Մեկնաբանություն

19.09.2018 14:15


Սպասվում է Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի բաց բախում

Սպասվում է Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի բաց բախում

Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն իրենց լուրջ ազդեցությունն են թողնելու առաջիկա քաղաքական զարգացումների վրա: Այդ արդյունքներից կախված կլինի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Պարզ կդառնա, թե երբ դրանք տեղի կունենան կամ տեղի կունենա՞ն արդյոք:

Մայրաքաղաքային ընտրություններին մասնակցող երկու ուժ՝ ԲՀԿ-ն ու «Լույս»(«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների դաշինքը), որոնք ներկայացված են խորհրդարանում, և որոնք մաս են կազմում Նիկոլ Փաշինյանի գլխավորած գործադիր իշխանությանը, հայտարարել են, որ «Իմ քայլը» դաշինքի վարքագծով ու վարչապետի հռետորաբանությամբ պայմանավորված իրենք կարող են ԱԺ-ում տորպեդահարել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ծրագիրը և վերանայել իրենց մոտեցումը:

Եթե հաշվի առնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մշտապես դեմ է արտահայտվել ՀՀԿ-ն, իսկ ՀՅԴ-ն, ֆորմալ առումով «կողմ» լինելով, ավելի շուտ «դեմ»-ի դաշտում է, ապա կարելի է ասել, որ ավագանու քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իր դեմ միավորել գրեթե ամբողջ խորհրդարանը (ՔՊ-ն 4 պատգամավոր ունի ԱԺ-ում):

ԲՀԿ-ի ու «Լույս»-ի՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին դեմ արտահայտվելը շատերը գնահատեցին որպես շանտաժ, սակայն դա ավելի շուտ պաշտպանական ռեակցիա էր: Նրանք ապագայի վախից էին գոռում, քանզի տեսան, որ Փաշինյանն ուզում է ամբողջը և միանգամից:

Երբ վարչապետի մակարդակով դաշտը բաժանվում է սևերի ու սպիտակների, երբ բացի «Քաղաքացիական պայմանագրից» ու դրա բազայի վրա ստեղծված «Իմ քայլը» դաշինքից ավագանու ընտրություններին մասնակցող ու չմասնակցող մյուս քաղաքական ուժերը հռչակվում են որպես «սև», երբ հայտարարվում է, որ ակնկալվում է 80-90 տոկոս քվե, երբ հանրությանը բաժանում են հեղափոխականների ու հակահեղափոխականների, ապա բնական է, որ ստեղծվում է հակադրության դաշտ և ոխերիմ գործընկերները սկսում են կոշտ բառապաշար կիրառել:

Հանուն արդարության պետք է նկատել, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտը սևերի ու սպիտակների էր բաժանել ոչ թե այս փուլում, այլ խորհրդարանում վարչապետ ընտրվելիս: Պարզապես այլ բառապաշար էր կիրառվել: Փաշինյանը 80-90 տոկոսանոց իշխանություն ունենալու հայտը և մյուսներին խաղից դուրս թողնելու ծրագիրը նույնպես վարչապետ դառնալիս էր հայտարարել, բայց կրկին այլ բառապաշարով: Այլ հարց է, որ քաղաքական ուժերը նոր են դա հասկացել ու խառնվել իրար կամ էլ՝ շուտվանից էին հասկացել, բայց ռիսկ չէին անում խոսել այդ մասին: Իսկ հիմա խոսում են: Ինչևէ:

Անկախ ընտրության արդյունքներից ակնհայտ է, որ սեպտեմբերի 23-ից հետո փոխվելու է բոլոր քաղաքական ուժերի հռետորաբանությունն ու գործելակերպը: Հնարավոր են նաև փոփոխություններ կառավարությունում:

Քաղաքական զարգացումների տարբեր սցենարներ կարող են լինել՝ կախված այն հանգամանքից, թե քանի տոկոս կհավաքի «Իմ քայլը» դաշինքը: Շատ քչերն են կասկածում, որ Փաշինյանի թիմը Երևանում կզբաղեցնի առաջին տեղը, բայց դա հետագա քաղաքական գործընթացների առումով երկրորդական կարևորության հարց է: Ինտրիգը «Իմ քայլը» դաշինքի ստացած տոկոսների քանակի և երկրորդ տեղը զբաղեցնողից ունեցած թվային հեռավորության մեջ է:

Ինտրիգային է նաև ընտրությունների անցկացման, այսպես ասած, մաքրության հարցը: Արդեն իսկ տեղեկություններ և ապացույցներ կան, որ «Իմ քայլը» դաշինքի համար աշխատում են նախկինում ՀՀԿ-ի համար «տասովշիկություն» անողները: Հեղափոխության ժամանակ դրանք միացել էին փողոց փակելու գործընթացին, իսկ հիմա էլ՝ ներգրավվել են «Իմ քայլի» աշխատանքների մեջ:

Ի դեպ, կարևոր է նաև ընտրական այս գործընթացի ֆինանսական բաղադրիչի մասը: Բոլորի աչքի համար տեսանելի է, որ ամենամեծ ֆինանսական ռեսուրսը «Իմ քայլը» ունի և հանրության մոտ բազմանշանակ հարցեր են առաջանում այս թեմայով:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների լինել-չլինելուն, ապա պետք է նկատել, որ նոր խորհրդարան ունենալու հանրային մեծ պահանջ կա: Այսինքն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները խիստ անհրաժեշտություն է. քաղաքական տրամաբանությունն այլ բան չի ենթադրում: Դա հասկանում և ընդունում են բոլորը, այդ թվում՝ ՀՀԿ-ն: Սակայն խնդիրն այն է, թե ի՞նչ քաղաքական կոնֆիգուրացիայով, գործադիր իշխանության ի՞նչ կազմով և ո՞ր ժամկետում պետք է լինի այդ արտահերթը: Ահա սա՛ է մտահոգում քաղաքական ուժերին ու հանրության մտածող հատվածին:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը