Մեկնաբանություն

05.10.2018 14:16


Գագիկ Ծառուկյանը՝ հեղափոխության և «ասֆալտին պառկելու» արանքում

Գագիկ Ծառուկյանը՝ հեղափոխության և «ասֆալտին պառկելու» արանքում

Հեղափոխական ախորժակն ուտելիս է բացվում։

Սկզբում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջն էր։ Հետո «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»–ը սահուն փոխակերպվեց «Նիկոլ վարչապետ»–ի։

Հիմա Նիկոլ Փաշինյանը պահանջում է ամբողջը։ Այստեղ և այժմ։

Հեղափոխությունն իր բնույթով տոտալիտար վեկտոր ունեցող երևույթ է դառնում, եթե չունի ներառականություն։ Փորձը ցույց է տալիս, որ ինչ հեղափոխություն էլ անենք, վերջում բոլշևիկյան է ստացվում։ Եվ պարտադիր չէ, որ զանգվածները Մարքսին մեջբերեն, իսկ առաջնորդները երդվեն Էնգելսի ու Լենինի աշխատությունների վրա։

Աղքատության բարձր տոկոս ունեցող հասարակությունները հեղափոխությունից հետո պահանջում են «Էքսպոպրիատորների էքսպոպրիացիա»։ Ավելի պարզ ասած՝ հարուստների ունեզրկում։

Աղքատները հույս ունեն, որ եթե փողը հարուստներից վերցնեն, ապա իրենց են բաժանելու։ Այդպես, իհարկե, չի լինում, բայց այդ մասին սոված զանգվածներն ամենավերջում են իմանում, երբ դառնում են «հավասար»՝ մինչև այդ լինելով «հպարտ»։

Հայաստանում տեղի ունեցած ապրիլյան հեղափոխությունն իր մեջ ներառեց հանրության գրեթե բոլոր շերտերին, բայց հետագայում կառավարությունը հենվեց դրա ամենաունեզուրկ հատվածի վրա, քանզի չէր պատրաստվում ներառական դարձնել իշխանական ու քաղաքական դաշտը։ Հենց դա էլ կոնֆլիկ առաջացրեց «կոալիցիայում» ու ստիպեց, մասնավորապես, Գագիկ Ծառուկյանին հակադրվել Փաշինյանի ծրագրերին։

Գագիկ Ծառուկյանն, ըստ այդմ, ոչ թե հակահեղափոխությանն է պաշտպանում, այլ ինքն իրեն, որպեսզի, պատկերավոր ասած, «չպառկի ասֆալտին» կամ «չծեփվի պատին»։

Ծառուկյանը շատ լավ հասկանում է, որ եթե անգամ ապագա խորհրդարանում ունենա 30 պատգամավոր (ինչի «կուտը» նիկոլականները տալիս են ԲՀԿ–ականներին), ապա միևնույն է դա հնարավորություն չի տալու խուսափել «ասֆալտին չպառկելու» հեռանկարից։ Հատկապես որ Նիկոլ Փաշինյանը չի էլ թաքցնում, որ խորհրդարանը Երևանի ավագանու պես սարքելուց հետո պատրաստվում է մտնել հեղափոխության յակոբինյան, այսինքն՝ վենդետայի ու կուլակաթափության փուլ։ Բնական է, որ այս պայմաններում Ծառուկյանը պետք է պաշտպանվի։

Եթե Փաշինյանը գնար լայն համախմբման ու ոչ կոնֆլիկտածին ճանապարհով, եթե Փաշինյանը պահեր սիրո և հանդուրժողականության գիծը, ապա ոչ մի, այսպես կոչված, հակահեղափոխություն չէր լինի։

Սերժ Սարգսյանի հեռացմամբ երևի թե ամենաշատը շահագրգռվածներից մեկը, հասկանալի ու հայտնի պատճառներով, եղել է Գագիկ Ծառուկյանը։ Բայց եթե Ծառուկյանը քվեարկում է ՀՀԿ–ի հետ միասնաբար, ապա այստեղ մտածելու բան կա։

Ծառուկյանին այլընտրանք չեն թողել։ Ասում են՝ ընտրիր «ասֆալտին պառկելու» կամ «պատին ծեփվելու» միջև, ինչի արդյունքում նա հայտնվել է հեղափոխության ու «ասֆալտի» արանքում։

Բոլշևիկյան կոդի պայմաններում Ծառուկյանին չի փրկի անգամ այն, որ ինքը հայտարարում է, որ հեղափոխական է։ Բոլշևիկյան կոդը փրկվելու երաշխիք չի տվել անգամ թունդ բոլշևիկներին, ուր մնաց թե փրկության տոմս տա Գագիկ Ծառուկյանին։ Կողմերը դա շատ լավ գիտեն ու բռնվել են մարտի։ Ու որպեսզի այդ մարտից հետո Հայաստանը չհայտնվի փլատակների տակ, մեզ նաև փոխզիջումային ու պահեստային տարբերակներ են պետք։

Հայաստանը չպետք է կրակն ընկնի այս ամենի ձեռքը։ Հեղափոխության ախորժակն ուտելիս է բացվում, բայց հեղափոխությունը նաև իր զավակներին խժռելու հատկություն ունի և այս մասին պետք է բոլորը իմանան։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը