Կարծիք

14.09.2018 14:06


Ինչո՞ւ Փաշինյանը որոշում չի կայացնում

Ինչո՞ւ Փաշինյանը որոշում չի կայացնում

Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, ըստ որի՝ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական «ВТБ» բանկի ներկայացուցիչները։

Բանն այն է, որ «Վալլեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանը ժամանակին բավականին մեծ վարկ է վերցրել՝ գրավադրելով հանքավայրը։

Վերջին շրջանում Թեղուտը մեծ ֆինանսական դժվարություններ ունի և վարկային պարտավորությունները չի կարողանում կատարել, ինչի արդյունքում «ВТБ»-ում ժամկետանց վարկեր ունի՝ մոտ 380 միլիոն դոլարի կարգի։ Եվ բանկն արդեն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը։

Նույն աղբյուրի համաձայն՝ բանկի կողմից նշանակված անձը ժամանակավորապես կստանձնի տնօրենի պաշտոնը, ապա բանկը կառողջացնի այն և կվաճառի նոր գնորդի։

Այս տեղեկության մեջ ուշագրավն այն է, որ փլուզվող պոչամբար և բազմաթիվ բնապահպանական խնդիրներ ունեցող Թեղուտի հանքի աշխատանքը որևէ խոչընդոտի չի հանդիպում այսպես կոչված՝ բնապահպանների կողմից, իսկ գործադիր իշխանությունն էլ որևէ լրացուցիչ խնդիրներ չի առաջացնում Թեղուտի համար: Արդյունքում՝ վտանգավոր հանքավայրը դառնում է գրավի առարկա, սեփականատեր է փոխվում, բանկային գործարքներ են կատարվում:

Հետաքրքրական է, որ փլուզվող պոչամբար ունեցող հանքին կարելի է աշխատել, սեփականատեր փոխել, «առողջանալ», վերավաճառվել և այլն, իսկ ահա միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանող Ամուլսարի հանքավայրը շահագործելու ծրագիր իրականացնող «Լիդիան Արմենիային» ապօրինաբար արգելում են բիզնես-գործունեություն վարել: Սա կասկածի տեղիք տվող երևույթ է: Սա հարցեր առաջանցող երևույթ է:

Տպավորությունն այնպիսին է, որ «Լիդիանի» դեմ քայլերը եթե ոչ խրախուսվում, ապա գոնե չեն արգելվում ներկայիս գործադիր իշխանության կողմից: Բայց չէ՞ որ դա հարվածում է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Ո՞վ է շահագրգիռ այդ հարցում:

Երբ «Լիդիանի» դեմ խոչընդոտներ էին հարուցվում Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, հասկանալի էր. մարդիկ փայ էին ուզում ստանալ, բայց հանդիպում էին միջազգային կազմակերպությունների «ոչ»-ին: Անհասկանալի է, թե նոր կառավարությունն ինչո՞ւ որոշում չի կայացնում: Վախենում է 20-հոգանոց «բնապահպանական» ակցիայի՞ց, թե՞ այլ բան կա:

Հիմա նույն սերժական շրջանակները բնապահպան-բնապահպան են խաղում՝ ակնհայտորեն նպատակ ունենալով օգնել նախորդ իշխանության պարագլխին խլելու Ամուլսարի հանքը: Սերժ Սարգսյանի, նրա դրածո Վահե Հակոբյանի և մյուսների շահը տեսանելի է այս պատմության մեջ: Ո՞րն է Փաշինյանի շահը: Ի՞նչն է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը տեղի է տալիս շանտաժիստների ճնշումներին ու որոշում չի կայացնում: Սրանք հարցեր են, որոնք շտապ պատասխաններ են պահանջում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը