Քաղաքական

20.09.2018 12:37


Կլինի՞ արդյոք քաղաքական ապահարզան

Կլինի՞ արդյոք քաղաքական ապահարզան

Երևանի ավագանու ընտրությունների քարոզչության փուլը ցույց տվեց, որ գործ ունենք ոչ այնքան մայրաքաղաքի կառավարման մարմին ձևավորելու գործընթացի, որքան առաջիկա քաղաքական զարգացումների նախնական փուլի հետ:

Ինչ-ինչ պատճառներից ու հաշվարկներից ելնելով Նիկոլ Փաշինյանը շատ ավելի բաց տեքստով ներկայացրեց իր քաղաքական ծրագիրը, ըստ որի՝ չեն լինելու գործընկերային քաղաքական հարաբերություններ, լինելու է բևեռացված մոտեցում և կա ձգտում միահեծան իշխանական համակարգ ձևավորելու: Հասարակության բաժանումը սևերի ու սպիտակների, հեղափոխականների ու հակահեղափոխականների հենց այդ ծրագրի սպասարկման համար է կիրառվում:

Այսպես կոչված կոալիցիոն գործընկերները ռեակցիա տվեցին «Իմ քայլի» այս վարքագծին՝ նշելով, որ իրենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ լինելու իրենց մոտեցումը կարող են փոխել, քանզի Փաշինյանի հռետորաբանությունից պարզ է դառնում, որ «Մեր դեմ խաղ չկա»-ով բոլորին խաղից դուրս թողնելու խնդիր է դրված:

ՔՊ-ում չեն էլ թաքցնում, որ ԲՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետությունը», ՀՅԴ-ն ու բոլոր արտախորհրդարանական ուժերն իրենց համար շատ չեն տարբերվում ՀՀԿ-ից (ՀԱԿ-ի շարքերն ու «Սասնա ծռերի» ղեկավար կազմն այժմ պաշտպանում են «Իմ քայլին», բայց դա ոչ մի նշանակություն չունի քաղաքական նոր մենաշնորհի ձգտող ուժի համար. դա չի գնահատվելու), քանզի Փաշինյանը լրիվ այլ քաղաքական համակարգ է պատկերացնում: Այդ համակարգի մասին խոսվեց օգոստոսի 17-ի հանրահավաքում: Ըստ այդմ՝ հայաստանյան քաղաքական համակարգը լինելու է «ժողովրդի վարչապետ» գերկենտրոնացված և գերանձնավորված մոդելով: Գաղափարական առումով դա լավ մոռացված «Այս աշխարհը մենք կքանդենք հիմնովին ...» բանաձևի մեջ է տեղավորվում:

Փաշինյանի պատկերացմամբ՝ Հայաստանում քաղաքական դաշտը պետք է սկսվի «ժողովրդի վարչապետով» ու ավարտվի «ժողովրդի վարչապետով»: Դատելով ամենից՝ «ուղղակի ժողովրդավարություն» ասելով նկատի է առնվում «Մեկ դերասանի թատրոնի» ապահովումը: Մնացածը օխլոսի ականջը շոյելու համար է: Ոչ ավելին:

Ի դեպ, այդ մոդելի մասին Փաշինյանը խոսել է վարչապետ ընտրվելիս, դրանից հետո և հատկապես ավագանու քարոզարշավի ընթացքում: Այլ հարց է, որ ոմանք նոր են հասկացել, թե ինչն ինչոց է: Հասկացել են ու փորձում են «ատամ» ցույց տալ: Իսկ դա նշանակում է, որ կառավարության ներկայիս կազմը սեպտեմբերի 23-ից հետո կարող է փոխվել: Նրանք, ովքեր ՔՊ-ն չեն ներկայացնում կարող են հեռանալ կամ հեռացվել: Ամեն ինչ կախված կլինի ավագանու ընտրություններում արձանագրվող տոկոսներից և ուժերի համամասնական բաշխվածությունից:

Տրամաբանականն, իհարկե, քաղաքական ապահարզանն է, հատկապես որ այս ատելության մթնոլորտը, որը կազմակերպված և ուղղորդված բնույթ էր կրում, համատեղ գործելու տեղ չի թողնում:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանականի թեմային, ապա այս հարցում լուրջ բախումներ են սպասվում: Սեպտեմբերի 23-ից հետո քաղաքական գործընթացները նոր թափ են հավաքելու:

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը