Կարծիք

07.09.2018 17:38


Ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը

Ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը

Երեկ Փաշինյանն ուղիղ եթերում խոսեց հարկային օրենսգրքում սպասվող փոփոխությունների մասին և անդրադարձավ եկամտահարկի իջեցմանը: Եթե ընդհանրացնենք, կստացվի, որ գործադիրը պատրաստվում է եկամտահարկը իջեցնել մինջև 23%, իսկ հետագա 5 տարում հասցնել այն 20%: Փաշինյանը ներկայացրեց նաև 2-րդ տարբերակը, ըստ որի եկամտահարկի երկաստիճան սանդղակ է սահմանվում: Անխոս, լավ է, որ եկամտահարկը կիջնի, սակայն իմ կարծիքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց (բիզնեսի) համար տարբեր մոտեցումներ պետք է որդեգրվեն:

Ֆիզիկական անձանց համար եկամտահարկի նվազում միանշանակ պետք է, որովհետև առանց այդ էլ ՀՀ բնակչության ճնշող մեծամասնությունը եկամտի մեծ մասը սննդի, հագուստի և ծառայությունների վրա է ծախսում՝ վճարելով ԱԱՀ, գումարած եկամտահարկ, դրան էլ գումարած՝ կենսաթոշակային վճարները:

Հայասանում բնակչության միջին եկամուտները բավականին ցածր են, և եթե եկամտահարկի իջեցման հաշվին բնակչության մոտ ավելի շատ գումար մնա, իրենք միևնույն է այդ գումարները ծախսելու են․ ավելի լավ սնունդ են գնելու, հագուստ, կենցաղային պայմաններ են բարելավելու՝ գումարները ծախսելով Հայաստանում, ինչը բերելու է տնտեսական ակտիվության աճին, բիզնես-միջավայրի բարելավմանը։

Միջին և հատկապես խոշոր բիզնեսի համար եկամտային հարկը եթե նույնիսկ մնա նույնը, Հայաստանը միևնույն է կմնա շահեկան դիրքում, քանի որ եկամտային հարկի դրույքաչափով` իրավաբանական անձանց համար, մենք աշխարհում առաջատարներից ենք։

Այստեղ խնդիրն այն չէ, որ ֆիզիկական անձանց համար դրույքաչափը դարձնենք 13, թե 15, իսկ բիզնեսի համար` թողենք նույնը, ավելացնենք, կամ պակասեցնենք։ Խնդիրը մոտեցման մեջ է։ Կառավարությունն առանց որևէ լուրջ տնտեսագիտական վերլուծության և հիմնավորման հարկային օրենսդրություն է փոխում և կամայական հարկերի դրույքաչափեր որոշում՝ առանց հստակ տեսլականի։ Զարգացած երկրներում եկամտային հարկի դրույքաչափերը ֆիզիկական ու իրավաբանական անձանց համար տարբեր են, և դրան կա շատ տրամաբանական և հիմնավորված բացատրություն։ Իսկ թե ինչու Հայաստանն այդ ճանապարհով չի գնում, անհասկանալի է։

Եթե կառավարությունն այսօր ի վիճակի չէ, ռեսուրս չունի հարկման նման մեխանիզմի անցնելու, թող հիմնավոր պատճառներ ներկայացնի, ներկայացնի ծրագիր` երբ և ինչ ճանապարհով է հասնելու դրան, կամ էլ` ինչու ավելի շատ հարկ վճարելն ավելի լավ է, քան քիչ հարկ վճարելը։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը