Մեկնաբանություն

05.10.2018 12:56


Հեղափոխական տուրբուլենտության նոր փուլ

Հեղափոխական տուրբուլենտության նոր փուլ

Դեռևս վարչապետ դառնալու ժամանակ էր ակնհայտ, որ Նիկոլ Փաշինյանը ձգտում է ամբողջական իշխանության և չի պատրաստվում ներառական իշխանական ու քաղաքական համակարգ ձևավորել։

Ակնհայտ էր նաև, որ ՀՅԴ–ի, «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի» և «Հանրապետության» հետ, այսպես կոչված, կոալիցիան ձևական բնույթ ունի։ Նիկոլ Փաշինյանն ու նշյալ կուսակցությունները դարձան ոխերիմ գործընկերներ։

Փաշինյանն ամեն կերպ ցույց էր տալիս, որ բանի տեղ չի դնում ու չի դնելու այդ կուսակցություններին ու նրանք իր համար ՀՀԿ–ից շատ չեն տարբերվում։ Իրենց հերթին «կոալիցիայի» մաս կազմող կուսակցությունների քառյակն ամեն կերպ փորձում էր ցույց տալ, որ հավատարիմ է Փաշինյանին ու դեմ հակահեղափոխությանը՝ սեփական հաշվարկներն անելով և հարմար պահի սպասելով։

Երևանի ավագանու ընտրությունները վերջ դրեցին ձևականությունների փուլին։ Եթե ոմանք պատրանքներ ունեին, թե կարող են պայմանավորվել Փաշինյանի հետ, ապա «սև–սպիտակային» քարոզը փլեց այդ պատրանքները։

Օգտվելով 81 տոկոս ձայն ստանալու փաստից՝ Փաշինյանը որոշեց արագացնել ամբողջական իշխանություն ձևավորելու իր ծրագրերի կյանքի կոչումը, ինչը ռեակցիա առաջացրեց, որն էլ իր հերթին ծնեց աղմկահարույց օրինագծի ընդունումը։

Օրինագիծն այդ Փաշինյանի համար առիթ էր, որպեսզի նա դիմի ուժի՝ մարդկանց հանի փողոց։ Փողոց դուրս գալն ու ԱԺ–ն «գրավելը» ուժի ցուցադրության, նաև՝ շանտաժի դիմելու ձև էր՝ «Եթե իմ ուզած ժամկետներում արտահերթ ընտրությունների չհամաձայնեք, ապա ժողովուրդը ձեզ կբզկտի» թեմայով։ Խորհրդարանական մեծամասնությունը չտրվեց այդ շանտաժին, ու հիմա դիրքային կոշտ պայքարի փուլ է։

Այս փուլում բարձրացել է ԲՀԿ–ի դերը։ Գագիկ Ծառուկյանը, թերևս, գիտակցում է դա և փորձում խաղալ երկու դաշտում։ Մի կողմից հայտարարում է, որ ինքը հեղափոխական է ու հեղափոխությունը չէր լինի, եթե իր աջակցությունը չլիներ, որ ինքը Փաշինյանին մեջքից չի հարվածում, որ նախորդ նախագահների հետ ինքը կապ չունի, իսկ մյուս կողմից էլ Փաշինյանին է քննադատում՝ ասելով, որ հակահեղափոխականներին վարչապետը թող փնտրի իր թիմում և որ ներդրումների վատ վիճակը պայմանավորված է «ասֆալտներին փռելու» քաղաքականությամբ։

Իր հեռուստահարցազրույցում Ծառուկյանը անորոշ և լղոզված ձևակերպում տվեց դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասով։ Նրա կողմից առաջ քաշած «ժողովուրդը ոնց որոշի, մենք դրան կողմ կլինենք»–ը շատ հարաբերական «այո» և «ոչ» է։

Այս ամենից հետևում է, որ առաջիկա օրերին մեր երկիրը թևակոխելու է հեղափոխական տուրբուլենտության նոր, շատ ավելի բարդ շրջան և հնարավոր են տարատեսակ զարգացումներ։ Թե որ սցենարը կունենանք պրակտիկայում, կախված կլինի այն բանից, թե ինչպիսի հաշվեկշիռ կհաստատվի քաղաքական դաշտում և ինչպիսին կլինի փողոցի գործոնն այդ գործընթացում։

Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արել է, որպեսզի քաղաքական դաշտում որևէ գործընկեր չունենա։ Նա միանձնյա կառավարման կողմնակից է և դա արձանագրել են բոլորը։ Փաշինյանն առաջնորդվում է «Ամբողջը և հիմա» կարգախոսով, ինչը կոնֆլիկտածին է։ Հիմա Հայաստանը հայտնվել է այդ կոնֆլիկտածին սցենարի պատանդի կարգավիճակում։ Մինչդեռ մենք պետք է որպես պետություն նաև այլընտրանքային սցենարներ ունենանք։ Քանզի կարևորը ոչ թե անձերն են, այլ Հայաստանի անվտանգությունը և ՀՀ քաղաքացիների բարեկեցությունը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը