Մեկնաբանություն

01.10.2018 09:38


Ալիևի անձնական որակները և շփման գծի խնդիրները

Ալիևի անձնական որակները և շփման գծի խնդիրները

Երեկ Նիկոլ Փաշինյանը, բնութագրելով Իլհամ Ալիևին ու անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ իր ունեցած պայմանավորվածություններին, հայտարարեց, որ Ալիևը իր վրա դրական, կիրթ մարդու տպավորություն է թողել:

Մինչև այդ, Փաշինյանն անդրադարձել էր նաև շփման գծի վերաբերյալ Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածություններին:

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումը իջեցնելու վերաբերյալ: Խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին: Սա շատ կարևոր պայմանավորվածություն է»,-Դուշանբեում Ալիևի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ վարչապետը:

Թե որքանով կաշխատեն Ալիևի հետ ձեռքբերված պայմանավորվածությունները, դժվար է ասել: Պրակտիկան ցույց կտա:

Հիշեցնենք, որ Ալիևի անձնական որակների մասին դրական էր արտահայտվում նաև Սերժ Սարգսյանը (նա անգամ ցանկություն էր հայտնել, որպեսզի Ալիևը վերընտրվի), ով Ալիևի հետ հանդիպումներից հետո խոսում էր շփման գծում լարվածության թուլացման պայմանավորվածությունների մասին: Դրանցից վերջինի մասին Սարգսյանը խոսեց 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժնևյան հանդիպումից հետո:

«Ալիևի հետ պայմանավորվել ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկենք լարվածությունն էլ ավելի թուլացնելու, որպեսզի առաջնագծում չունենանք զոհեր: Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- մասնավորապես հայտարարել էր Սարգսյանը:

Ի դեպ, Ալիևի անձնական որակների մասին գնահատական էր տվել նաև Լևոն Տեր-Պետրոսյանը 2016-ի դեկտեմբերին տեղի ունեցած ՀԱԿ համագումարի ժամանակ:

«Հակառակ իր ռազմաշունչ հռետորաբանությանը, Իլհամ Ալիևին ես համարում եմ ռացիոնալ մտածող պետական գործիչ, որն ընդունակ է համաչափ քայլ կատարել խաղաղության հաստատ­ման նաև սեփական ժողովրդին խիստ անհրաժեշտ ուղղու­թյամբ, ինչպես ժամանակին իմ «Պատերազմ, թե՞ խաղաղու­թյուն» հոդվածին ընդարձակ ելույթով ողջախոհաբար արձա­գան­քեց իր հայրը՝ հանգուցյալ Հեյդար Ալիևը»,-ասել էր ՀՀ առաջին նախագահը:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը