Մեկնաբանություն

04.10.2018 23:57


Կամավոր և բռնի ստրկացման տարբերությունները

Կամավոր և բռնի ստրկացման տարբերությունները

Բռնի ստրկացումից կարելի է մի օր ազատագրվել։ Կամավոր ստրկացումից ազատագրում չկա։

Բռնություն կիրառելով՝ ստրկատերը կարող է տիրել մարմնին, բայց ոչ հոգուն և մտքին։ Իսկ երբ ստրկացվողը կամավոր է հանձնում իր հոգին և ուղեղը, ապա նրա մարմինն ազատագրելու շանս և իմաստ չկա։

Բռնի ստրկացվողը շատ լավ գիտակցում է իր ստրկական վիճակը և մտածում ստրկությունից ազատվելու մասին, իսկ կամավոր ստրկացողն այդ ուղղությամբ չի մտածում, քանզի ինքը չի գիտակցում, որ ստրուկ է։

Բռնի ստրկատերը իրեն հեռու է պահում իր ստրուկների հետ անմիջական շփումներից։ Իսկ ահա կամավոր ստրկատերը գտնվում է, այսպես ասած, հասանելի անհասանելիության ռեժիմում, այսինքն՝ ստրկատերը համոզում է ստրուկին, որ ինքը ստրուկին ծառայում է և ամեն ինչ ստրուկն է որոշում, բայց դա մեծագույն բլեֆ է և լկտի սուտ։

Բռնի ստրկացնելու տարբեր ձևեր կան։ Տարածված է ֆիզիկական ուժի կիրառումը։ Կարելի է նաև փողով ստրկացնել մարդկանց, օրինակ՝ 10 հազար դրամով։ Քաղաքականապես բոմժացնել նրանց կամ սոցիալապես աղքատացնել, ու հետո 10 հազար դրամով դարձնել իշխանության ստրուկը։

Կամավոր ստրկության դեպքում բռնություն պետք չէ։ Կարելի է մարդուն ներշնչել, որ ինքը արդեն ազատագրվել է ստրկությունից, քանզի ապստամբել է բռնի ստրկատիրոջ դեմ։ Բայց դա պատրանք է. կամավոր ստրկացողները միշտ պատրանքների գիրկն են ընկնում։

Կամավոր ստրկացողը, ի տարբերություն բռնիի, հիվանդ է։ Հիվանդ են նրա հոգին և ուղեղը։ Բռնությունից ազատվել կարելի է ցանկացած հարմար պահի, իսկ ահա կամավոր ստրկացումից ազատագրումը ժամանակ ու լուրջ բժիշկ է պահանջում։

Մեր օրերում հիմնականում հանդիպում ենք կամավոր ստրկացման տարատեսակների։ Մարդիկ կախվածության մեջ են հայտնվում նյութական արժեքներից՝ տեխնիկա, պերճանքի առարկաներ, լայն սպառման ապրանքներ և այլն։

Կան անհատական և կոլեկտիվ ստրկացման տարբերակներ։ Կոլեկտիվ ստրկացման դեպքերի, որպես կանոն, հանդիպում ենք քաղաքական դաշտում։ Ստրկացնելու համար կիրառվում է վախի ներշնչման ու թշնամու կերպարի ստեղծման տեխնոլոգիան։ Սուտը և մանիպուլյացիան կամավոր ստրկացման լավագույն գործիքներն են։

Որքան հիվանդ ու չկայացած է հասարակությունը, այնքան հեշտ է այն ստրկացնել կամավոր հիմունքներով։ Կամավոր ստրկացումից դուրս գալու համար ժամանակ է պետք կամ շոկ։ Երկու դեպքում էլ պետությունը և հասարակությունը տուժում են, բայց դա այն գինն է, որը վճարվում է՝ կամավոր ստրկության մեջ հայտնվելու դիմաց։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը