Կարծիք

10.09.2018 10:02


Խառնաշփոթ՝ կառավարությունում

Խառնաշփոթ՝ կառավարությունում

Բազմակարծությունը լավ բան է, բայց երբ բազմակարծություն է լինում մեկ գլխում, ապա դա արդեն շիզոֆրենիա է:

Ցավով և մտահոգությամբ պետք է արձանագրել, որ գործադիր մարմնում շիզոֆենիայի դրսևորումներ կան, քանզի բազմակարծությունն այստեղ շեղված է նորմայից: կարծիքների բախում կարող է լինել օրենսդիրի ու գործադիրի միջև, բայց երբ կառավարության աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը, կամ որ ավելի վատ է՝ աջ ձեռքը կռիվ է տալիս ձախ ձեռքի դեմ, ապա այստեղից ոչ մի լավ բանի հոտ չի գալիս:

Դատե՛ք ինքներդ. Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, անդրադառնալով Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակին, հանրահայտ դարձած թիթեռին, սրտաճմլիկ անունով բուսատեսակին ու հարակից խնդիրներին, նշել է, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որի մեջ ներգարվվել են գիտնականներ, Վայրի բնության հիմնադրամի և Տեսչական մարմնի ներկայացուցիչներ, Հայաստանի բույսերի Կարմիր գրքի թիթեռների բաժնի ղեկավարը, ինչպես նաև այն անձինք, ովքեր հայտարարել էին, որ գտել են այդ բուսատեսակն ու կենդանին։

Սեպտեմբերի 4-ին տեղում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում աշխատանքային խումբը ներկայացրել է արձանագրություններ՝ համաձայն որոնց հաստատվել է, որ Ամուլսարի տարածքում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է «Ապոլո» տեսակի թիթեռը և չի կարող տվյալ վայրը հանդիսանալ այդ թիթեռի բնադրավայր։ Բացի այդ, տրվել են այլ եզրակացություններ, որ խոնավությունը նույնպես բավարար չէ թիթեռի ապրելու համար։

Նախարարությունը լրացուցիչ քայլ էլ է իրականացրել․ ԱԻՆ-ից վերցրել է Ամուլսարի գագաթում հաշվառված վերջին 5 տարիների ջերմային ֆոնի տվյալները և նաև այլ մեթոդաբանությամբ ուսումնասիրել՝ արդյոք այդ պայմաններում թիթեռի ձվադրման համար բավարար կումուլյատիվ ջերմաստիճան կա՞, և նույնպես բացասական եզրակացություն է ստացվել։

Մեխակի մասով նույնպես արձանագրվել է, որ բույսը «Ոզնաթուփ մեխակ» չէ, սակայն այնտեղ այդ ընտանիքի պատկանող լայն տարածված այլ բույսեր կան և հենց դրանցից մեկն է այնտեղ արձանագրվել, որը Կարմիր գրքի բույս չէ։

Ի պատասխան նախարարի հայտարարության՝ Բնապահպանական տեսչության պետ Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Ամուլսարում Ապոլլոն թիթեռի բնակատեղի հայտնաբերելու նպատակով ստեղծված «... խումբը՝ ներառյալ... տեսչությունը...ամսի 4-ին, ուսումնասիրությունները կատարել են, ուսումնասիրության արդյունքում բերել են արձանագրություններ, որ այս հատվածում չկա այն բույսը, որի վրա ձվադրում է այդ թիթեռը և չի կարող հանդիսանալ տվյալ վայրը թիթեռի բնադրավայր...»:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը չի իրականացրել որևէ «ուսումնասիրություն» և չէր կարող դա անել, քանի որ չի հանդիսանում այդ ոլորտի մասնագետ: ՀՀ բնապահպանության նախարարի առաջարկով տեսչության ներկայացուցիչն ընդամենը մասնակցել է հանքավայր կատարված այցելությանը և ստորագրել այցելության փաստն արձանագրող հաշվետվությունը:

Տեսչությունը շարունակում է մնալ այն տեսակետին, որ Ամուլսարի Արտավազդես և Տիգրանես գագաթները, որտեղ տեսչական ստուգման արդյունքում անհերքելիորեն ապացուցվել է նշված կարմիրգրքային կենդանատեսակի հայտնաբերման փաստը, հանդիսանում է այդ կենդանատեսակի բնակատեղի, քանի դեռ հիմնավոր և իրական ուսումնասիրության հիման վրա հակառակը չի ապացուցվել»,-նշված է տեսչության պետի էջում:

Դեռ մի կողմ թողնենք այն, որ սոցիալական ցանցի միջոցով նախարարին արձագանքելը տարրական էթիկայի խախտում է, բայց դե հիմա երևի մոդա է դա:

Ինչ վերաբերում է բուն խնդրին, ապա ակնհայտ է, որ նախկինում «բնապահպան-ակտիվիստ» աշխատած Գրիգորյանը պետական պաշտոնը շփոթում է փողոցային պայքարիզմի հետ, բայց դե դա էլ է երևի մոդա:

Շահերի ակնհայտ բախման պարագայում Արթուր Գրիգորյանին «բնապահպան-ակտիվիստից» տեսչության ղեկավար նշանակելը կոպիտ սխալ էր: Այդ սխալն էլ խառնաշփոթ է առաջացրել կառավարությունում: Արդյունքում՝ տուժում է հայաստանյան բիզնես դաշտն ու ներդրումային միջավայրը:

Երբ Փաշինյանը հանդիպում է գործարարներին ու առաջարկում ներդրումներ անել, նրանք, ամենայն հավանականությամբ նայում են, թե ինչպես է կառավարությունը վարվում միջազգային խոշոր ներդրող «Լիդիան Արմենիայի» հետ: Նայում են ու համապատասխան եզրակացություններ անում:

Եթե կառավարությունն ուզում է ներդրումներ ներգրավել, ապա առաջին հերթին պետք է մտածի եղածը պահելու մասին, որպեսզի մյուսները դրական օրինակ ունենան: Մի քանի հոգու գոռգոռոցներից ու ծղրտոցներից վախեցող և կոմպլեքսավորվող կառավարությունը ոչ մի հաջողության չի կարող հասնել: Այդքան թմբկահարվող հակահեղափոխությունը և հակահեղափոխականներին պետք է գործադիր մարմնի ներսում փնտրել: Մասնավորապես՝ բնապահպանական տեսչությունում:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը