Մեկնաբանություն

14.09.2018 14:10


Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Երևանի ավագանու ընտրությունների սև ու սպիտակ կողմերը

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 սուբյեկտ, բայց այնպես է ստացվել, որ իրականում գործ ունենք ընտրություններին մասնակցող 2 սուբյեկտի հետ: Ավելի ճիշտ՝ դրանցից մեկը սուբյեկտ է այնքանով, որքանով կամա թե ակամա ֆոնային դեր է ապահովում մյուսի համար: Կա մեկ քաղաքական ուժ, իսկ մնացածը, ինչպես ասում են, «все на одно лицо»:

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում են Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը և մյուսները: Մյուսների համար «թոփ» թեմաներ են աղբահանությունը, վերելակները և տրանսպորտը: Նիկոլն ուրիշ խնդիր է դրել: Նա քաղաքական ուժերին ու հանրությանը բաժանել է սևերի ու սպիտակների, քանի որ իր համար ավագանու ընտրությունները ոչ թե մայրաքաղաքային տնտեսության կառավարման պատասխանատվություն ստանձնելու հայտ է, այլ սեփական իշխանությունն ամրապնդելու քայլ:

Վարչապետը սևի ու սպիտակի բաժանեց դաշտը, որպեսզի համախմբի իր ընտրազանգվածին ու հանրային ուշադրությունը սևեռել տա ոչ թե դերասան Հայկոյի վիճելի կերպարի, նրա անփորձության ու այլ խնդիրների վրա, այլ մտնի անտոգոնիզմի դաշտ: Զուտ տեխնոլոգիական առումով դա ճիշտ քայլ էր, բայց «Իմ քայլի», այլ ոչ թե հանրության լայն շերտերի համար:

Նիկոլ Փաշինյանը հանրությանը բաժանում է սևի ու սպիտակի, որպեսզի ոչ թե ծրագրային ու կադրային տիրույթ մտցնի ընտրարշավը (այստեղ «Իմ քայլը», թերևս, ամենաթույլերից է), այլ հեղափոխություն-հակահեղափոխություն հուզական և կոնֆլիկտային դաշտում դնի ընտրությունը՝ հույս ունենալով, որ այդպիսով զգալի ձայներ կտանի:

Սև ու սպիտակի բաժանելը լյումպեն-պրոլետարիատին դուր էկող կոդ է, բայց վանում է կրթական մակարդակ ունեցող և կայուն աշխարհայացքի տեր մարդկանց: Փաշինյանը շատ լավ ճանաչում է իր ընտրազանգվածին և դրա համար չի խուսափում սև-սպիտակային հռետորաբանությունից, քանզի դա իր միակ շանսն է տեսնում: Տխրահռչակ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է» կարգախոսը տվյալ դեպքում միակ տարբերակն է բոլշևիկյան միջավայրում: «Փողերը նախկիններից խլեմ ու ձեզ բաժանեմ» բանաձևը ականջահաճո է աղքատների համար, և բնական է, որ կիրառվում է արդարության ու նաև բոլշևիկյան ենթատեքստով տեղի ունեցած հեղափոխության առաջնորդի կողմից:

Իսկ ի՞նչ են անում մյուսները: Սրանք վախվորած ու նորահարսի պես կարմրում են ու փորձում ապացուցել, որ սև չեն: Արդյունքում՝ դառնում են անդեմ ու անգույն: Դե իսկ կողքից իրականացվող ՀՀԿ-ի ընդդիմախոսությունը միայն օգնում է Փաշինյանին՝ է՛լ ավելի համախմբելու իր ընտրազանգվածին:

Երևանի ավագանու ընտրությունները վարչապետի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու և այդ ընտրություններում մենաշնորհային իշխանություն ձևավորելու փուլ է (Փաշինյանը հայտարարեց, որ ավագանու ընտրություններին 80-90 տոկոսի ստանալու ձգտում ունի):

Եվ այսպես, Փաշինյանի համար սեպտեմբերի 23-ը խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախնական կամ 1-ին փուլն է, իսկ ավագանու ընտրություններին մասնակցող մյուս 11 ուժերի համար սա «լիֆտերի» ու «զիբիլի ավտոների» կառավարման ընտրություն է, ինչը վերջիններիս դնում է ավելի ցածր հարթության վրա:

Ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերից որևէ մեկը գիտակցություն և խիզախություն չունեցավ «Իմ քայլի» պես քաղաքականացնելու քարոզարշավն ու այլընտրանք դառնալու քաղաքական մենաշնորհի ձգտող Փաշինյանին: Բոլորը կոմպլեքսավորված շտապեցին հայտարարել, որ իրենք սև չեն ու սկսեցին ուղղակի կամ անուղղակի քծնել Փաշինյանին, ինչով էլ կնքեցին իրենց մահկանացուն: Մինչդեռ պետք էր հասարակությանը բացատրել, որ եթե սև-սպիտակային տրամաբանությամբ «Իմ քայլը» ձգտում է քաղաքական մենաշնորհի, ապա դա վտանգավոր է մեր երկրի համար, քանզի նախկին մենաշնորհի փոխարինումը նոր մենաշնորհով գումարելիների տեղերի փոփոխություն է նշանակում, ոչ ավելին:

Ավագանու ընտրություններին մասնակցող 11 ուժերի մեջ այս պարզ ճշմարտությունը բացատրող չեղավ, ինչը վկայում է, որ քաղաքական դաշտը ամբողջական վերանայման կարիք ունի: Եղածները ադեկվատ չեն ճիշտ նույն ձևով, ինչ ձևով որ Սերժ Սարգսյանն ադեկվատ չէր գնահատում իրավիճակը մինչև հրաժարական տալը:

Կա մի բացարձակ ճշմարտություն, ես կասեի՝ քաղաքագիտական աքսիոմ, ըստ որի՝ իշխանությունն այլասերում է մարդկանց, իսկ բացարձակ իշխանությունն այլասերում է բացարձակ ձևով: Ողջունելով հանդերձ տեղի ունեցած իշխանափոխությունը՝ պետք է թույլ չտալ, որպեսզի նոր իշխանությունն այլասերվի բացարձակ ձևով: Բացարձակ այլասերված իշխանություն եղել է համայնավարների, ֆաշիստների օրոք: Արդյունքները՝ հիշում են բոլորը:

Նրանք, ովքեր դուրս են եկել փողոց հանուն հեղափոխության և հանուն արդարության, հանուն նույն այդ արդարության պետք է հասուն վարքագիծ դրսևորեն: Հեղափոխությունը կարելի է նաև «Դուխով» անել, բայց երկիրը պետք է զարգացնել ԽԵԼՔՈՎ:

Միշտ պետք է հիշել, որ անայլընտրանք քաղաքական դաշտը վտանգավոր է պետության ու հասարակության համար: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական նոր՝ հակակշիռներ, այլընտրանքներ ու զսպումներ պարունակող համակարգի ստեղծումը խիստ անհրաժեշտություն է և օրվա հրամայական:

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը