Կարծիք

27.09.2018 08:27


Ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»

Ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»

Հարգելի տիկին Հակոբյան.

2007 թվականի ամռանը Ձեր ամուսինը միայնակ նստացույց էր իրականացնում Օպերայի շենքի բակում, և ինձ իմ խմբագրության կողմից հանձնարարված էր լուսաբանել նրա ակցիան: Ես ամեն օր առավոտից համարյա մինչ երեկո գտնվում էի այդ վայրում և նունիսկ փոքրիկ հարցազրույց եմ վերցրել Նիկոլից:

Այդ օրերին այդ հրապարակում խաղում էին Մարիամն ու Աշոտը (վերջինս հեծանիվ էր քշում), իսկ Դուք հղի էիք երրորդ երեխայով: Նայելով Ձեզ՝ ես հիացմունքով մտածում էի, թե որքան զրկանքների միջով եք անցնում Դուք՝ որպես կին և մայր, որպեսզի հասնեք բաղձալի հաղթանակի և արդարության:
Ձեր պայքարն ի վերջո հաղթանակով պսակվեց, բայց արդյոք հաստատվեց արդարություն:

Ես չեմ կարծում, թե Դուք զրկանքների Ձեզ ենթարկեցիք, հրապարակ-ընդհատակ-բանտ-դատարան-խմբագրություն ծանր շղթայի միջով անցաք այն բանի համար, որպեսզի այսօր Ձեր հաղթանակած ամուսնու ղեկավարած հիմնարկում բորբոսի պես աճեն վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները՝ ղեկավար աշխատանքից կիլոմետրով հեռու մարդիկ:

Ես այն մտքին չեմ, որ Դուք դժվարին ուղի անցաք, որպեսզի ներկայիս կառավարության վարչությունների պետերն իրենց ենթականերին վախեցնեն ԿԳԲ-ով՝ «եթե մի բան իմանաս պետական միջոցների յուրացման մասին ու չասես՝ քեզ բռնել կտամ» խորագրով:

Ես չեմ ուզում հավատալ, որ Դուք մաքառել եք այն Հայաստանի համար, որտեղ աշխատողին ամեն կերպ ձգտում են շահագործել՝ փորձելով աշխատացնել նրան 14-15 ժամ, իսկ այն մարդկանց, ովքեր հղում են անում օրենքին, անվանում են «հանրապետական» ՝ պիտակավորելով և սևացնելով:

Տիկին Հակոբյան: Սիրելի Աննա:

Մինչ Ձեր ամուսինը՝ ժողովրդի վարչապետը, լարված աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ, մեկնում Արցախ, Մոսկվա, ԱՄՆ, Տաջիկստան և այլուր, պաշտպանում մեր հայրենիքի շահերը, շենքի ներսի երիտասարդներից ոմանք աշխատակազմը դարձրել են իրենց «դուքանը»՝ այդպիսով ստվեր գցելով Նիկոլի կատարած ողջ աշխատանքի վրա:

Հասկանում եմ, որ բոլորին հսկելն անհնար է, բայց ասեք վարչապետին, որ գոնե երբեմն-երբեմն քայլի շենքում և մտնի կաբինետներ: Այնտեղ մարդիկ հաճախ ճնշված ու անտեսված են:

Ինձ, իհարկե, Նիկոլն այլևս չի տեսնի, քանի որ վահանպապիկյաններն ու էդուարդաղաջանյանները ինձնից արդեն ազատվել են՝ զրկելով աշխատանքից: Նրանց համար միևնույն էր, որ ես երիտասարդ այրի եմ՝ յոթամյա երեխան ձեռքիս: Նրանց համար ավելի էականն այն էր, որ ես ունեմ հեռավոր ազգականներ՝ ՀՀԿ-ին անդամակցած և պետք էր ինձ ներառել «վհուկների որս» ազգանվեր ծրագրում:

Ինչևէ:

Գուցե վերոնշյալ անձինք ևս Նիկոլի հետ ճանապարհ են անցել, բայց պետություն ղեկավարել նրանք չեն կարողանում: Նույնն է, թե դեղձանիկը լավ թռչուն է, սիրուն, երգեցիկ, բայց նրան ձիու նման չես կարող լծել կառքին: Ինչքան էլ փորձես լծել, կամ դեղձանիկը կսատկի, կամ էլ եթե կենդանի մնա, միևնույն է՝ կառքը չի շարժվի:

Աննա ջան:

Ես Ձեզ սրտանց մաղթում եմ, որ Նիկոլի կողքի խաժամուժը այլևս չմթագնի նրա և Ձեր երազանքները՝ կապված մեր հայրենիքի հետ:

Ես արդեն հիասթափվել եմ: Չեմ ուզում, որ հիասթափվեն նաև հրապարակի այն հարյուր հազարները: Ես, թերևս, միայն հոդվածներ գրելով պայքարեմ, բայց այդ հազարներն իրենց բնութով ագրեսիվ են, հոդված գրելով չեն բավարարվի:

Լավ եղեք և բարին ընդ Ձեզ:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը