Կարծիք

04.10.2018 10:23


Հայաստանում մոտակա քսան տարում հաստատվելու է դասական ավտորիտար ռեժիմ

Հայաստանում մոտակա քսան տարում հաստատվելու է դասական ավտորիտար ռեժիմ

ՍԻՐՈՒՑ ՄԻՆՉԵՎ ԱՎՏՈՐԻՏԱՐԻԶՄ

Երբ լեգենդար Ազնավուրի մահվան բոթը վրա հասավ, և նախկին ու ներկա ղեկավարները սկսեցին ցավակցական տեքստեր հղել, ես նկատեցի, թե որքան միմյանց նման էին նրանց խոսքերը: Այդ հանգամանքն ինձ հոկտեմբերի երկուսի առավոտյան առիթ տվեց մտածելու, որ կհաստատվի մի քանի օրյա ներքաղաքական խաղաղություն, բայց նույն օրվա երեկոյան արդեն ես սխալվեցի իմ կանխատեսումներում: Ոչ միայն խաղաղություն չհաստատվեց, այլև մի իսկական պատերազմ սկսվեց Բաղրամյան պողոտայում:
Հիմա կմտածեք՝ ինչ պատերազմ, եթե կողմերը զինված չէին, և ցուցարարներն էլ խաղաղ էին: Պարզվում է՝ զինված կարելի է լինել ոչ միայն զենքով,այլև ատելությամբ և հայհոյանքներով: Այսօր հայաստանյան իրականության մեջ հայհոյանքը դարձել է քաղաքական կատեգորիա՝ շնորհիվ «սիրո և համերաշխության» հեղափոխության: Այսինքն, որքան շատ ես հայհոյում քո ընդդիմախոսին, այնքան հայրենասեր ես դու: Որքան ագրեսիվ ես, այնքան նվիրյալ հեղափոխական ես: Եվ կարևոր չէ՝ այդ մարդիկ, ում դու հայհոյում ես, ընտանիք ունե՞ն, երեխաներ, ծնողներ ունե՞ն, թե՞ ոչ. նրանց պետք է դարձնել իզգոյ սեփական երկրում:
Բարեկամներ: Մենք ապրում ենք 21-րդ դարում, երբ սեփական տեսակետ ունենալն ու այն արտահայտելը չպետք է ընդունվի սվիններով: Ես մեկ հոդված և երկու բաց նամակ գրեցի, հեղափոխականները քիչ մնաց ինձ պատառոտեն: Էլ՝ ազգի դավաճա՜ն, էլ պատվեր կատարո՜ղ, էլ գող փիսո, էլ քաչալ շուն... Եվ նրանց սպառնալիքները հետևյալն էին՝ դու այս երկրում այլևս աշխատանք չես գտնի, քո երեխան բաց ճակատով այլևս դուրս չի գա փողոց:
Ինչպիսի՜ անարգանքի սյուն, ինչպիսի՜ ամոթանք, կարծես ես որևէ անբարոյական կամ հանցավոր արարք եմ ինձ թույլ տվել: Օ Աստվածներ, ես ինձ թույլ եմ տվել արտահայտել սեփական կարծիքը, համաձայն որի՝ Հայաստանում ճնշվում են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները:
Օյ վախեցա....
Ես այսօր հաստատում եմ իմ այդ կարծիքը, ես դրանում համոզվել եմ իմ մաշկի վրա: Գիտեմ, և մտավախություն ունեմ, որ այսպես կոչված «հեղափոխության» ամրապնդման դեպքում Հայաստանում մոտակա քսան տարում հաստատվելու է դասական ավտորիտար ռեժիմ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը