Կարծիք

29.08.2018 15:47


Կառավարությանն առաջարկում են թիթե՞ռ նկարել

Կառավարությանն առաջարկում են թիթե՞ռ նկարել

Ամուլսարի հետ կապված պատմությունը փոքր ինչ հումորային երանգներ է ստանում, բայց սա ավելի շատ տրագիկոմեդիա է հիշեցնում, քանզի գործ ունենք Հայաստանի տնտեսությանը հասցվող վնասի ու մարդկային ճակատագրերի հետ։ Եթե այլ պետության մեջ նման բաներ կատարվեին, կարելի էր մի լավ ծիծաղել, բայց երբ դա մեզ մոտ է տեղի ունենում, ապա իրոք ստանում ենք տրագիկոմեդիա։

Բանն այն է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը խոսում է «Ապոլո» տեսակի թիթեռի մասին ու դեմքի լուրջ արտահայտությամբ հայտարարում, թե իբր «Լիդիան Արմենիայի» գործունեության արդյունքում հարված է հասցվելու այդ թիթեռի տեսակին ու ինչ-որ մի բուսատեսակի (հետաքրքիրն այն է, որ այդ թիթեռի և բուսատեսակի մասին հենց «Լիդիան Արմենիան» է բարձրաձայնել)։

Ուշադրությո՛ւն դարձրեք. Գրիգորյանի կողմից ոչ մի խոսք այն մասին, որ Ամուլսարի հանքը վնասելու է Սևանա լճին, հանքին հարակից ջրերին և այլն։ Մինչդեռ բնապահպան կոչվածները հենց այս փաստարկներով են ապօրինաբար փակել հանքի ճանապարհը։

Գրիգորյանը նշում է, որ այդ թիթեռի պահը լրիվ հերիք է, որ «Լիդիանին» թույլ չտան գործել։ Տեսչության սույն պետը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն առաջարկում է, պատկերավոր ասած, լուրջ գործերը թողնել և թիթեռ նկարել։ Ի՞նչ է սա. սաբոտա՞ժ, մանկամտությո՞ւն, թե՞ չարամտություն։ Դժվար է ասել։ Գուցե երեքը միասին վերցրած։

Մեր երկրում մարդիկ վարկերի տակ կքած իրենց կամրջից են նետում, նույն Ջերմուկում «Լիդիանի» աշխատակիցները չեն իմանում, թե ինչպես են ապահովելու իրենց ապրուստը երբ հանքը փակվի, բայց պարզվում է՝ չեղած թիթեռի իրավունքներն ավելի կարևոր են ու կառավարությանը կից այդ թիթեռի իրավունքներով զբաղվող կա, բայց ոչ մարդկանց իրավունքներով։ Հակահեղափոխություն կոչվածը, փաստորեն, հենց գործադիրում է նստած, մասնավորապես՝ բնապահպանական տեսչությունում։
Արթուր Գրիգորյանի «կանտոռան», փաստորեն, լավ չի պատկերացնում, թե ինչպիսի հարված է հասցնում ՀՀ տնտեսությանը, Հայաստանի ներդրումային միջավայրին ու կոնկրետ մարդկանց։ Կամ էլ պատկերացնում է, ո՞վ գիտե։

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը