Կարծիք

26.09.2018 08:16


Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին

Հարգարժան պարոն Փաշինյան.
Ես Ձեզ չեմ դիմի ինչպես նախկին աշխատողը՝ ղեկավարին: Ես Ձեզ դիմում եմ ինչպես մարդը մարդուն, լրագրողը լրագրողին, հայը՝ հային, առանց առավել ևս որ Դուք ժողովրդական վարչապետի համբավ ունեք:
Ես էլ, հարյուր հազարավորների նման, հույսեր էի կապում Ձեր բերած նոր Հայաստանի հետ, բայց հիասթափությունից խեղդվում եմ այժմ:
Կարճ և կոնկրետ: Ես՝ աշխատակազմի գործերի կառավարչության արդեն նախկին գլխավոր գործավար Նարե Գրիգորյանս, չդիմանալով գործերի կառավարիչ Վահան Պապիկյանի ճնշումներին, սպառնալիքներին, անհարկի նկատողություններին և վիրավորանքներին, դիմում եմ գրել և դուրս եկել աշխատանքից: Թղթով՝ ինքնակամ, փաստացի՝ յոթամյա անհայր երեխայիս թողնելով առանց գոյատևման միջոցների:
Երկու ամիս ամեն օր երեկոյան 18:00-ին ես նրան խնդրել-աղաչել եմ, որ թողնի գնամ տուն, որովհետև առանց իր թույլտվության տուն գնալը նա համարում էր իմ կողմից իր անձի հանդեպ անձնական վիրավորանք: Թույլ էր տալիս, հաջորդ օրը մյուս աշխատողների ներկայությամբ գոռում, թե բա՝ «վեցը խփած տուն ես գնում»:
Խնդիրը ամենօրյա բնույթ էր կրում, և ես դիմեցի Էդուարդ Աղաջանյանին: Մեր միջև տեղի ունեցավ հետևյալ զրույցը (ափսոս չեմ ձայնագրել).
ՆԱՐԵ - Կարելի՞ է, պարոն Աղաջանյան:
ԱՂԱՋԱՆՅԱՆ - Այո:
ՆԱՐԵ - Ես,ճիշտն ասած, մի փոքրիկ, թվում է թե անմիտ հարցով եմ եկել:
ԱՂԱՋԱՆՅԱՆ - Ասեք:
ՆԱՐԵ - Իմ և իմ անմիջական ղեկավար Պապիկյանի միջև կոնֆլիկտ կա՝ կապված աշխատանքային օրվա վերջում իմ տուն գնալու հետ: Նա ինձնից պահանջում է, որպեսզի ես ավել մնամ աշխատավայրում, մինչև մոտավորապես 21-22-ը, իսկ ես չեմ կարող՝ տանը երեխան մենակ է այդ ժամերին:
ԱՂԱՋԱՆՅԱՆ - Իսկ Դուք որ ժամերին եք ուզում գնալ:
ՆԱՐԵ - Ժամը 18:00-ից 18։30-նն ընկած հատվածում:
ԱՂԱՋԱՆՅԱՆ - Լավ, ես կասեմ այդ մասին Պապիկյանին:
ՆԱՐԵ - Շնորհակալություն:
Եվ ես դուրս եմ եկել Աղաջանյանի սենյակից, վերադարձել Պապիկյանի մոտ և տեղյակ պահել այս խոսակցության մասին:
ՆԱՐԵ - Պարոն Պապիկյան, ես հիմա վերադարձա պարոն Աղաջանյանի մոտից:
ՊԱՊԻԿՅԱՆ - Այսի՞նքն։
ՆԱՐԵ - Դե, խնդրեցի, որ թույլ տա, հավանություն տա՝ ժամը վեցին տուն գնալու համար:
ՊԱՊԻԿՅԱՆ - Ինչ՞, Էդ ի՞նչ ես ասում։ Այսինքն դու թռել ես իմ գլխի վրայո՞վ։ Քեզ ո՞նց թողեցին նրա մոտ։ (արագ-արագ վերցնում է խոսափողն ու փորձում կապվել Աղաջանյանի օգնականի հետ) Դու էդ ով եղար, բոչկա՞ ես վրաս գլորում: Մյուսներից էլ մարդիկ եղան՝ բոչկա գլորողներ, տեսա՞ր՝ ոնց դուրս թռան ստեղից:
Նրա գոռոցների վրա ներս են մտնում տեղակալը, ավագ մասնագետերից մեկը և նույնպես սկսում գոռալ ինձ վրա:
ՏԵՂԱԿԱԼ (հեգնանքով) - Տենց լավ չի, գնա միանգամից վարչապետի մոտ , եթե սենյակի տեղը չգիտես՝ կարող եմ ցույց տալ:
ՊԱՊԻԿՅԱՆ - Ես քեզ հետ չեմ աշխատի, չեմ աշխատի:
ՆԱՐԵ - Եթե չեք ուզում ինձ հետ աշխատել, հեռացրեք:
Եվ ես դուրս եկա նրա մոտից:
Երկուշաբթի՝ դրանից երեք օր հետո, Պապիկյանն ինձ արհամարհական տոնով ասաց՝ «դիմումդ գրի դուրս արի, միևնույն է՝ քեզ հետ չեմ աշխատի»: Ես խնդրեցի գոնե մեկ ամիս ժամանակ տալ, չտվեց:

Հարգելի պարոն Փաշինյան: Հեղափոխությունն էլ եղավ՝ դարձյալ արդարություն չգտանք: Ես այսօր գործազուրկ եմ: Ամուսինս մահացել է երկու տարի առաջ, ծնողներիցս զրկվել եմ վաղ հասակում, միակ իմ հույսն ու լույսը իմ մինուճար զավակն է,որին պետք է մեծացնեմ: Նա ապագա զինվոր է, Հայաստանի Հանրապետության ապագա հպարտ քաղաքացի: Աստված Աղաջանյանի և Պապիկյանի հետ, իմ վերջին հույսը Դուք եք:

Հ.Գ. - Չափից արագ, կարճ ժամանակահատվածում հրապարակի պարզ ու հասարակ տղաները չինովնիկ դարձան, ինչի համար ցավ եմ ապրում:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը