Կարծիք

04.03.2010 13:00


Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք՝ պառակտման ուղիով

Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք՝ պառակտման ուղիով

Մարտի 1-ին «Թեքեյան կենտրոն»-ի դահլիճում տեղի ունեցած «Մարտի 1-ի դասերը և Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները» թեմայով հավաք-քննարկման ժամանակ հնչած «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի զեկույցը

1991 թվականի սեպտեմբեր 21-ի Անկախության հանրաքվեն ընդամենը ձևական իրավական, քաղաքական ակտ էր, իսկ անկախության կերտման սկիզբն ազդարարվեց 2008-ի մարտի 1-ին, 10 հայ մարդկանց նահատակությամբ։

Պատահական չեմ համարում այս երկու տարիների ընթացքում հայ երիտասարդ հրապարակախոսների կողմից հայաստանակենտրոնության և ինքնիշխանության անհրաժեշտության մասին հաճախակի դարձած հրապարակումները, քանի որ.

  • առանց անկախության մենք չենք կարողանալու վերաբնակեցնել հազարավոր մարտիկների նահատակության գնով ազատագրված հայրենի տարածքները,
  • առանց անկախության մեզ չի հաջողվելու կասեցնել արտագաղթը,
  • առանց անկախության մենք չենք կարողանալու կազմակերպել հայերի հայրենադարձությունը, առանց որի մեր երկրի ժողովրդագրական պատկերը կլինի ծանր:

Երկար կարելի է թվարկել այս շարքը, հիշատակելով բազմաթիվ չիրականացված կարևորագույն ծրագրեր, որոնց իրականացումը ուղղակի կապվում է իրական անկախության անհրաժեշտության հետ:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը, մշակելով իր գաղափարական, քաղաքական սկզբունքները, մեծ նշանակություն է տալիս ապագա հայ քաղաքական մտքում հայաստանակենտրոնության դրույթին:

Ապագա քաղաքական դաշտը պիտի կարողանա ձերբազատվել տարատեսակ արևելումների գայթակղությունից: Առանց հայաստանակենտրոն քաղաքական կամքի ձևավորման մեզ չի հաջողվելու կյանքի կոչել վերը նշյալ կետերից որևէ մեկը:

Ցանկանում եմ կատարել շատ կարևոր մի շեշտադրում: "Սարդարապատ" շարժման նախաձեռնությունը  երբեք չի գործելու ընդդեմ որևէ ուժի, առավել ևս ընդդիմադիր միավորի կամ գործչի: Մեր շարժումը գործելու է միավորման, համախմբման, այլ ոչ երբեք' պառակտման ուղիով:

Այժմ ներկայացնեմ շարժման քաղաքական, գաղափարական գործունեության, ներքին մարտավարական սկզբունքների մի մասը և կազմակերպական խնդիրները, որի շուրջ, ըստ էության պիտի տեղի ունենա շարժման կազմավորումը:

Իսկ մինչ դրան անցնելը, մեր խնդիրն է սարդարապատային իրավիճակի գիտակցման տարածումը, և եթե դա մեզ չհաջողվի, ապա մնացյալ ամեն ինչ կդառնա անիմաստ:

Առաջին հերթին հայ մարդկանց մոտ պետք է գերիշխի հենց այս իրավիճակի գիտակցումը և ամեն ինչ պետք է ելնի այն իրողությունից, որ իրավիճակը սարդարապատային է:

Ըստ էության, մենք շատ ենք կարևորում Արցախի խնդիրը և նրա հետ կապված լուծման մեր պատկերացումը հետևյալն է: Կարծում եմ մենք գտել ենք ինչ-որ եզր, որի շուրջ պետք է համախմբվեն, անկախ իզմերից, քաղաքական գործիչները: Այս հարցում մենք չենք ցանկանում ընդգծված դիրքերից խոսել, սակայն շատ ենք կարևորում Արցախի խնդրի լուծման հիմքը տեսնել հաստատված այսօրվա ստատուս-քվոյի սահմաններում, այսինքն մեր շարժման մասնակից կարող են լինել այն մարդիկ, ովքեր այս մտքի հետ են համամիտ: Նրանք, ովքեր, որ կողմնակից չեն ինչ-որ զիջումների, միայն նրանք կարող են դառնալ Սարդարապատ շարժման մասնակից:

Հաջորդ սկզբունքը, որի մասին մենք ունենք ընդգծված դիրքորոշում, դա հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ է: Անձնապես ես և նաև իմ գործընկերները ունենք մեր մոտեցումները այս խնդրի շուրջ, սակայն այսօր մենք պարտավոր ենք մեր անձնական կարծիքները, և առկա հանգամանքները մի կողմ թողնել և փորձել ընդհանուր հայտարար գտնել, որպեսզի կարողանանք հավաքական դարձնել մեր մտիքը առաջին հերթին: Մինչև այն ժամանակ, քանի դեռ մենք չենք ձևավորել, չենք ստեղծել պետություն, պետականություն, որևէ մի հարաբերության, երկխոսության մասին խոսել, մենք համարում ենք անիմաստ: 

Դեռևս 90-ականների սկզբներին սկսվեց ձևավորվել մի մոտեցում, որն հետագայում դարձավ արդեն կարծրատիպ և մինչ օրս շարունակվում է. "Հայաստանը' հայաստանցիներին, սփյուռքը' սփյուռքում բնակվողներին": Կարծում եմ, որ եկել է ժամանակը այս կարծրատիպը փշրելու, ասելով որ Հայաստանով ամեն հայ, ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է զբաղվելու և գործելու:

Բոլորս գիտենք, որ մեր երկրի ներսում ինչպիսի գործունեություն են ծավալում համապատասխան կայսրությունների հատուկ ծառայությունները: Ստացվում է այնպես, որ բոլոր օտար գործակալություններն իրավունք ունեն մեր երկրի ներսում քաղաքականությամբ զբաղվելու, բացի հայերից: Այս իմաստով մենք նույնիսկ ուզում ենք հայ մտքում բեկում մտցնել և շեշտել, որ միայն ու միայն համահայկական ներուժի կայացման և աշխատանքի արդյունքում է լինելու Հայաստանի զարգացումը:

Հաջորդը, որ կուզեի անդրադառնալ, ըստ էության քաղաքական դաշտի, մեր պետական այրերի, պաշտոնյաների բարոյականացման և նույն հասարակության բարոյականացման հանգամանքին է վերաբերում: Ես չէի փաստի, որ մեր և մեր համախոհների մոտ այդ խնդիրը ամբողջությամբ լուծված է: Խոսքը գնում է բարոյականացման ձգտման մասին, և թե արդյոք մեզ հաջորդող սերնդին փոխանցում ենք այդ ձգտումը թե ոչ:

Մեր երկում առկա է սոցիալական գերծայրահեղ երկբևեռվածություն, որը մենք երբեք չենք հանդուրժելու և ապագա Հայաստանում մենք չենք պատկերացնում գերհարուստների և ծայրահեղ աղքատների առկայություն:

Համոզված ասում եմ, որ այսպիսի վիճակում հայ մարդը երբեք չի եղել: Անգամ Ցեղասպանությունից մազապուրծ մեր պապերը, նույնիսկ համարյա բոբիկ, հասնելով օտար ափեր, որևիցէ մեկը մուրացկանությամբ չզբաղվեց, որևիցե մեկը աղբ չքրքրեց: Նրանք ունեցան աշխատանք և կարողացան իրենց ընտանիքներին կերակրել:

Հայաստանում առկա այս ռեժիմը բոլոր օտար ռեժիմներից ավելի վատ ռեժիմ է այն առումով, որ օտարը, օտար ափերում մեզ տվել է հնարավորություն աշխատանք գտնելու և արժանապատիվ ապրելու, իսկ այս ռեժիմը իր առաջ խնդիր է դրել, որ հայ մարդը երբեք աշխատանք չգտնի իր հայրենիքում: Այս իրողությունը մենք երբեք չենք հանդուրժելու:

Ապագա իշխանափոխությունից հետո մեր պատկերացրած Հայաստանում այն մարդիկ, որոնք կրիմինալ միջոցներով դարձել են միլիոնատերեր կամ միլիարդատերեր, դրանց ունեցվածքը պիտի ազգայնացվի և եթե այս իրողությունը, մենք հայերս և ապագա քաղաքական գործիչները իրենց մեջ այդ ուժը չգտան փոխելու, ապա պետականության մասին խոսալն անիմաստ է: Այս միտքը հայտնում եմ  որևէ մեկի նկատմամբ վրեժխնդրության զգացում չունենալով, բայց օրենքը խախտելու միջոցով, ժողովրդին կեղեքելու միջոցով միլիոններ կուտակած օլիգարխների ոչ միայն ունեցվածքը պիտի ազգայնացվի, այլ նրանք օրենքի սահմաներում պիտի պատժվեն:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը շատ է կարևորում երկիրը իրավական պետության վերածելու խնդիրը: Իրավական համակարգի մասին առհասարակ չեմ պատրաստվում մանրամասնել, սակայն կուզենայի մի դրվագի օգնությամբ տալ իրազեկում մեր պատկերացրած իրավական համակարգի մասին: Փորձեմ այն ցույց տալ ոստիկանի օրինակով:

Մեր պատկերացրած ապագա Հայաստանում անշուշտ պետք է հիմնավոր կերպով փոխվի այն արժեհամակարգը, որն իշխում է այսօր  ուռճացված այս ոստիկանական համակարգում: Ոչ միայն այդ արժեհամակարգը պիտի փոխվի, այլ նաև այն համազգեստը, որն այսօր կրում է ոստիկանը: Մենք չենք պատկերացնում հայ ոստիկանին մահակով: Մահակով ոստիկանը կայսերական երևույթ է, և եթե ոստիկանը մահակով է, ապա դա նշանակում է, որ ինչ-որ կայսրություն շարունակում է իշխել մեր երկրին: Այն օրը, որ մենք վերացնենք այդ մահակը ոստիկանի ձեռքից, մենք անկախության սկիզբը դրած կլինենք:

Հաջորդ միտքը վերաբերվում է մեր սիրելի Երևանին և ինչու չէ մնացյալ քաղաքներին նույնպես: Երևանն այսօր օր-օրի վերածվում է Բաբելոնի և եթե սա մենք չկանխենք, ապա կործանված ենք բառի բուն իմաստով: Ուստի մեր պատկերացրած Հայաստանում պետք է իրականացվի մի այնպիսի քաղաքականություն, որ կարճ ժամանակահատվածում բնակչության արտահոսք տեղի ունենա Երևանից դեպի մարզեր, դեպի գյուղական համայնքներ: Սա մենք նույնպես տեսնում ենք որպես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր:  

Հաջորդը' ժողովրդագրական պատկերի մասին է: Այն այսօր ողբալի վիճակում է գտնվում: Ժողովրդագրական պատկերը բավարար չէ փոփոխել դեպի դրականը, եթե խրախուսվում է ծնելիությունը կամ օրենքներ են ընդունվում ազգաբնակչության աճը խրախուսելու նպատակով: Իրավիճակը արմատական կերպով կարելի է փոփոխել, եթե միայն ու միայն կազմակերպվի հայրենադարձություն, կազմակերպվի հազարավոր հայ մարդկանց վերադարձ հայրենիք' Հայաստան: Միայն այս միջոցով է հնարավոր գալիք հինգ, տաս տարիների ընթացքում կտրուկ փոխել իրավիճակը:

 

Այժմ ներկայացնեմ ներքին մարտավարական այն սկզբունքները, որոնց հիման վրա կձևավորվի ապագա մարտավարությունը այս ռեժիմից ձերբազատվելու:

Նշեմ այդ սկզբունքները կամ հիմնադրույթները.

-պետք է գիտակցել, որ այս ռեժիմի փլուզման բանալին չի գտնվում օտար ուժերի շահերի դաշտում,

-պետք է հավատալ մեր ժողովրդի ներուժին և հենվել նրա վրա,

-պետք է գիտակցել, որ ժամանակը մեր օգտին չի աշխատում,

-բոլոր քայլերը պետք է ուղղված լինեն հիմնավոր լուծման հասնելու համար, այլ ոչ ժամանակավոր լուծումների, զորօրինակ, հերթական կամ արտահերթ ընտրություններ են, մասնակցենք, փորձենք խորհրդարանում կամ այլ ատյաններում բեմահարթակ ունենալ և այնտեղից համապատասխան աղմուկ բարձրացնել և այսպես փորձենք գնալ առաջ: Փորձենք ժողովրդի ձայնը այդ ատյաններում հնչեցնել: Պետք է հրաժարվել այս մոտեցումից: Դա ժողովրդին մոլորեցնող մարտավարություն է: Պետք է իրականացնել այնպիսի քայլերի հաջորդականություն, որի լուծումները կբերեն հիմնավոր փոփոխությունների,

-ունենք ժողովրդին մոբիլիզացնելու խնդիր, մարդկային այնպիսի խմբով, որոնց մոտ գերակայում է ազնվությունը, մաքրությունը, մարդկանց մոտ հանուն ընդհանուրի զոհողության գնալու պատրաստակամությունը.

-այս ռեժիմի օրոք մասնակցել ցանկացած ընտրությունների, համարվում է արկածախնդրություն, առավել ևս որ մենք ցանկանում ենք որակական փոփոխություններ, ինչն անհնար է դիկտատուրայի պայմաններում,

-մեր գործունեությունը մենք տեսնում ենք վերջին 15 տարիներին Հայաստանում ձևավորված քաղաքական դաշտից դուրս: Այն քաղաքական դաշտում, որտեղ իշխում է նյութապաշտությունը և այդ նյութապաշտության վրա ձևավորված մրցակցությունը և այդ դաշտում խաղում են 90 տոկոսով պատեհապաշտ մարդիկ: Այդ դաշտում մենք չենք կարողանալու որևէ լուրջ համախմբում, կառույց ձևավորել: Մենք խնդիր չունենք այս իշխանություններին որևէ կծու խոսք ասելու կամ գնահատական տալու նրանց կատարած քայլերին, որովհետև ժողովուրդը մեզանից լավ գիտի դա : Ամեն ինչ ասված է, և մեզ մնում է միայն քայլերի հաջորդականությունը բացատրել ժողովրդին: Ուրեմն, այս դաշտից դուրս մենք պետք է գտնենք մի մեխանիզմ, որի արդյունքում մենք պետք է ձեռք ձգենք նաև իրավական մանդատը այս ռեժիմը տապալելու: Այս մասին ես կխոսեմ ավելի ուշ, մեր հաջորդ հանդիպումների ժամանակ: Միայն այս դաշտից դուրս ձևավորվելիք համակարգը կայանալուց հետո է, որ հայտ կներկայացնենք ռեժիմը տապալելու,

-մեր համոզումն է, որ համահայկական ներուժի մեկտեղմամբ է, որ հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալու, այսինքն արտերկրում բնակվող հայերի և բարոյական, և ինֆորմացիոն, և նյութական օժանդակության շնորհիվ միայն հնարավոր կլինի շտկել իրավիճակը,

-ՀՀ Սահմանադրության 2-րդ կետը շեշտում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Այս հանգամանքը նույնպես պետք է նկատի առնվի ընդդիմադիր որևէ միավորի կողմից և նա պետք է հենվի հենց այս հենքի վրա: Ժողովրդին է պատկանում իշխանությունը, ժողովրդին թույլատրվում է ամեն ինչ, ժողովուրդը ինչ կուզի կանի, այսպես ասած ողջամիտ ժամկետում: Մենք պետք է հավատանք դրան:

Ամփոփելով խոսքս կուզեի բոլորի անունից, խոսք ուղղել Մարտի 1-ը կազմակերպող ոճրագործներին, նրանց ասելով հետևյալը. «մենք ձեզ անպատիժ չենք թողնելու այս ամենը»:

Ժիրայր Սեֆիլյան

Այս խորագրի վերջին նյութերը