Քաղաքական

23.08.2018 17:14


Վճռաբեկ դատարան բողոք են պատրաստում նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները

Վճռաբեկ դատարան բողոք են պատրաստում նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ Գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը մուտքագրվել է Վճռաբեկ դատարան:

Դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչությանից «Ազատությանը» հայտնեցին, որ, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, բողոքի քննարկման առավելագույն ժամկետը երեք ամիսն է:

Հիշեցնենք, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Օգոստոսի 13-ին Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և բավարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Վերաքննիչը հիմք ընդունեց նախագահի անձեռնմխելիության մասին սահմանադրական դրույթը:

Գլխավոր դատախազությունը վիճարկում է վերաքննիչ դատարանի որոշումը, դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը սակայն նշեց, բողոքարկման հիմքերը հրապարակման ենթակա չեն:

Զուգահեռաբար, Վճռաբեկ դատարան բողոք են պատրաստում նաև երկրորդ նախագահի փաստաբանները: Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ հենց հիմա մշակում են բողոքի տեքստը, հիմքերը կմեկնաբանեն, երբ բողոքը պատրաստ լինի:

«Կային վերաքննիչ մեր բողոքների մեջ էնպիսի հիմքեր, որոնց Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել: Իսկ մեր գնահատմամբ, էդ հիմքերը ոչ պակաս կարևոր էին, քան էն մի հիմքը, որի կիրառմամբ Վերաքննիչ դատարանը պարոն Քոչարյանին ազատ արձակեց: Մի շարք հիմքեր էինք բերել, որոնցից յուրաքանչյուրը արդեն բավարար էր, որպեսզի պարոն Քոչարյանը չկալանավորվի: Հիմա մեր բոլոր փաստարկներից հիմք է ընդունվել միայն պարոն Քոչարյանի անձեռնմխելիությունը, բայց մենք ուզում էինք, որպեսզի Վերաքննիչ դատարանը մնացած բոլոր հիմքերին նույնպես անդրադառնար»,-նշեց Ալումյանը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանում հնարավոր է քննվի ոչ միայն գլխավոր դատախազության բողոքը, որով վիճարկվում է Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլև երկրորդ նախագահի պաշտպանների բողոքը՝ կալանքից ազատման համար նախագահական անձեռնմխելիությունից զատ, այլ փաստարկներ ևս քննելու պահանջով:

Այս խորագրի վերջին նյութերը