Քաղաքական

01.03.2010 19:18


Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի-ի հանրահավաքում

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2010 թ. մարտի-ի հանրահավաքում

Սիրելի հայրենակիցներ,

Օրվա խորհուրդը պահանջում է, առաջին հերթին, ոգեկոչել երկու տարի առաջ տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակն ու եւս մեկ անգամ ցավակցել իշխանություններից լքված, բայց հասարակության լիակատար բարոյական աջակցու­թյունը վայելող նրանց հարազատներին ու մերձա­վոր­ներին։ Երկու տարին նաեւ բավարար ժամանակ է՝ այդ սահմռկեցուցիչ ոճիրը համակողմանիորեն գնահատելու եւ ողջ տարողությամբ իմաստավորելու համար։ Սա այն դեպքն է, որտեղ կասկածներ չպետք է մնան, եւ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց սպառիչ պատասխանը։ Ընդ որում, ոչ միայն հանուն ճշմարտության բացահայտման ու արդարության վերա­կանգնման, այլեւ նման ոճրի կրկնությունը բացառելու նպատակով։

Այնուամենայնիվ, չնայած համապարփակ ուսումնասիրության պահան­ջին, առիթը հարմար չէ ձեզ ներկայացնելու ո՛չ մարտի 1-ի հետ կապված իրադարձությունների մանրամասն վերլուծությունը, ո՛չ էլ կատարելու դրանց հետեւանքների, մասնավորապես, իշխանությունների կողմից սանձազերծ­ված լայնամասշտաբ քաղաքական հալածանք­ների եւ դատական խեղկա­տա­կությունների քննությունը։ Այդ գործը բավարար չափով արվել է ինչպես ընդդիմության, այնպես էլ Փաստահավաք խմբի, իրավապաշտպան կազմա­կեր­պությունների, անկախ քաղաքագետների եւ լրագրողների ջանքերով։ Պա­տա­հական չէ, որ այս շարքում ես չեմ նշում խնդրի առիթով ստեղծված Խոր­հրդա­րանական հանձնաժողովի աշխատանքը, որի նպատակը ճիշտ հակա­ռակն էր, այն է՝ իրականության աղավաղումն ու հանցագործության կոծ­կու­մը։ Հատկանշական է, որ հանձնաժողովի զեկույցն, ըստ էության, այդպես էլ գնահատվեց ոչ միայն մեր հասարակության, այլեւ Եւրոխորհրդի Խորհրդա­րանական Վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողների կողմից։

Զերծ մնալով հանդերձ հարցի հանգամանալից արծարծումից, ձեր ուշա­դրությունն եմ ուզում հրավիրել, սակայն, երկու առանցքային հանգամանքի վրա, որոնցից մեկը վերաբերում է ոճրագործության սկզբնապատճառին, իսկ մյուսը՝ մարտի 1-ի էջի փակ­ված լինելու մասին պնդմանը։

Խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի մի զգալի մասը նվիրված է ապացու­ցելու, որ մարտի 1-ի ողբերգությունն արդյունք էր երկրում կուտակ­ված սոցիալ-տնտե­սական խնդիրների, օրենսդրության անկատարության եւ մա­նավանդ ընդդիմության կողմից ստեղծված անհանդուրժողականության մթնո­լորտի։ Այսինքն, երկար-բարակ խոսվում է ամեն ինչի մասին, բացի բուն պատճառից, այն է՝ ընտրությունների կեղծման իրողությունից։ Ավելի ողոր­մե­լի դատարկաբանություն կամ անսքող ամբար­տա­վանություն դժվար է պատ­կերացնել։ Հանձնաժողովի մտքով անգամ չի անցել պարզելու, թե ինչն էր հարյուրհազարավոր մարդկանց ստիպում տաս օր շարունակ հավաքվել Ազատության հրապարակում, եթե ոչ ընտրությունների կեղծված լինելու գի­տակցությունը։ Մի՞թե ակնհայտ չէ, որ ընտրությունների օրինական լինելու պարագայում հնարավոր չէր լինի անգամ հինգ հազար մարդ հավաքել։ Ոչ մի հոգեխանգարմունք կամ նեյրոլինգվիստիկա չէր օգնի, եւ ընդդիմությունը, որ­քան էլ ճարտար, որեւէ այլ փաստարկով չէր կարող ժողովրդին ոտքի հանել։

Հետեւաբար, եթե ընտրությունները կեղծված չլինեին, իշխանություն­նե­րը մարտի 1-ին բռնության դիմելու կարիք չէին ունենա։ Թեեւ, ինչպես պարզ­վեց պաշտպանության նախարարի վերջերս հրապարակված գաղտնի հրա­մա­նից, բողոքի համաժողովրդական ալիքը ճզմելու ծրագիրը մտահղացված էր դեռեւս փետրվարի 23-ին, բայց իշխանու­թյուններն այդ մասին վերջնական որոշում կայացրին միայն այն բանից հետո, երբ սարսափով նկատեցին պե­տական համակարգում առաջացող ճաքերը, եւ մանավանդ, երբ ի պաշտ­պանություն Սերժ Սարգսյանի կազմակերպված բազմամարդ հանրահավա­քի մասնակիցները փետրվարի 26-ին լքեցին իրենց առաջնորդին եւ համարյա ամբող­ջությամբ միացան Ազատության հրապարակի ցուցարարներին։ Ըստ այդմ, ժողովրդի սառնասիրտ գնդակոծումը՝ ընտրագողությամբ նվաճված իշ­խանությունը պահպանելու վերջին եւ միակ միջոցն էր, որից եւ, միջազգային հանրության անտարբերության շնորհիվ, չխորշեց օգտվել Հայաստանի ավա­զա­կապետական վարչախումբը։ Մարտի 1‑ի սպանդի այլ պատճառների որո­նումը հավասարազոր է անբարոյականության կամ նույնիսկ մեղսակցության։

ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչեւ վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան Ռո­բերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։ Պատահական չէ, որ այդ հրամանն արդեն իսկ հատուկ ուշադրու­թյան է արժանացել Եւրո­խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում եւ, վստահ եմ, դեռ ունենալու է շատ լուրջ հետեւանքներ։ Գալու է մի պահ, երբ միջազգային հան­րության ձեռքում այն դառնալու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում՝ Ռոբերտ Քոչար­յանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը։

Ինչ վերաբերում է հաջորդ խնդրին, այն է՝ մարտի 1-ի էջը փակված տեսնելու ցանկությանը, ապա դա, անշուշտ, իշխանությունների մեծագույն երա­զանքն է, որով­հետեւ դրանով թե՛ վերջնականապես լուծված կլիներ Սերժ Սարգս­յանի լեգիտիմության հարցը, եւ թե՛ ոճրագործության իրական պա­տաս­խանատուները իսպառ կխուսափեին արդարադատությունից։ Բարե­բախ­տաբար, այդ սեւ էջը ո՛չ դեկրետով, ո՛չ էլ իշխանու­թյան անմեղսունակ սպասարկուների մերկապարանոց հայտարարություններով հնարավոր չէ փակել։ Որեւէ բանական մարդու եւ առողջ հասարակության համար այն չի կարող փակված համարվել,

- քանի դեռ պետական հոգացողության չեն արժանացել ու անհրաժեշտ կերպով չեն փոխհատուցվել մարտի 1-ի զոհերի ընտանիքները,

- քանի դեռ իրենց ազատությունը չեն գտել դեռեւս զնդաններում տա­ռապող մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալները,

- քանի դեռ դատական կարգով չեն արդարացվել ու կրած նյութական վնասների հատուցում չեն ստացել բացառապես քաղաքական գործունեու­թյան համար ապօրինա­բար դատապարտված բոլոր անմեղ քաղաքացիները,

- քանի դեռ չեն բացահայտվել եւ արդարադատության առջեւ չեն կանգնել ոճրագործության բուն կատարողները, սադրիչներն ու կազմա­կեր­պիչները,

- քանի դեռ քրեական կամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր անպարկեշտ եւ իրավախախտ դատախազներն ու դատավորները,

- եւ վերջապես, քանի դեռ կեղծված ընտրությունների ու սվինների միջոցով իշխանությունը զավթած ավազակախումբը չի հեռացել ասպարեզից։

Հայ Ազգային Կոնգրեսի տասնյակ հազարավոր նվիրյալ անդամների եւ անհամար թվով համակիրների անունից հավաստիացնում եմ. որքան էլ պայքարը երկար տեւի, մենք անդադրում հետամուտ ենք լինելու նշված բոլոր խնդիրների լուծմանը։ Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավ­թիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենեւին չկաս­կածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաեւ հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը։ Եթե այս ամենը անհանդուրժողակա­նություն եք համարում, ձեր գործն է՝ համարեք։ Դուք գնդակահարեք - իսկ մենք հանդուրժենք. դուք երկիրը թալանեք - մենք չտեսնելու տանք. դուք անմեղ մարդկանց բանտերը լցնեք - մենք չբողոքենք. դուք ընտրությունները կեղծեք - մենք հաշտվենք դրա հետ։ Անտարակույս, սա է հանդուրժողա­կա­նու­թյան մասին ձեր պատկերացումը եւ, անշուշտ, սա է ձեր երազած իդեա­լական պետությունը, բայց այդ երազը մի գեղեցիկ օր անխուսա­փելիո­րեն փշրվելու է։ Իսկ մենք ձեր անկիրթ ու բարբարոս տեսակը երբեք չենք հանդուրժելու, քանզի անիրավությունը, բռնությունը, տգիտությունն ու գավա­ռամտությունը հանդուրժող ժողովուրդը ապագա չունի։

* * *

Անցնելով ընթացիկ քաղաքական իրավիճակի գնահատմանը, հարկ եմ համարում նախեւառաջ կանգ առնել մի տարօրինակ, եթե ոչ մտահոգիչ երե­ւույթի վրա։ Մինչ Հայ Ազգային Կոնգրեսը բոլոր միջոցներով (հանրա­հավաք­ներ, հարցազրույցներ, մամլո ասուլիսներ, պաշտոնական հայտարարու­թյուն­ներ եւ այլն) հետեւողականորեն ձգտում է հստակեցնել հարցերը եւ դրանք մատչելի դարձնել հասարակությանը, լրագրողների ու քաղաքագետների մի զգալի մասը, կարծես-թե, իր առջեւ ճիշտ հակառակ խնդիրն է դրել, այն է՝ խճճել ու մշուշապատել ոչ միայն մշտապես ծագող, այլեւ նույնիսկ վաղուց հստակեցված ու պարզաբանված հարցերը։ Խոսքը չի վերաբերում պաշտո­նական քարոզչության սպասարկուներին, որոնց գոյության իմաստը հենց հարցերի խճճումն ու փաստերի աղավաղումն է, որովհետեւ այլ կերպ նրանք չեն կարող իրականացնել ժողովրդին մոլորության մեջ պահելու իրենց սուրբ առաքելությունը։ Խոսքը, ցավոք, վերաբերում է անկախ կամ ընդդիմադիր լրագրողներին ու քաղաքագետներին, որոնց ազնվությանը թեեւ ոչ ոք չի կասկածում, բայց որոնք, իմ կարծիքով, տարերային լրահոսի ու պատա­հա­կան քաղաքական հայտարարությունների ազդեցության տակ, հաճախ կորց­նում են գործընթացների զգացողությունը։ Քավ լիցի, սա չպետք է կշտամբանք համարել. իրականությունն այնքան դինամիկ է, տեղեկատվությունն ու ապատեղեկատվությունն այնքան առատ, որ օբյեկտիվորեն իսկ չափազանց դժվար է հետեւել իրադարձությունների զարգացման ընթացքին։

Ավելի վտանգավոր է wishful thinking կոչեցյալ հասկացությունը, այլ կերպ ասած, ցանկալին իրականության տեղ դնելու հակումը, քանի որ այն, սին հույսեր արթնացնելով, բթացնում է հասարակության զգոնությունը։ Իսկ երբ նման հակում դրսեւորվում է պետության պատասխանատուների մոտ, դա արդեն հավասարազոր է աղետի։ Ցանկալին իրականության տեղ դնելու տիպական դրսեւորումներ են, մասնավորապես, վերջին շրջանում որոշ արեւմտյան գործիչների ու քաղաքագետների հայտարարությունների կամ ակնարկների հիման վրա հայկական մամուլում շրջանառության մեջ դրված այն առասպելները, թե իբր միջազգային հանրությունը լուրջ ճնշումներ է բանեցնում Թուրքիայի վրա՝ վավերացնե­լու հայ-թուրքական արձանագրու­թյունները, թե վերջինիս համառելու պարագայում ԱՄՆ-ի կառավարությունն սպառնում է ապրիլ ամսին ճանաչել Հայոց ցեղասպանու­թյունը, թե Ռուսաս­տանն ու Իրանը փորձում են վիժեցնել Ղարաբաղյան կարգավորման գործըն­թացը, թե այդ գործընթացը կրկին փակուղի է մտնում եւ հետաձգվում անորոշ ժամանակով, թե Ղարաբաղի հարցում միջազգային հանրությունն աստիճա­նա­բար հակվում է ազգերի ինքնորոշման սկզբունքի կողմը, թե տարածքների վերադարձի դիմաց Լեռնային Ղարաբաղն անկախություն է ստանալու կամ միավորվելու Հայաստանի հետ, թե Սերժ Սարգսյանը, հմուտ դիվանա­գիտու­թյամբ, խաբում է բոլորին ու ոչ մի փաստաթուղթ չի ստորագրելու, թե եթե նա որոշի էլ տարածքները վերադարձ­նել, Ղարաբաղի ժողովուրդն ու բանակը դա թույլ չեն տա, թե Սոչիի հանդիպման ժամանակ որոշվել է, որ այսուհետեւ Ղարաբաղը որպես հակամարտության կողմ մասնակցելու է բանակ­ցություն­ներին եւ այլն։

Ես չեմ պատրաստվում լրջորեն քննարկել, առավել եւս, մեկ առ մեկ հերքել այս հեքիաթները, քանի որ դրանք գործընթացների տրամաբանության հետ որեւէ կապ չունեն եւ, ինչպես ասվեց, ցանկալին իրականություն համա­րելու սովորական դրսեւո­րումներ են։ Փոխարենը, ավելորդ չեմ համարում պարզ, մարդկային լեզվով եւս մեկ անգամ փորձել հստակեցնել, թե ինչ է իրա­կանում տեղի ունենում մեր երկրում, եւ ինչ քաղաքական զարգացումներ են ընթանում նրա շուրջ։

Հայաստանն այսօր կանգնած է հինգ կարևորագույն մարտահրա­վեր­ների առջեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, Ղարաբաղ­յան հակամարտության կարգավորում, ժողովրդավարության վերականգնում, օրինականության հաստատում եւ կոռուպցիայի հաղթահարում։ Բոլոր այս խնդիրները մեզ համար հավասարարժեք ու կենսական են, քանի որ նրանց համալիր լուծումից է կախված Հայաստանը բարգավաճ, ապահով ու ժա­մանակակից երկիր դարձնելու հեռանկարը։ Մինչդեռ միջազգային հանրու­թյանը հետաքրքրում են միայն առաջին երկու խնդիրները, այն է՝ հայ-թուր­քա­կան հարաբերությունների բարելավումը եւ Ղարաբաղյան հակամար­տու­թյան կարգա­վորումը, իսկ մյուսները կա՛մ ստորադասվում են այս երկուսին, կա՛մ ընդհանրապես անուշադրության մատնվում։ Նման մոտեցումը, որքան էլ մեզ համար տհաճ ու բարոյապես խոցելի, քաղաքական տեսակետից միանգամայն հասկանալի է։ Մենք պարզապես գործ ունենք Realpolitik կոչված տխրահռչակ երեւույթի հետ, որի էությունը սկզբունքների զոհա­բե­րումն է քաղաքական նպատակահարմարությանը։

Չեմ ուզում ասել, թե դրանով միջազգային հանրությունը Հայաստանի վատն է ցանկանում կամ նրա դեմ դավ նյութում։ Պետք է ընդունել, որ գերտերությունների վարքը թելադրվում է առաջնահերթություններով, իսկ մնացյալ խնդիրներն ստորադաս­վում են այդ առաջնահերթություններին։ Այդ­պիսի առաջնահերթությունների թվին են պատկանում այն հակամար­տու­թյուն­ները, որոնք սպառնում են, եթե ոչ միջազգային, ապա առնվազն տա­րածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանը։ Ուստի բնական է, որ աշխարհն այդքան շահագրգռված է հայ-թուրքական հարաբերություննե­րի եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ (ինչն, ի դեպ, բխում է նաեւ հայ ժողովրդի շահերից), եւ այդքան բացահայտորեն աչքաթող է անում ժողովրդավարու­թյան, օրինականության ու մարդու իրավունքների հետ կապված Հայաստանում առկա խնդիրները, որոնք այս պահին երկրորդական են նրա համար։ Այս իրողության արձանագրումն ամենեւին չի նշանակում, որ մեր երկրում ժողովրդավարության եւ օրինականության հաստատման հույսը մենք կապում ենք միջազգային հանրության կամ, ավելի կոնկրետ, Արեւ­մուտ­քի հետ։ Դրսից հաստատված ժողովրդավարությունը մեզ պետք չէ, եւ այդ­պիսի բան իրականում չի էլ լինում։ Մենք երբեւէ չենք ակնկալել, առավել եւս պահանջել, որ աշխարհը միջամտի մեր ներքին գործերին կամ ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա։ Միակ ակնկալիքը եղել է այն, որ միջազգային հանրու­թյունը, հավատարիմ մնալով իր դավանած սկզբունքներին, բարձրա­ձայնի ճշմարտու­թյունը։ Այսինքն, բացեիբաց հայտարարի, որ նախագա­հա­կան ընտրությունները կեղծվել են, որ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունն առնվազն կասկածելի է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որ Հա­յաս­տանում ծաղկում է կոռուպցիան։ Եթե այս ամենի մասին խոսում էլ են, ապա խոսում են եւֆիմիզմներով՝ ,նշանակալիորեն կեղծված ընտրու­թյուն­ներե, ,կասկածելիորեն մեծ թիվ կազմող քվեարկության մասնակիցներե, ,խոս­քի եւ հավաքների ազատության սահմանափակումներե, ,քաղաքական դրդապատ­ճառներով կամ քաղաքական գործունեության համար դատա­պարտ­ված քաղաքացիներե եւ այլն։

Սա նշելով հանդերձ, մենք հասկանում ենք, որ միջազգային հան­րու­թյունն այլ կերպ չէր կարող վարվել, քանի որ դրանով կվտանգեր իր համար առաջնային նշանա­կություն ունեցող խնդիրների լուծումը։ Եթե, ասենք, կասկածի տակ դներ Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, ապա վերջինիս կայացրած համաձայնությունները հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարա­բաղ­յան կարգավորման հարցերում օրինական չէին կարող համարվել։ Ուստի պետք է հաշտվել այն մտքի հետ, որ քանի դեռ այդ հարցերը չեն լուծվել, միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնելու ժո­ղովրդավարության, օրինականության եւ մարդու իրավունքների բնագա­վառ­ներում Հայաստանում տիրող անհանդուրժելի իրավիճակի վրա։ Դրանից շուտ շահագրգիռ տերությունների ու միջազգային կազմակերպությունների վե­րաբերմունքը կարող է փոխվել միայն այն պարագայում, եթե կասկածներ առաջանան, որ Սարգսյանն, իր նախորդի օրինակով, փորձում է արհես­տա­կան պատճառաբանությունների ու խոչըն­դոտների հարուցմամբ ձգձգել հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կար­գավորման գործընթացները։ Թեեւ, մյուս կողմից, Սարգսյանի լեգիտի­մու­թյունն այնքան խոցելի է, որ նա ձգձգելու ռեսուրս չունի։

Շատերին թվում է, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կար­գա­վորումը փակուղի է մտել, քանի որ ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Հայաստանը չեն շտապում վավերացնել ցյուրիխյան արձանագրությունները։ Իրականում, սա­կայն, փակուղու մասին խոսք չի կարող լինել, որովհետեւ կողմերից մեկը՝ Թուր­քիան, ինչ որ ցանկանում էր ստանալ այդ արձանագրություններից, արդեն ստացել է։ Այն է՝ անշրջելիորեն կասեցրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, որը վերջին տասնամյակներին նրա ամենամեծ գլխացավանքներից մեկն էր։ Այնպես որ, Թուրքիան բոլորովին շտա­պելու կարիք չունի, եւ արձանագրությունների վավերացմանը կանդրա­դառնա միայն Ղարաբաղի հարցի լուծումից հետո, ինչն ակնհայտ էր ի սկզբանե։ Ընդ որում, այդ հարցում ճնշումները չեն օգնի, քանի որ Թուրքիան, առնվազն ,Ծոցի պատերազմիցե ի վեր, ապացուցել է, որ ճնշումների չի ենթարկվում։

Հետեւաբար, ավելի տեղին է խոսել ոչ թե փակուղու, այլ Սերժ Սարգս­յա­նի հռչա­կած նախաձեռնողական արտաքին քաղաքականության խայտառակ ձախողման մա­սին։ Այդ կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը հանդես է եկել հատուկ հայտարա­րությամբ (,Հայքե, 3.02.2010թ.), որի բովանդակության առանցքը կազմում է հետեւյալ անհերքելի իրողությունը։ Թեեւ Ցեղասպանու­թյան ուրացման դիմաց Սարգսյանն ակնկալում էր՝ ա. բացել հայ-թուրքական սահմանը եւ բ. թուլացնել արտաքին ճնշում­ները Ղարաբաղի հարցում, փաս­տորեն ստացավ իր ակնկալածի ճիշտ հակառակը՝ սահմանը չբացվեց, իսկ ճնշումներն ավելի սաստկացան։ Ձախողումը ցցուն է դառնում մանավանդ այս տխուր արդյունքը Թուրքիայի նշանակալի ձեռքբերման հետ համե­մա­տելու պարագայում։ Եւս մի այսպիսի նախաձեռնողական քաղաքա­կանու­թյուն, եւ Ղարաբաղից ու Հայաստանից բան չի մնա։ Անհնար է չանդրա­դառ­նալ նաեւ հայ-թուր­քական արձանագրությունների վերաբերյալ Սահմանա­դրա­կան դատարանի կայացրած նույնքան նախաձեռնողական, բայց չարա­բաստիկ որոշմանը, որը հիանալի նվեր եղավ ,եղբայրական թուրք ժո­ղովրդինե։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ապա որ այն մտել է հանգուցալուծման փուլ, կասկածից վեր է։ Ըստ էության վերջ­նականապես համաձայնեցված է ներկա հանգրվանում միջազգային հան­րությանը հետաքրքրող գլխավոր հարցը՝ հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին։ Առայժմ վիճահարույց են մնում ապագայում լուծվելիք հար­ցե­րը, մասնավորապես, խաղաղապահ ուժերին, Լեռ­նային Ղարաբաղի կարգա­վիճակին եւ Լաչինի միջանցքի իրավական ռեժիմին վերաբե­րող ձեւակեր­պում­ները։ Հիմքեր կան պնդելու, սակայն, որ Սոչիի հանդիպման ժամանակ գտնվել է նաեւ այս հարցերի շուրջ առկա տարաձայնությունների հաղթա­հար­ման բանալին։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն ուշագրավ հայտարարությունը, որ կողմերին առա­ջարկ­վել է ներկայացնել վիճահարույց հարցերի վերաբերյալ իրենց ձեւակերպում­ները՝ դրանք շրջանակային համաձայնագրի բնագրում ընդգրկելու նպատա­կով։ Գաղափարի էությունն, ակնհայտորեն, հետեւյալն է. շրջանակային համաձայնագրում ամրագրվում են ոչ միայն համաձայնեցված դրույթնե­րը, այլեւ վիճահարույց հարցերի շուրջ կողմերի տարաձայնությունները։ Ասենք, Ադրբեջանի անունից նշվում է, որ ,Լեռնային Ղարաբաղին տրվելու է ինքնա­վարության կարգավիճակե կամ ,Լաչինի միջանցքը գտնվելու է ադրբե­ջանա­կան ուժերի վերահսկո­ղության տակե, իսկ Հայաստանի անունից՝ որ ,Ղա­րա­բաղը հռչակվելու է անկախ պետությունե կամ ,Լաչինի միջանցքի վերահսկո­ղությունն իրականացվելու է հայկա­կան ուժերի կողմիցե։ Հասկանալի է, որ նման նորարարական մեթոդաբանության կիրառումը միտված է, առաջին հերթին, կողմերի դեմքը փրկելուն, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները հնարավորություն ունենան իրենց հասարակություննե­րին ներկայանալ որպես սեփական ազգային շահերին չդավաճանած պետական այրեր ու դրա շնորհիվ չեզոքացնել կամ գոնե մեղմացնել կարգավորման հա­կառակորդների հակազդեցությունը։ Տեսնում ենք, արդեն, թե կողմերն ինչպես են մեկնաբանում եւ իրենց հասարակություններին մատուցում զանազան փաստաթղթերում կողք-կողքի նշված տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները։ Այդուհան­դերձ, հարկ է խոստովանել, սակայն, որ Սոչիում մտահղացվածը չափազանց սրամիտ գաղափար է, որի իրականացումն, իսկապես, կարող է վճռական տեղաշարժ ապահովել Ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Դա այդպես է, թե ոչ, կերեւա շատ մոտ ապագայում։

* * *

Իսկ այժմ, բնականաբար, մի քանի խոսք Հայ Ազգային Կոնգրեսի գոր­ծունեության եւ առաջիկա անելիքների մասին։ Բուն ասելիքին անցնելուց առաջ, սակայն, ես կխնդրեի իմ ընկերներին՝ հանդարտ վերաբերվել մեր հաս­ցեին հնչող քննադատություններին, ուշադիր լինել հիմնավորված դիտողու­թյուն­ների նկատմամբ, չանհանգստանալ անար­դար թվացող մեղադրանք­նե­րից ու Կոնգրեսին ներկայացվող անտեղի պահանջներից, իսկ բանավիճելիս էլ՝ դուրս չգալ փաստերի եւ փաստարկների շրջանակից։ Չեմ կար­ծում նաեւ, թե հարկ է անպայման արձագանքել բոլոր վիճելի հրապարակումներին, դա անհրաժեշտ է անել միայն այն ժամանակ, երբ այդ հրապարակումները վտանգ են ստեղծում մոլորեցնելու ժողովրդին։ Իսկ ընդհանրապես, քննադա­տու­թյունից ու մանա­վանդ մեզ ներկայացվող անսպառ պահանջներից ոչ թե պետք է վշտանալ, այլ, ընդհա­կառակը, ուրախանալ։ Թեեւ կամավորության ու անձնվիրության հիմունքներով գործող հասարակական կամ քաղաքական կազմակերպություններից որեւէ բան պահանջելն անհեթեթություն է, քանի որ պահանջել կարելի է միայն հարկատուների հաշվին ապրող հաստատու­թյուն­ներից, այսինքն պետությունից, եւ թեկուզ մեզ ներկայացվող պահանջ­նե­րը հաճախ ,Բա խի գլխարկ չես դրելե սինդրոմի տպավորություն են թողնում, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ իշխանու­թյուններից ու քաղա­քական մյուս ուժերից վաղուց ի վեր ոչինչ չեն պահանջում, ինչը նշանակում է, որ նրանցից այլեւս սպասելիք չունեն։ Բողոքում, դժգոհում ու պահանջում են միայն մեզանից, ինչն, իր հերթին, նշանակում է, որ փոփոխությունների հույսը հասարակությունը բացառապես Հայ Ազգային Կոնգրեսի հետ է կա­պում։ Սա, թերեւս, Կոնգրեսի գործունեության ամենաանկողմնակալ ու խո­սուն գնահատականն է, որը, սակայն, մեզ համար ոչ թե ինքնագոհության, այլ մեր պատասխանատվությունն առավել հստակ գիտակցելու խթան պիտի հանդիսանա։

Կարծում եմ, Կոնգրեսը կարիք չունի ապացուցելու ո՛չ իր հետեւողա­կա­նությունը, ո՛չ զոհողությունների գնալու պատրաստակամությունը, ո՛չ մար­տավարելու ու խուսա­նավելու կարողությունը, ո՛չ կազմակերպական ունա­կությունները, ո՛չ էլ քարոզչական հմտությունն ու քաղաքական հասու­նու­թյունը, այլապես նրան որեւէ կերպ չէր հաջողվի, տեղեկատվական շրջա­փակման, ամենօրյա հալածանքների ու ոստիկանական տեռորի պայման­ներում, երկու տարուց ավելի առաջնորդել ժողովրդին եւ շարունակել վայելել նրա վստահությունը, ինչի վկայություններից մեկն է, թեկուզ, այսօրվա բազ­մամարդ հանրահավաքը։ Սովորաբար, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվու­թյան մասին դատում են հանրահավաքների եւ զանգվածային այլ միջոցա­ռում­ների հաճախականությունից, մոռանալով այն ճշմարտությունը, որ հրա­պարակային ակցիաները քաղաքական ուժի գործունեության սոսկ մեկ, այն էլ՝ ոչ ամենակարեւոր կողմն են։ Բազմիցս բացատրվել է, որ հանրահա­վաքներն ինքնանպատակ չեն, որ ամենուրեք դրանք, որպես կանոն, տեղի են ունենում ընտրությունների ընթացքում կամ բացառիկ սոցիալ-քաղաքական իրավի­ճակներում, եւ որ հաճախակիությունը ոչ թե ուժեղացնում, այլ նվազեցնում է դրանց ազդեցությունը։ Բայց միեւնույն է, շատերը համառորեն չեն ընդունում այս բացատրու­թյունը եւ անտեսում կամ երկրորդական են համարում այն ամենօրյա հսկայական աշ­խատանքը, որ Կոնգրեսը կատարել ու կատարում է իր ձեւավորումից ի վեր։ Բերեմ ընդամենը մեկ օրինակ.

Ոչ ոք առայժմ չի անդրադարձել այն հարցին, թե այդ ինչպես պատահեց, որ մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական վարկածը երկու տարվա ընթաց­քում պարզապես փուլ եկավ եւ վերջնականապես ապացուցվեց, որ սադրիչ գործողու­թյունները, մեքենաների հրկիզումները, խանութների թալանն ու սպանությունները նախօրոք ծրագրվել, կազմա­կերպ­վել ու իրագործվել են իշխանությունների կողմից, եւ որ իրականում ոչ թե ընդդիմությունն է իշխանության յուրացման փորձ կատարել, այլ ավազա­կապետական վարչախումբն է բանակի օգտագործմամբ պետական հեղա­շրջում իրականացրել, ինչն այսօր ընդունվում է նաեւ միջազգային հան­րության կողմից։ Այս կարեւորագույն, բայց բարդ խնդիրը լուծվեց, առաջին հերթին, Հայ Ազգային Կոնգրեսի համառ ջանքերի ու տքնաջան աշխատանքի գնով ձեռքբերված հազարավոր տեսանյու­թերի, լուսանկարների, ականատես­ների վկայությունների եւ մանավանդ գաղտնի կամ կիսագաղտնի այն փաստաթղթերի հրապարակման շնորհիվ, որոնք լիովին պարզեցին թե՛ բուն ոճրագործության, թե՛ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի կամ, Թոմաս Համմարբերգի խոսքերով, քաղաքական վենդետայի ողջ էությու­նը։ Ավելորդ չեմ համարում թվարկել այդ փաստաթղթերը, որոնցից յուրա­քանչյուրի հրապարակումը ժամանակին ուղղակի սենսացիա առաջացրեց.

- 2008թ. փետրվարի 19-ին, այսինքն՝ քվեարկության օրը, իմ նախընտրական շտաբի պետ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խո­սակ­ցությունների վերահսկ­ման եւ նրա նկատմամբ օպերատիվ այլ գոր­ծողությունների իրականացման վերաբերյալ դատավոր Ժ. Վարդանյանի կայացրած որոշումը, որը հրապարակումից հետո անմիջա­պես որակվեց որպես ,Հայկական Ուոթերգեյթե.

- 2008թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Մ. Հարությունյանի արձակած հրամանը ապօրինի զինվորական կառավարման մարմնի ձեւավորման եւ Երեւան քաղաքում բանակի զորամիավորումների կենտրոնացման մասին, որի գաղտ­նազերծումը լիովին բացահայտեց իշխանությունների կողմից իրականացված պետա­կան հեղաշրջման փաստը.

- 2008թ. փետրվարի 24-ին ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ, գնդապետ Մ. Մարուքյանի կողմից ,Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ մի խումբ անձանց կողմից պետա­կան իշխանությունը յուրացնելու փաստի առթիվե քրեական գործ հարուցելու վերաբեր­յալ կայացված որոշումը, որը փաստորեն դարձավ ընդդիմության դեմ սանձազերծված հաշվեհարդարի հիմքը.

- 2008թ. մարտի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վ. Հարու­թյունյանի նույն օրն առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած իրադար­ձությունների առթիվ քրեական գործ հարուցելու մասին կայացրած որոշումը, որից աներկբայորեն պարզվում են ոստիկանական գործողությունների բուն նպատակն ու ճշգրիտ ժամանակը.

- 2008թ. մարտի 1-ին պաշտպանության նախարարության մի պահես­տից իշխա­նությունների հրահանգով հավաքագրված 950 ոճրագործների զինվորական համազգեստ տրամադրելու մասին կազմված գրությունը, որը միանգամայն բացահայտում է վար­չախմբի քրեական էությունը.

- 2008թ. մարտի 5-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանի հեղինակած շրջաբերական հրահանգը կամ ,քննչական հանձնարարականըե մարզային դատախազներին, որն անհերքելիորեն պարզում է ընդդիմության դեմ հարուցված քրեական գործի քաղաքական բնույթը, ինչի շնորհիվ արժանացավ թե՛ Եւրոխորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի, թե՛ Մարդու իրավունքների կոմիսար Թոմաս Համ­մարբերգի առանձնահատուկ ուշադրությանը.

- Եւ վերջապես, Փաստահավաք խմբի երկու հիմնավոր զեկույցները ոստիկաններ Տիգրան Աբգարյանի եւ Համլետ Թադեւոսյանի սպանության հանգամանքների մասին, որոնց բացահայտումները գլխիվայր շրջեցին քննչական մարմինների կատարած հետաքննության արդյունքները։

Եթե Հայ Ազգային Կոնգրեսը ոչ մի այլ բան արած չլիներ, ապա նույնիսկ այսքանը բավական էր պատկերացնելու եւ ըստ արժանվույն գնահատելու նրա գործունեության հսկայական ընդգրկումը։ Իսկ եթե սրան գումարենք Կոնգրեսի անդամ-կուսակցությունների ինքնուրույն ձեռնարկումները եւ նրա կառույցների՝ քաղաքական խորհրդի, կենտ­րոնական գրասենյակի, մամլո ծա­ռայության, տարածքային ստորաբաժանումների եւ մասնագիտական հանձ­նաժողովների ամենօրյա գործերը, միջազգա­յին կազմակերպություննե­րի ու օտարերկրյա դիվանագետների հետ տարվող մշտական աշխա­տանքը, քաղբանտարկյալներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերվող իրավաբա­նա­կան աջակցությունը, պարբերաբար անցկացվող ոչ զանգվածային միջո­ցառումների կազմակերպումը, անխտիր բոլոր կարեւոր իրադարձություն­ներին արձագանքող պաշ­տոնական հայտարարությունները, ինչպես նաեւ տնտեսության առողջացմանն ուղղված լուրջ առաջարկներն ու քաղաքական զարգացումներին վերաբերող ճշգրիտ կանխատե­սումները, ապա Կոնգրեսի գործունեության պատկերը լիարժեք կդառնա։ Ի դեպ, այդ առթիվ ուզում եմ կարեւորել նաեւ Կոնգրեսի մշակած Հայաստանի տնտեսական զարգացման, կամ ավելի ճիշտ, համակարգային տնտեսական վերափոխման ծրագիրը, որն օրերս ներկայացվել է հանրային քննարկման։ Կարծում եմ, ինձ հետ կհամաձայնեք, որ վերջին երկու տարիներին որեւէ այլ քաղաքական ուժ կամ նույնիսկ պետական կառույց այսքան գործ չի կատարել։

Առավել պարզեցնելու եւ հասկանալի դարձնելու համար Հայ Ազգային Կոնգրեսի կոչումն ու դերակատարությունը Հայաստանի քաղաքական կյանքում, անհրաժեշտ եմ համարում առանձնացնել եւ ձեր ուշադրությանը ներկայացնել այն գլխավոր խնդիրնե­րը, որոնք նա դրել է իր առջեւ։ Դրանք են.

- Ազգային, համամարդկային եւ բարոյական այն արժեքների պահպա­նումն ու հաստատումը, որոնք անխնա ոչնչացվում են ավազակապետության կողմից.

- Ներքաղաքական իրավիճակի առողջացմանն ուղղված ջանքերի գործադրումով Հայաստանին սպառնացող արտաքին վտանգների նվազեցումը.

- Ավազակապետական վարչախմբի արատավոր ու հանցավոր էության հիմնավորված, հետեւողական եւ լիակատար մերկացումը.

- Նոր քաղաքական մշակույթի ձեւավորումը՝ հիմնված ոչ թե կուսակցական մտայնության ու անպարկեշտ գործարքների, այլ բացառապես ազգային շահերի եւ հրապարակային երկխոսության վրա.

- Հասարակության քաղաքացիական գիտակցության բարձրացումն ու քաղաքա­կան հասունացումը.

- Արմատական վերափոխումների համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածի ձեւավորումը.

- Եւ հարմարագույն պահին մեր հռչակած գլխավոր նպատակի՝ իշխանափոխու­թյան իրականացումն ու սահմանադրական կարգի վերականգնումը։

Դժվար է չնկատել, որ բոլոր այս խնդիրների իրականացման ուղղու­թյամբ Հայ Ազգային Կոնգրեսը մինչ այժմ արել է հնարավոր առավելագույնը, ինչը հիմք է տալիս պնդելու, որ այսուհետեւ եւս այդ առումով որեւէ հնարա­վո­րություն բաց չի թողնի։ Մանրամասների մեջ չեմ խորանում։ Հավաս­տիաց­նում եմ միայն, որ ընտրված ճանապարհից մենք երբեւէ չենք շեղվելու եւ պայքա­րելու ենք այնքան ժամանակ, որքան պահանջվի։ Թեեւ, ինչպես աս­վում է հայիթյան մի ցնցող ասացվածքում, ,Լեռներից այն կողմ, նորից լեռներ ենե, այսինքն գոյություն ունեցող խնդիրների լուծումից հետո մեր առջեւ ծագելու են նոր խնդիրներ, մենք պարտավոր ենք հաղթահարելու ցանկացած արգելք եւ մագլցելու թեկուզ հազար լեռ։

Ինչ վերաբերում է իշխանություննե­րին, ապա նրանք թե՛ իրենց հան­ցա­վոր բնույթի, թե՛ արհեստավարժության ու տարրական գրագիտության բացա­կայության պատճառով, ի վիճակի չեն լուծելու երկրի առջեւ կանգնած որեւէ խնդիր, կատարելու իրավիճակի բարե­լավմանը միտված որեւէ դրական քայլ կամ արձանագրելու թեկուզ չնչին հա­ջողություն որեւէ ոլորտում։ Դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ինչ են նրանք ժողովրդին տվել իրենց գոյության անցած երկու տա­րիների ընթացքում. միայն բանտ ու արյուն, ոստիկանական ու հարկային տեռոր, տնտեսական գահավիժում ու գործա­զրկություն, մանր ու միջին գոր­ծա­րա­րու­թյան ոչնչացում, թանկացումներ ու դրամի արժեզրկում, արտա­գաղթ ու կա­պի­տալի արտահանում, իսկ արտա­քին քաղաքականության բնա­գավառում՝ Ցեղասպանության ուրացում, հայ-թուրքական հարաբերությունների կարգա­վորման նվաստացուցիչ գործըն­թաց, Ղարաբաղի խնդրի խայտառակ հանգու­ցալուծման հեռանկար։

Հետեւաբար, որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա եւ որքան էլ ինքնավստահ ձեւանա, միեւնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակ­վող լիցքի եւ իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշա­տիչները։ Մեր պարտքն է, արդ, պատրաստ լինել այդ օրվան՝ երկրի կորուստ­ները նվազագույնի հասցնե­լու եւ պետությունն անկառավարելի վիճակի չմատնելու համար։ Քանի որ վարչախումբն այդպես էլ չգիտակցեց առկա մարտահրավերների դիմակայման համար ազնիվ երկ­խոսության ու ազգային համերաշխության հաստատման անհրաժեշտու­թյու­նը, ուստի սոցիալական պայթյունից խուսափելու եւ զարգացումները սահմա­նադրական հուն տեղա­փոխելու միակ միջոցը մնում են արտահերթ խորհր­դա­րանական եւ նախա­գահական ընտրությունները։ Կոնգրեսի հրապարա­կած տնտեսական վերա­փո­խումների ծրագիրն, ըստ այդմ, կարող եք այդ ընտրություններին մաս­նակցելու եւ հաղթելու հայտ համարել։

Այս խորագրի վերջին նյութերը