Խոսքը 2011 թվականին Սերժ Սարգսյանի հետ ստորագրած հուշագրի մասին է: Այն ժամանակ էլ Ծառուկյանին ձեռնտու չէր այդ հուշագիրը: Այն ժամանակ էլ նրան ինչ-ինչ լծակներով պարտադրեցին ստորագրել այդ հուշագիրը, որով նա պարտավորվում էր կցվել ՀՀԿ-ին ու 2012-ի խորհրդարանում չհավակնել ավելիին, քան ուներ 2007-ի ԱԺ ընտրությունների արդյունքում:

Այժմ Ծառուկյանին առաջարկվել է ոչ թե չհավակնել 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեռքբերածից ավելիին, այլ համակերպվել այն մտքի հետ, որ 2017-ին ստացած տոկոսները պակասելու են մի քանի անգամ: Ասել է թե՝ հիմա շատ ավելի դաժան հուշագիր է ստորագրվել, քան 7 տարի առաջ:

Եթե 7 տարի առաջ հանրության մոտ կար աջակցություն Ծառուկյանին, քանի որ հակառակ կողմում հանրային աջակցություն չվայելող Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ Ծառուկյանն այլ դիրքում է հայտնվել, քանի որ հանրային որոշակի աջակցություն վայելող Փաշինյանը Ծառուկյանի վրա փակցրել է «հակահեղափոխականի» ու «սևի» պիտակը:

Ն. Փաշինյանի և Ս. Սարգսյանի հետ ստորագրած հուշագրերի տարբերությունն այն է, որ եթե 2011-ին Ծառուկյանը ստորագրելուց հետո սկսեց հանրային երկխոսությունը և այդ հուշագիրը պատռելու գործընթացը, ապա այժմ նա այդպիսի հնարավորություն, պատկերացում և ռեսուրս չունի:

Երեկվա հուշագրով Ծառուկյանն, ըստ էության, հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Ու եթե 2015-ին հեռանալուց հետո նրա վերադարձը 2017-ին ստացվեց, քանի որ դիմացը Սերժ Սարգսյանն էր, ապա այժմ լրիվ այլ իրավիճակ է:

Երեկ ստորագրածը, թերևս, կլինի Գ. Ծառուկյանի կյանքի վերջին քաղաքական հուշագիրը, քանզի նրա քաղաքական գործոնը զգալիորեն կթուլանա (նաև՝ կթուլացնեն): Ծառուկյանն այժմ ընկալվելու է օտար յուրայինների, ինչպես նաև օտարների մեջ:

Ի դեպ, հարցականի տակ է ԲՀԿ-ի՝ ապագա խորհրդարանում հայտնվելու հեռանկարը:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա գնում է ՀՀ խորհրդարանը Երևանի ավագանու մոդելով ձևավորելու ճանապարհով, այսինքն՝ բացարձակ իշխանություն ձևավորելու ճանապարհով: Թե ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել՝ այլ հոդվածի թեմա է:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը