Հարցազրույց

02.03.2010 09:04


Կարեն Խանլարյան

Կարեն Խանլարյան

Հարցազրույց «Դրօշակ» ՀՅԴ պաշտոնաթերթի խմբագիր Կարեն Խանլարյանի հետ

 -2008թ. մարտի 1-ի դեպքերից երկու տարի անց ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

-Երկու տարի անց, դժվար չէ նկատել, որ դեռ ազգովի չենք հասցրել առարկայական գնահատական տալ այդ օրվա դեպքերին: Այս իրողությունը իհարկե ցանկալի չէ: Պատկերացրեք քաղաքագիտության կամ պատմագիտության չինացի ուսանողը համացանցում որոնում է ՀՀ նախագահական վերջին ընտրությունների հետ կապված դեպքերի մասին տեղեկությունները: Հավանաբար կցկտուր, սուբյեկտիվ եւ հակասական մի քանի տեղեկանքներից բացի, ալյ բան չի գտնի: Մարտի 1-ի մասին հատկապես քաղաքական գնահատանքը այլեւս անհրաժեշտություն է:

-Ի՞նչ եք կարծում՝ որքանո՞վ է հաջողվել թուլացնել լարվածությունը։

- Լարվածությունը, կարծում եմ, բավարար չափով թուլացել է: Բայց խիստ կասկածում եմ, որ բնականոն վիճակում է գտնվում մեր քաղաքական դաշտը: Լարվածության բացակայությունը, ինքնին, դեռեւս դրական նշան չի կարող համարվել, քանի դեռ քաղաքական ուժերի դիրքերի, դիրքորոշումների, առճակատումների եւ պայքարների հիմքում ընկած չեն գաղափարախոսությունները: Ներկա դրությամբ գրեթե անհնար է էական տարբերություններ ուրվագծել գործադիր իշխանության եւ արտախորհրդարանական ընդդիմության խորքային համոզումների եւ արժեհամակարգային ոլորտներում: Արտաքին քաղաքականության բնագավառում երկուսն էլ կողմ են առկա դիվանագիտական մոտեցումներին: Սոցիալական հարցերում երկուսն էլ, տեսականորեն, հավատում են «ազատ շուկայական» հարաբերություններին: Իսկ ներքին քաղաքականության բնագավառում այդ երկուսը եթե նույնիսկ այսօր հանդես են գալիս տարբեր դիրքերից եւ հնչեցնում հակադիր կարծիքներ, ապա իրենց անցյալով եւ գործունեությամբ բավականին նմանվում են միմյանց, հատկապես ժողովրդավարական արժեքներին հավատալու մակարդակով եւ մակերեսայնությամբ:

-Ի վերջո, երբ և ի՞նչ պայմաններում պետք է վերանա լարվածության մթնոլորտը. լարվածությունն անվերջ մնալ չի կարող, որտե՞ղ այն կպայթի։

-Քաղաքական լարվածությունը, երկրի անվտանգությունը եւ հասարակական կարգը չխանգարելու պայմանով, վնասարար երեւույթ չէ, եւ կարող է առողջացնել քաղաքական դաշտը: Այս առումով մարտի 1-ի եւ 2-ի դեպքերը, ողբերգական լինելով հանդերձ, կարող են խիստ ուսուցողական լինել եւ մեր քաղաքական մշակույթում դիտվել որպես քաղաքական պայքարի նշանակալից փորձ: «Պայթյուն»-ը, պատահում է այն հասարակության մեջ, ուր ձեւավորված չէ քաղաքացիական հասարակություն: Ժողովրդավարական օրենքների ու մեխանիզմների առկայությունը բավարար պայման չէ պայթյունավտանգ վիճակներից հեռու մնալու համար: Լիարժեք քաղաքացիական հասարակության մեջ է հաջողվում, հաճախ, կանխել հավանական պայթյունը, կամ ավելի ճիշտ՝ հավանական պայթյունի էներգիան հունավորել բուն նպատակի ուղղությամբ:

-Այսօր ՀՅ Դաշնակցությունն ընդդիմադիր դաշտում է, սակայն հիմնականում ընդդիմադիր է արտաքին քաղաքականության հարցում և որպես օրվա հրամայական չի դիտարկում իշխանության հրաժարականը։ Ընդդիմադիր մյուս հատվածը, մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը, մեծ հաշվով չընդդիմանալով արտաքին քաղաքականությանը, կտրականապես պահանջում է իշխանության հրաժարականը։ Հասարակությանն անընդմեջ ներկայացվում են կեղծ և իրական ընդդիմություն հասկացությունները։ Ի վերջո, գործող իշխանության պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի ընդդիմությունը, ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվի։

-ՀՅ Դաշնակցությունը իշխանական կոալիցիայից դուրս եկավ՝ ինքն իրեն լիարժեք ընդդիմություն հայտարարելով: Այս հիման վրա, Դաշնակցությունը մշակեց իր Հայաստանյան գործունեության ուղենիշերը, եւ հրապարակեց 2009 թ. հոկտեմբերին, որպես պլատՖորմային փաստաթուղթ: Այդ փաթեթը պարունակում է, ոչ միայն ազգային եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, այլեւ սոցիալական հիմնահարցերի լուծման բազմաթիվ առաջարկներ: Ուղենիշերի սոցիալական բլոկում առկա են սոցիալիստական ժամանակակից գաղափարներ եւ մոտեցումներ, ինչպես հանրակրթական արդյունաւվետ, անվճար կրթության երաշխավորման եւ բժշկական ծառայությունների հավասար, համընդհանուր հասանելիության ապահովման առաջարկները կամ աշխատանքի իրավունքի ամբողջական իրացումը եւ աշխատանքի ժամային նվազագոյն դրույքաչափի համապատասխանեցումը երկրում միջին աշխատավարձի ժամային դրուքաչափի առնվազն կեսին եւ այլն:

Համենայն դեպս, կարծում եմ, որ իրական ընդդիմությունը նա չէ, ով հասարակության մեջ անընդհատ հանդես է գալիս արտակարգ իշխանափոխության անպատասխանատու կոչերով, եւ փորձում հասարակությունը մղել դեպի արտակարգ, «պայթյունային» իրավիճակներ: Իրական ընդդիմությունը նա է, ով քննարկում է համակարգային փոփոխությունների իրատեսական հնարավորությունները, ըստ այնմ առաջադրում է իր մոտեցումներն ու գաղափարները, հասարակությանը իրազեկում այդ մասին եւ նրան առաջնորդում դեպի ժողովրդավարական լուծումներ: Անհրաժեշտ է, գոնե տվյալ պարագայում, տարբերակել ծայրահեղություն եւ արմատականություն բառեզրերը եւ հստակեցնել մեր պատկերացումները: Ծայրահեղության եւ արմատականության միջեւ տարբերությունը այնքան է ինչքան՝ ավանտյուրիզմի եւ բուն, ճշմարիտ հեղափոխականության միջեւ: Մենք պետք ունենք նախ եւ առաջ արմատական եւ ոչ ծայրահեղական ընդդիմության: Այսինքն՝ այնպիսի հավասարակշռված ընդիմության, որը, ծայրահեղական աղմուկներից ու թնջուկներից հեռու է, գաղափարախոսկան հողի վրա, ձգտում է արմատական, համակարգային փոփոխությունների եւ բարեփոխումների, կազմակերում եւ ձեւավորում է հասարակական ճշմարիտ շարժում:

Գալով այն հարցին, թե ընդիմության ուժերից որն է կեղծ, իսկ որը՝ իրական, կարելի է ասել, որ այս հարցադրման մեջ առկա է քարոզչական մի մտածված հնարք, որը բազմիցս ի հայտ եկավ «հայ-թուրքական» հարցի հասարակական քննարկման ժամանակ:

Ցանկանում եմ անդրադառնալ այս հնարքին եւ բնութագրել դա ըստ հետեւյալի. երբ Դաշնակցությունն, իր սկզբունքային քննադատութունները հնչեցնելու համար դիմում էր հրապարակային ակցիայի, իշխանական քարոզչամեքենաները հնչեցված քննադատությունները չեզոքացնելու եւ դրանց նեղ-նացիոնալիստական բնույթ վերագրելու նպատակով, «կողքից» զանազան ակնարկներով մի կերպ փորձում էին ձեւացնել, թէ այդ ակցիաները, վերջին հաշվով համադրված են իշխանության քաղաքականության հետ: Ծայրահեղական ընդդիմությունն էլ, իր շուրջ հավաքված զանգվածը կորցնելու մտավախությամբ, առիթը բաց չեր թողնում եւ օրնիբուն արձագանքում էր իշխանամետ լրատվամիջոցների հարուցած կասկածներին, իր հերթին ասելով, թե իբր Դաշնակցութունը ընդամենը կատարում է իշխանությունների պատվերը:

Եզրակացնեմ, որ այստեղ ոչ թէ կեղծ կամ իրական ընդիմության հարց կա մեջտեղում, այլ՝ ծայրահեղական կամ արմատական:

-Ներքին և արտաքին քաղաքականության Ձեր կանխատեսումները։

-Ներքին և արտաքին քաղաքականությունների փոխկապակցվածության հարցը իրեն խիստ զգացնել է տալու առաջիկայում: Դա աստիճանաբար հանգեցնելու է իշխանական եւ ընդդիմդիր դաշտերի վերադասավորման, մանավանդ երբ հայկական դիվանագիտության ստորագրմանը հանձնվի հայ-ադրբեջանական «հաշտեցման» որևէ փաստաթուղթ: «Հայ-թուրքական» ներկայիս զուգապարը, կարծում եմ, հասնում է իր տրամաբանական ավարտին: Դատելով թուրքական քաղաքական շրջանակների հայտնած տեսակետներից, թվում է, որ հիմա թուրքական կողմի բուռն ցանկությունն է պարը մոտ ապագայում ավարտել հայկական կողմի վերապահությամբ, եւ ոչ թե երաժշտության ավարտով: Այս իմաստով ՍԴ-ի վճիռը առաջին պատրվակն էր, որ իհարկե չստացվեց: Թուրքերը հիմա այլ «մահանա»-ներ են փնտրում:

Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը

Այս խորագրի վերջին նյութերը