Մեկնաբանություն

26.09.2018 13:45


Հեղափոխության գլխավոր կոդը

Հեղափոխության գլխավոր կոդը

Ապրիլին տեղի ունեցած հեղափոխության գլխավոր, ավելի ճիշտ՝ միակ կարգախոսը «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին»-ն էր: Դա, իհարկե, պարզունակ կարգախոս էր, բայց ամեն մեկն իր պատկերացրած բովանդակությամբ լցրեց այն: Լցրեց ու դուրս եկավ փողոց:

Եթե վեր կանգնենք անձնավորված մոտեցումներից ու մեկնաբանություններից, ապա կարող ենք ասել, որ մերժվում էր քաղաքական մենաշնորհը: Մերժվում էր հինը:

Մարդիկ «ոչ» էին ասում ընտրակեղծիքներին, ամենաթողությանը, տնտեսական արատավոր հարաբերություններին, սոցիալական բևեռացվածությանը, մարդու իրավունքների ոտնահարմանը, անարդարությանը և այլն:

Փողոց դուրս եկածները «այո» էին ասում փոփոխություններին: «Այո» էին ասում նորին:

Ասել է թե՝ հեղափոխության գլխավոր կոդը նախորդի հակառակի կառուցման պատվերն էր:

Հիմա ամենակարևորը այդ «այո»-ին ու «ոչ»-ին տեր կանգնելն է:

Եթե հին մենաշնորհը պետք է փոխարինվի նորով, ապա ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ նույնը կամ, գուցե, ավելի վատը:

Նախորդը ավտորիտար ռեժիմ էր, որը գրեթե զրոյական հանրային աջակցություն ուներ և ըստ այդմ՝ շատ թույլ էր: Եթե հիմա էլ ավտորիտարիզմ կառուցենք, որը հիմնված է հանրային լայն զանգվածների աջակցության վրա, ապա այն կարող է շատ հանգիստ վերաճել տոտալիտարիզմի՝ անձի պաշտամունքի վնասակար բաղադրիչով:

Մեր քաղաքական հասունությունը բավականացրեց նախորդը անարյուն հեղափոխության միջոցով մերժելու համար: Այժմ շատ ավելի մեծ հասունություն է պահանջվում՝ բազմավեկտոր և բաց համակարգ կառուցելու համար: Եթե կարողանանք դա անել, ապա փառք ու պատիվ բոլորիս: Եթե չկարողանանք, որևէ մեկին չպետք է մեղադրենք, բացի մեզանից:

Ամեն ինչ մենք ենք որոշում և այդ որոշման որակից է կախված մեր երկրի ապագան:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը