Քաղաքական

16.09.2018 09:45


Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա․ նաև վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

Ադրբեջանական զինուժը կրակել է խաղող հավաքող այգեհովտեցու վրա․ նաև վիրավորվել է Կոթի գյուղի բնակիչը

aravot.am-ը հայտնում է, որ սեպտեմբերի լույս 16-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրաձգային խոշոր զենքերից ուժգին գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կոթի գյուղը: Կոթիի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանից կայքը տեղեկացել է, որ գնդակոծությունը սկսվել է սեպտեմբերի 15-ի ժամը 23.50-ից եւ շարունակվել մոտ 40 րոպե, մինչեւ սեպտեմբերի 16-ի ժամը 0․30 րոպե:

Գնդակոծության հետեւանքով Կոթիի գյուղամիջում վիրավորվել է այդ գյուղի բնակիչ,1957թ. ծնված Սուրեն Սեփխանյանը: Ֆ. Մելիքյանը հայտնեց, որ նա վիրավորվել է ոտքի սրունքի շրջանում: Ս. Սեփխանյանը գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում, նրա վիճակը բարվոք է:

Անցած գիշեր` ժամը 00:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը գնդակոծել է միջպետական ավտոճանապարհը՝ Ոսկեպար գյուղի ներքեւի հատվածում:

***

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 53-ամյա բնակիչ Վարդան Սիմոնյանը երկու օր առաջ` սեպտեմբերի 13-ի առավոտյան, ժամը 10-ի սահմաններում Այգեհովիտ համայնքի մաս կազմող Կայանավանում խաղողի այգու բերքը հավաքելու ժամանակ ադրբեջանական զինուժը նրան թիրախավորելով` կրակ է բացել: Գնդակներից մեկը խոցել է այգեհովտեցու «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի ապակին:

Վ. Սիմոնյանն այդ ժամանակ ավտոմեքենայում չի եղել, մեքենայից մի քիչ հեռու է գտնվել, նա չի տուժել:

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը