Կարծիք

01.03.2010 14:47


Հիմա՞ էլ լռենք...

Հիմա՞ էլ լռենք...

Կարծում եմ, այնպիսի խոշոր ծրագրեր, ինչպիսին է, օրինակ, ցեղասպանությունը, երբեք կիսատ չեն թողնում: Ովքեր էլ որ լինեն հայոց ցեղասպանության իրական պատվիրատուները, պետք է որ աշխատեն ավարտին հասցնել իրենց սև գործը: Մանավանդ, որ մնացել է «գործի» ընդամենը մեկ տասներորդ մասը: Եթե փորձենք պարզել, թե ովքեր են դրանք, ապա առաջին հերթին պետք է փնտրենք նրանց մեջ, ովքեր մինչ օրս չեն ընդունել-դատապարտել այդ ոճիրը և անգամ ակտիվորեն խոչընդոտում են այլ ազգերի ու պետությունների կողմից դրա ճանաչմանը: Դա նշանակում է, որ այդ քաղաքական ուժը' ցեղասպանության պատվիրատուն, շարունակում է ակտիվորեն գործել մինչև հիմա: Ո՞վ էր այդ պատվիրատուն' Գերմանիա՞ն, Ռուսաստանի արքունիքը՞, Անգլիայի արտգործնախարարությունը՞, հրեա-մասոնականությունը՞,  թե մեկ այլ' դեռևս անհայտ ուժ, դեռ պետք է բացահայտել:

Մի բան պարզ է. ցեղասպանության գործիքը Թուրքիան էր' որպես պետություն, և արևմտյան ու արևելյան թուրքերն ու քրդերը' որպես ազգեր, ինչպես նաև չեչենների, չերքեզների և այլոց ավազակախմբերը:

Մերօրյա իրավիճակին գցած սթափ հայացքը արձանագրում է, որ առկա են այն նույն պայմանները, որոնք հնարավոր դարձրեցին ծրագրված ցեղասպանության ամենաթեժ հատվածի' 1915-1923 թվականների ՄԵԾ ԵՂԵՌՆի իրականացումը:

Դրանք են'

  • Թուրքիայի, այսպես կոչված, «դեմոկրատացումը»,
  • Թուրքիայի ու թուրքերի մասին եղած «կարծրատիպերի քանդումը»,
  • Հայկական առաջատար քաղաքական ուժի համագործակցությունը թուրքերի հետ,
  • Տարածաշրջանում պատերազմական իրավիճակը,
  • Որոշ պետությունների շահագրգռվածությունը հայերին իրենց բնօրրանից արտաքսելու մեջ:

Դիտարկենք շարադրվածը մեկ առ մեկ:

1.Թուրքիայի, այսպես կոչված, «դեմոկրատացում»

Երիտթուրքերը իշխանությունը զավթելուց հետո սկսեցին Թուրքիայի «դեմոկրատացման» գործընթացը: Ընդունվեց սահմանադրություն, առաջ քաշվեցին «համամարդկային»  կարգախոսներ ազգային փոքրամասնությունների հավասարության, եղբայրության և այլ նմանատիպ բաների մասին: Եվ քանի որ այդուհետ Թուրքիայում իշխանություններն իբր  արմատավորում էին նշված' «մարդասիրական» սկզբունքները, ուրեմն կոչ արվեց, որ հայ ֆիդայիները զենքերը ցած դնեն: Շատերը հավատացին. առաջին անգամն էր:

Ի՞նչ եղավ հետո հարմար առիթի պահին, բոլորիս քաջ հայտնի է. անզեն ժողովրդի կոտորած:

Հիմա նույնն է: Սկսել են Թուրքիայի «դեմոկրատացման» գործընթացը: Զինվորական դիկտատուրայից իբր անցում է կատարվում քաղաքացիական հասարակությանը: «Էրգենիկոն» են խաղացնում, գեներալներ են ձերբակալում, Հրանտ Դինքի սպանության դատավարություն են անում, հայկական ճարտարապետության նմուշներ են վերականգնում ու դեռ էլի տարբեր բաներ կանեն: Կանեն... Միայն թե եվրոպական չափանիշներին համապատասխանող պետության կարգավիճակ ձեռք բերեն:

Ի՞նչ կլինի հետո հարմար առիթի դեպքում, բոլորս կարող ենք հստակ պատկերացնել ...

2.Թուրքիայի ու թուրքերի մասին եղած «կարծրատիպերի քանդում»

Աբդուլհամիդյան Թուրքիայի և ընդհանրապես թուրքերի մասին տասնամյակներով ու հարյուրամյակներով ձևավորված «կարծրատիպերը» մեկ անգամ քանդեցինք' երիտթուրքերի խոստումների հիման վրա:

Տեսանք հետևանքները ...  1915 թ. ապրիլի 24

Երիտթուրքական Թուրքիայի և թուրքերի մասին կոտորածներով պայմանավորված «կարծրատիպերը» մեկ անգամ ևս քանդեցինք, այս անգամ' հայ բոլշևիկների դրդմամբ: Թե Քեմալ փաշայի զորքը'«ՙարդեն այն թուրքերը չեն, սրանք արդեն բանվորա-գյուղացիական աշխատավորների ու չքավորության պաշտպաններն են' Լենինի բարեկամները»:

Տեսանք հետևանքները ...  Բացվեց անառիկ Կարս ամրոցի դարպասը... Ու էլ չհարցրին' բոլշևիկ ես, թե  դաշնակցական, զինված ես, թե անզեն, ծեր, մանուկ, թե կին... կոտորեցին անխտիր:  

Երրորդ անգամ քանդեցինք թուրքերի մասին արդեն դարերի դառը փորձով ձևավորված  «կարծրատիպերը» սովետական տարիներին: Թե թուրքերը արդեն քաղաքակիրթ են դարձել, սովետականացել են: Հիշու՞մ եք «Ես, Օլեգը և Ալին ...» բանաստեղծությունը:

Տեսանք հետևանքները... Բաքվում ապրող մեր հայրենակիցները վաթսուն-յոթանասունականներից ի վեր արդեն դարձել էին անազգ «բաքվեցի», «հոմո սովետիկուս» ու այդ պատճառով ոչ մի կերպ չէին հավատում, որ սումգաիթյան կոտորածը իրենց էլ է սպառնում: Նրանց ուղեղում չէր տեղավորվում այն միտքը, որ իրենց հարևան, գործընկեր կամ ուղղակի ընկեր դարձած կոմերիտական ու կոմունիստ թուրքերը, այս անգամ արդեն «ադրբեջանցի» անվան տակ, նորածին հայ երեխաներին կգցեն կրակի մեջ ու կգոռան. «Արմյանսկի շաշլիկ դելաեմ»:

Հիմա նույնն է: Սկսել են Թուրքիայի և թուրքերի մասին «կարծրատիպերը» մեկ անգամ ևս քանդել' ենթադրելով, թե Թուրքիան և թուրքերը փոխվել են: Այդ մասին Թուրքիայի վրայով թռչելիս ուղղակիորեն ասաց Ս. Սարգսյանը' Գյուլին ուղղված ուղերձում: Բայց եկեք տեսնենք, արդյոք հիմքեր կա՞ն կարծելու, թե Թուրքիան և թուրքերը փոխվել են: Բավարար է նշել միայն այն փաստը, որ նրանք մինչ օրս չեն ընդունում իրենց կատարած ոճրագործությունը և հենց այն նույն պահին, երբ բանակցում են հայերի հետ հարաբերությունների կարգավորման մասին, պետական մակարդակով իրենց դպրոցներում ակտիվորեն քարոզում են հակառակը, թե հայերն են ցեղասպանություն իրականացրել թուրքերի դեմ...

Սա չտեսնելը և առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելը քաղաքական կուրություն չէ, այլ ինչ-որ ուրիշ բան... Ազգային ինքնասպանության դրդում: Չէ որ դա ուղղակիորեն թուրք երիտասարդության մեջ հող է նախապատրաստում անհիմն վրեժխնդրության համար: Ինչը կարծում եմ, հասկանալի է, այլ ձևեր չի ընդունի, քան նոր ցեղասպանության:

Ի՞նչ կլինի հետո հարմար առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...

3.Հայկական առաջատար քաղաքական ուժի համագործակցություն թուրքերի հետ

Քսաներորդ դարի առաջին տասնամյակում նորաստեղծ հայկական կուսակցություններից մեկը' Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հայ իրականության մեջ ստանձնել էր առաջատար քաղաքական ուժի դեր: Եվ նա, հավանաբար, փորձի պակասության հետևանքով, կամ էլ հակառակվելով առաջինը ստեղծված «Արմենական» կուսակցությանը, որը բացառում էր որևէ համագործակցություն թուրքերի հետ, սկսեց գաղտնի բանակցություններ վարել նույնպես նորաստեղծ թուրքական (իրականում, հիմա արդեն հայտնի է, հրեա-մասոնական) «Իթթիհաթ վե թերակի» («Միություն և առաջադիմություն». Ինչպիսի՜ հնչեղ անվանում) կուսակցության հետ: Բանակցությունների նպատակն էր համատեղել երկու կուսակցությունների ուժերը' Թուրքիայում սուլթանի իշխանությունը տապալելու միջոցով, սահմանադրական պետություն ստեղծելու համար: Հատկանշական է, որ բանակցությունները այն ժամանակ էլ վարվում էին Շվեյցարիայում: 

Ի՞նչ եղավ հետո հարմար առիթի պահին, բոլորիս քաջ հայտնի է...

Հիմա նույնն է: Սկզբից ՀՀՇ-ն' որպես մեր իրականության առաջատար քաղաքական ուժ, Լ. Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ սկսեց գաղտնի բանակցություններ թուրքերի հետ հաշտեցման նպատակով... Բարեբախտաբար, այդ կուսակցության ընդհանրապես և նրա առաջնորդի' ԼՏՊ-ի ապաշնորհության պատճառով բանակցությունները հաջողություն չունեցան: Իսկ հիմա էլ Հանրապետական կուսակցությունը դառնալով առաջատար քաղաքական ուժ, նույն Շվեյցարիայում սկսեց և, ինչպես երևում է, տրամաբանական ավարտին է հասցնում բանակցությունները Թուրքիայի հետ: Բանակցությունների հայտարարված նպատակն է առանց նախապայմանների դիվանագիտական միջպետական հարաբերություններ հաստատել երկու պետությունների միջև: Եվ դա չնայած այն բանին, որ խելագարություն է, երբ հանցագործության զոհը ձգտում է առանց վերապահումների բարեկամանալ իր դահճի' ռեցիդիվիստ մարդասպանի հետ, որը ոչ միայն չի զղջում կատարած ոճրագործության համար, այլ նույնիսկ չի էլ թաքցնում իր թշնամական տրամադրվածությունը:

Իրականում, սակայն, հենց Թուրքիան է լկտիաբար նախապայմաններ առաջ քաշել և Հայաստանի արտգործնախարարը սուս ու փուս համաձայնվել է դրանց հետ, որոնք ըստ էության հետևյալն են'

ա) 1920 թ. թուրքական ավազակային' ոչ պետական ագրեսիայի հետևանքով և բոլշևիկյան Ռուսաստանի միջնորդությամբ ձևավորված հայ-թուրքական զինադադարի գիծը (որը անօրինաբար դարձավ սովետա-թուրքական սահմանի հայաստանյան հատված) ճանաչել որպես հայ-թուրքական սահման: Այնինչ, Հայ-թուրքական միջազգայնորեն ճանաչված սահմանը Սևրի բազմակողմ պայմանագրի համաձայն հաստատվել է 1920 թ. նոյեմբերի 22-ին' ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով: Վերջինս անբեկանելի է, անժամանցելի է և պարտադիր է կատարման համար: Ի լրումն այս ամենի նշենք, որ Սևրի պայմանգիրը, ի թիվս այլոց, ստորագրել են նաև Թուրքիան և Հայաստանը:

բ)  Հրաժարում ցեղասպանության միջազգային ճանաչումից, այդքանով նաև Թուրքիայից ցեղասպանության հետևանքների վերացման պահանջներից: Այդ թվում' տարածքային և ֆինանսական ռեպարացիայից և սեփականության իրավունքի վերականգնումից:

գ)  Ղարաբաղյան հակամարտության թուրքանպաստ լուծում: Այսինքն' ազատագրված մեր հայրենի տարածքների անվերապահ վերադարձ թուրքական երկրորդ' անօրինական, նույնպես ցեղասպան պետությանը' Ադրբեջանին:

Որպես հայ-թուրքական բանակցությունների դրական հետևանք' նշում են սահմանների բացումը և առևտրի զարգացումը: Իրականում տեղի կունենա թուրքական դեմոգրաֆիական ագրեսիա: Ավելի պարզ ասած, թուրքերը կլցվեն Հայաստան, պետական ծրագրով հատկացված գումարներով կգնեն այստեղ ամեն ինչ և շատ շուտով Հայաստանի հանրապետությունում կդառնան ազգային մեծամասնություն: Դրա համար արդեն ընդունվել է համապատասխան օրենք, որը հեշտացնում է օտարերկրացիների Հայաստանում բնակություն հաստատելու կարգը' աննշան վերապահումով' եթե նրանք բիզնեսով են զբաղվելու: Բնական հարց է ծագում' ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվեն օտարերկրացիները (թուրքերը) Հայաստանում: Չէ որ կաշվի կամ խալու խանութ բացելը արդեն բիզնես է:

Այս' դեմոգրաֆիական ագրեսիայի ծրագիրը, թուրքերն արդեն հաջողությամբ փորձարկել են Կիպրոսում: Այդ անպաշտպան կղզու մեկ երրորդը գրավելուց հետո, մոտ 20-25 տարվա ընթացքում Թուրքիայից Կիպրոս տեղափոխվեց ավելի շատ թուրք, քան կղզու հույն և հայ բնակչությունն է իրար հետ վերցրած: Կասկած չկա, որ նույնը Թուրքիան իրականացնելու է Հայաստանում... 

Ի՞նչ կլինի հետո հարմար առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...

4.Տարածաշրջանում պատերազմական իրավիճակ

Երիտթուրքերը իշխանության եկան 1907 թվականին: Դրանից հետո 7-8 տարի շարունակ նրանք չտեսնված գաղտնապահությամբ նախապատրաստում էին հայերի ցեղասպանությունը: Այնքան գաղտնի էր դա արվում, որ թուրքական պառլամենտի հայ պատգամավորներն անգամ գլխի չնկան այդ սատանայական պլանների մասին: Այսպես միամիտ' ընկած իրենց բիզնեսի հետևից, աշխարհից անտեղյակ ու անհաղորդ, ուշադրության չարժանցնելով սթափության կոչերը' հայերն ապրեցին ընդհուպ մինչև 1915 թվականի ապրիլի 24-ը և անգամ դրանից էլ հետո: Ցեղասպանության ընթացքում անգամ կային հայեր և դրանք ամբողջ գյուղեր էին, որ չէին հավատում կոտորածների ականատեսների և մի կերպ փրկվածների սահմռկեցուցիչ պատմություններին: Որովհետև դա մարդկային ուղեղում չէր տեղավորվում: Իսկ թուրքերը հարմար առիթը ձեռքներից բաց չթողեցւն: Սկսվել էր առաջին համաշխարհային պատերազմը, և Եվրոպան բոցերի մեջ էր:

Հիմա նույնն է: Սկսվել է մեր անմիջական և մոտ հարևաներին ներգրավող լոկալ պատերազմների մի ամբողջ շարք' արաբա-իսրայելական, իրաքա-իրանյան, ամերիկա-իրաքյան, թուրք-քրդական, ամերիկա-ավղանական, ռուս-վրացական, էլ չասած, հայ-ադրբեջանականի մասին: Այս ամենը սպառնում է վերաճել տարածաշրջանային մեծ պատերազմի' բոլորը բոլորի դեմ սկզբունքով, եթե ԱՄՆ-ը իրականացնի իր մտադրությունը հարձակվելու Իրանի վրա: Այդ դեպքում Ադրբեջանը կօգտվի առիթից և կփորձի գրոհել Ղարաբաղի վրա: Վրաստանը կօգտվի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունից և կփորձի զենքի ուժով հետ բերել Աբխազիան և Հարավային Օսիան: Քրդերը, օգտվելով Իսրայելի համակողմանի աջակցությունից, կփորձեն Արևմտյան Հայաստանը պոկել Թուրքիայից; Հայաստանը հուժկու հակահարված կհասցնի ադրբեջանական բանակի ներխուժմանը և ազատագրելով Գանձակը, Շահումյանը և Ուտիքը' դուրս կգա Քուռ գետի ափ: Դրանից կկառչի Թուրքիան և անկանխատեսելի հետևանքներով զորք կմտցնի Հայաստան: 

Ի՞նչ կլինի հետո այդպիսի առիթի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...

5.Որոշ պետությունների շահագրգռվածությունը հայերին իրենց բնօրրանից արտաքսելու մեջ

Առաջին Աշխարհամարտի տարիներին Ռուսաստանը մի քանի անգամ փոխեց իր քաղաքականությունը կովկասյան ռազմաճակատում: Ռուսական արքունիքում մրցակցում էին երկու տեսակետ: Ըստ մեկի' պետք է Բուլղարիայի օրինակով ստեղծվեր Ռուսաստանին արբանյակ պետություն՝ «անկախ» Հայաստան և դառնար Ռուսաստանի հենակետը տարածաշրջանում: Ըստ մյուսի' Հայաստանը պետք է իսպառ հայաթափվեր և բնակեցվեր կոզակներով և ռուսական աղանդավորներով' մոլոկաններով, դուխոբորներով և այլն: Ըստ այդմ, մեկ մի տեսակետն էր դառնում առաջատար և իրականացվող, մեկ էլ' մյուսը: Երբ արքունիքում հաղթում էր հայաթափության տեսակետը ռազմաճակատում տեղի էր ունենում հետևյալը. ռուսական բանակը, հայ կամավորական ջակատների և բնակչության աջակցությամբ, գրոհով հետ էր շպրտում թուրքերին իրենց դիրքերից։ Մի քանի օր հայերը ցնծում էին, և հանկարծ, առանց բնակչությանը տեղակացնելու, ռուսական զորքը դավաճանաբար հետ էր քաշվում և անպաշտպան բնակչությանը գցում էին կատաղած թուրքի երախը:

Ի՞նչ էր տեղի ունենում հետո, մեզ քաջ հայտնի է... 

Հիմա նույնն է: ԱՄՆ նախկին պետքարտուղար Զ. Բժեզինսկու հանրահայտ «Շախմատային մեծ խաղատախտակ» գրքում բերված է իբր թուրքալեզու ժողովուրդների տարածվածության քարտեզը:

Ինչպես տեսնում ենք, այս քարտեզում չի նշված Թաթարստանը, Բաշկորկստանը և ռուսաստանյան թուրքալեզու այլ տարածքները: Սա խոսում միայն մի բանի մասին, որ քարտեզում պատկերված է Զ. Բժեզինսկու երազած «թուրքական  մեծ պարիսպը», որը հիմա ԱՄՆ-ը կառուցում է փոփոխական հաջողությամբ: Դրա նպատակն է' կտրել հարավային երկրների հետ Ռուսաստանի հաղորդակցության ցամաքային ուղիները: Եվրոպայի ուղղությամբ այդ պատը երկարացվեց Ալբանիայի և Կոսովոյի հաշվին: Հեշտ է նկատել, որ Հայաստանը իր դիրքով այդ պատը զգալիորեն բարակացնում է: Հաշվի առնենք, որ Պարսկահայքում և Պարսկական' իսկական Ադրբեջանում, բնակչությունը թուրքալեզու լինելով, իրանական' արիական ծագում ունի և իր մտածելակերպով ու հոգեկերտվածքով էապես տարբերվում է Ադրբեջան կոչվող հանրապետության թուրք բնակչությունից: Բացի դրանից, Իրանը ամուր պետություն է և նմանատիպ խաղերը այնտեղ չեն անցնում: Ուրեմն ստացվում է, որ Հայաստանը «թուրքական  մեծ պարիսպ»-ի մեջ Ռուսաստանի և Իրանի համար դարպասի դեր է խաղում:

Ինքնին հասկանալի է, որ ԱՄՆ-ը պետք է ձգտի փակել այդ դարբասը: Առաջին կոպիտ փորձը չստացվեց: Պոլ Գոբլի տարածքների փոխանակման ծրագիրն էր: Տարբերակները հետևյալն էին' Մեղրին տրվում էր Ադրբեջանին, Ղարաբաղը' Հայաստանին, Լաչինի միջանցքը Հայաստանին, Մեղրիում երկաթուղին' Ադրբեջանին և այսպես մի քանի այլևայլ տարբերակներով: Ոչինչ չստացվեց, քանի որ ժողովուրդը դեմ էր, ժողովրդի կամային հատկանիշները այլ էին: 

Որոշվեց իրականացնել պահեստային, շատ ծանր պլանը: Ըստ այդ պլանի' Հայաստանը Թուրքիայի և թուրքերի համար դառնալու է «թափանցիկ»: Դրա համար հայ-թուրքական հաշտեցում է հարկավոր, որպեսզի իմաստ ունենա ռուսական ռազմական բազայի Հայաստանից հանելը: Դրա համար պետք է մոռացվեն Սևրի պայմանագիրն ու Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Դրա համար հայերը պետք է հրաժարվեն իրենց ՀԱՅՐԵՆԻՔԻ մեծ մասից, որպեսզի դարպասը չլայնանա: Դրա համար հայերի մեջ պետք է արմատավորել այն խեղկատակությունը, թե շուտով պետությունները կդադարեն գոյություն ունենալուց, ազգերը կվերանան և աշխարհը կկառավարվի տնտեսական հսկա կորպորացիաների կողմից: Այնպես որ, ի՞նչ կարիք կա հուզվելու. ՀԱՅՐԵՆԻՔ-ը, ազգը և նման այլ հասկացությունները քաղաքական կեղծ կատեգորիաներ են:

Ի՞նչ կլինի այդպիսի ընթացքի դեպքում, բոլորս արդեն կարող ենք հստակ պատկերացնել ...

Բայց ի՞նչ անենք...

Այս հարցի առջև մեր ազգը բազմիցս է կանգնել և այդպես էլ ընդհանուր եզրահանգման չենք եկել: Հիշու՞մ եք «Մուսա լեռան 40 օրը»: ժողովրդի մի մասը հոգևորականի հորդորներով ընտրեց Դերզոր տանող ճանապարհը: Իսկ մյուս մասը գնաց Բագրատյանի հետ դեպի Մուսա լեռ:

 Հիմա նույնն է:  Նորից երկու ճանապարհ ունենք:

Մեկը տանում է դեպի Դերզոր: Դա հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն է: Դա մեր թշնամիների կամքին լիովին հնազանդվելու ուղին է: Այդ ճանապարհը մեզ քաջ հայտնի է. մենք մեկ անգամ չէ, որ անցել ենք այն: Թե ի՞նչ է մեզ սպասում այդ ճանապարհին և մանավանդ վերջում, կարծում եմ' ոչ մեկի համար առանձնահատուկ գաղտնիք չէ: 

Մյուսը տանում է Մուսա լեռ:  Դա  հայ-թուրքական արձանագրություններին Ո՛Չ ասելն է: Դա ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՕՐ հռչակելն է: Դա ՄԱԿ-ի ԱԽ-ին  համապատասխան հայցով դիմելն է' պահանջելով կատարել Սևրի պայմանագրով որոշված Վուդրո Վիլսոնի ԻՐԱՎԱՐԱՐ ՎՃԻՌԸ: Դա ՀԱՅ ԴԱՏ-ի ուղին է:

Դա դիմադրության և պայքարի ուղին է: Այդ ճանապարհն էլ է մեզ քաջ հայտնի: Այդ ճամփով էլ մենք մեկ անգամ չէ, որ անցել ենք: Ու փորձը' մեր պատմական փորձը, մեզ ցույց է տվել, որ բացարձակապես բոլոր այն դեպքերում, երբ մենք տեր ենք կանգնել մեր իրավունքներին, երբ մենք դիմադրություն ենք կազմակերպել' զինված, թե անզեն, մենք հաղթել ենք և ապրել, թեկուզև զոհողությունների գնով:

Երրորդը չկա...

Ու եթե մուսալեռցիները կարող էին հարգել մեկ մեկու կարծիքը և ասել. «Գնացե՛ք ձեր ընտրած ճանապարհով, Աստված ձեզ օգնական», ապա

հիմա ուրիշ է: Իրավիճակն այնպիսին է, որ մենք ստիպված ենք ազգովի ընտրություն կատարել. ԼԻՆԵԼ  թե  ՉԼԻՆԵԼ-ու  միջև:

Վաչագան Վահրադյան

Այս խորագրի վերջին նյութերը