Մեկնաբանություն

01.03.2010 18:18


Ավտոկայանատեղիները և «փողոցային հարկադիր կատարողները»

Ավտոկայանատեղիները և «փողոցային հարկադիր կատարողները»

Ավտոմեքենա ունեցողները և նույնիսկ չունեցողները բախվել են մի իրավիճակի, երբ «մին էլ ըհը» ծլում է մեկը՝ հիմնականում ծեր և անմխիթար արտաքինով, և մեքենան տվյալ վայրում կայանելու համար գումար պահանջում (ով ինչքան շատ տա, նրա պատիվն է): Այս երևույթը տարիների պատմություն ունի, բայց հասարակության լայն շերտերը մինչև հիմա էլ չգիտեն՝ ո՞ւմ «վրա» են աշխատում այդ «ծերունի ավազակները», ո՞ր իրավունքով են գումար պահանջում վարորդներից, վերջին հաշվով ո՞ւմ գրպանում են հայտնվում այդ գանձված գումարները և այլն։

Հարցերի այս շարանի պատասխանները փորձեցինք ստանալ հենց «առաջին ձեռքից»՝ կայանատեղերում գումար գանձողներից։ Շատ հետաքրքիր զրույց ստացվեց։

-Ո՞ր իրավունքով եք վարորդներից գումար վերցնում,- հարցրեցի նրանցից մեկին՝ Մխոյան Ռուբենին։

-Ես ոչ մի գումար էլ չեմ վերցնում։ Ես՝ որպես աշխատող, քաղաքապետարանի բոլոր մեքենաները սպասարկում եմ։ Սպասում եմ, իրանց տեղը պահպանում եմ, որ քաղաքապետարանի աշխատողը գա ու ինքն իր տեղն ունենա,- պատասխանեց նա։

-Ձեր այդ ծառայությունների համար դուք ինչ-որ տեղից աշխատավարձ ստանո՞ւմ եք։

-Ո՛չ։ Ինձ հովանավորում են։

-Ո՞վ։

-Տարբեր մարդիկ, տարբեր շեֆեր։

-Բայց ես հենց նոր տեսա, որ վարորդներից մեկը ձեզ գումար տվեց՝ 100 դրամ։

-Չէ՛, բանալին վերցրեցի։ Ես գումար վերցնում եմ, ի՞նչ անեմ։

-Ամեն ամիս որքա՞ն գումար եք վաստակում։

-Ով ինչքան հոգու սրտով հովանավորում է։

-Ամեն ամսվա վերջի՞ն են հովանավորում, թե՞ ամեն օր։

-Ամսվա վերջում։

-Ձեր ասած քաղաքապետարանի շեֆե՞րն են տալիս։

-Չէ՛, մեր վարորդները։

-Քաղաքապետարանի՞ վարորդները։

-Չէ՛, էնքա՜ն վարորդներ կան նալոգվի...լիքն են։ Իսկ փող աշխատողներն այստեղի ստայանչիկներն են։ Չգիտեմ՝ ովքեր են։

-Իսկ նրա՞նք ում են պատկանում։

-Օ՜, Մագդո՜ւ։

-Ձեր անուն, ազգանունը կասե՞ք։

-Ինչի՞, արդեն հանձնում են հողի՞ն։

Նրա հետ զրույցն ավարտվեց։ Մոտեցանք մի քանի մետր հեռավորության վրա կանգնած մեր զրուցակցի մատնանշած ստայանչիկներից Վրեժ Գասպարյանին։

-Աշխատավարձ ստանո՞ւմ եք։

-Չէ՛, չենք ստանում։

-Բայց երբ մեքենաներին տեղավորում եք, գումար են տալիս։

-Եթե տալիս են, վերցնում ենք, չեն տալիս, չենք վերցնում։ Ուղղակի նայում ենք մեքենաներին, որ չխփեն, վթար չլինի։

-Փաստորեն, այստեղ ինքնակամ գալիս, կանգնո՞ւմ եք, ու ոչ մեկ ձեզ չի՞ հրահանգում։

-Ո՞նց ինքնակամ։

-Այսինքն, այդ գումարները որ վերցնում եք, հետո ինչ-որ մեկին հաձնո՞ւմ եք, թե՞ ձեզ են մնում։

-Տալիս ենք։

-Ո՞ւմ։

-Չեմ իմանում, մեկը գալիս, հավաքում է։

-Չե՞ք ճանաչում։

-Չեմ ճանաչում։

-Առանց ճանաչելու տալի՞ս եք ձեր վաստակածը։

-Հա՛։

-Օրական մոտավորապես որքա՞ն գումար է հավաքվում։

-1000 դրամ մնում է մեզ, 1000-ն էլ իրենց ենք տալիս։ Լրիվ հարկայինի աշխատողներն են։

-Մեքենան կայանողնե՞րը, թե՞ վերցնողները։

-Չէ՛, կանգնողները։

-Բայց ձեր վերնազգեստին ամրացված թղթի վրա գրված է «Բարի լույս» ՍՊԸ. հսկիչ վճարովի ավտոկանգառ։ Այդ ՍՊԸ-ի՞ց են գալիս, ձեր վաստակած գումարի կեսը վերցնում։

-Երևի։

Թե իրականում ովքե՞ր են այդ անհայտ և անձեռնմխելի «մագդուները», որ Երևանի ցանկացած փողոցի ցանկացած հատվածում կարող են մի աշխատողի կանգնեցնել, պարտադրել, որ նա վարորդներից գումար վերցնի, կեսն էլ վճարի իրեն, այդ գումարներից հարկեր չեն վճարում (էլ չեմ ասում ՀԴՄ կտրոն տալու մասին) ու չեն պատժվում, չգիտեն անգամ մեր երկրի լավատեղյակ պաշտոնյաները։ Համենայնդեպս, իրենք այդպես են պնդում։ Մասնավորապես ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում ասաց.

-Դե երևի ինչ-որ մեկի գրպանը մտնում է, ով որ այդ մարդկանց ուղարկել է, կամ էլ ա՛յդ մարդու գրպանը։ Հիմա այստեղ էլ ես կարող եմ գնալ, մեքենայիս կողքը մարդ կանգնած լինի, ասեն՝ ինձ փող տուր։ Ուզում են, դուք էլ մի՛ տվեք։ Դրանք ոչ մի կարգավիճակ չունեն։

Վ. Այվազյանն ավելացրեց նաև, որ սա քաղաքապետարանի կարգավորման խնդիրն է.

-Հուսով եմ, որ քաղաքապետարանը դա կկարգավորի, որովհետև դա օրենքով չի. նպանատիպ օրենք չկա։ Սա հասարակական մայթ է և ոչ մի ծառայություն քեզ չի մատուցում, ինչի՞ համար պետք է ես վճարեմ. ո՛չ պահպանում է, ո՛չ, ենթադրենք, քո մեքենային մի դեպք պատահելու պարագայում պատասխանատվություն է կրելու։ Դրանք, այսպես ասած, փափախչիներ են։

Փոխարենը Երևանի քաղաքապետարանից պնդում են, որ Երևան քաղաքում կայանատեղիները նախկինում կազմակերպվել են Երևանի խորհրդի 27.11.2000թ. հ.31/4 որոշմամբ սահմանված կարգով, ըստ որի տարածքներն անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրամադրվել են թաղապետարանին, որոնք էլ տարբեր ընկերությունների հետ պայմանագրային հիմունքներով մատուցել են այդ ծառայությունները։

  • Նշված ընկերությունները քաղաքապետարանին չեն պատկանում։
  • Հավաքագրված գումարների բաշխումն ու համայնքային բյուջեներ մուտքագրումը կանո­նա­կարգվել է վերոհիշյալ պայմանագրերի դրույթներին համապատասխան։
  • ՀԴՄ կտրոնների հետ կապված հարցերը դուրս են քաղաքապետարանի գործառույթ­ների շրջանակներից։
  • Ավտոկայանատեղիների ոլորտի կարգավորման ուղղությամբ Երևանի քաղաքապետա­րանի կողմից ձեռնարկվում են լուրջ միջոցներ, որոնց շրջանակներում կատարվել է բոլոր կայա­նատեղերի գույքագրում, պատասխանատու այլ կառույցների հետ համատեղ նախապատ­րաստվել է կայանատեղերի տուրքի օրենքի նախագիծ, որի ընդունմանը կհաջորդի համապա­տասխան ենթաօրենսդրական ակտերի հաստատումը և գործնական միջոցառումների իրակա­նացումը։
  • Արդյունքների գնահատումը հնարավոր կլինի միայն վերոհիշյալի իրականացումից հետո։

Մեր հարցերին այսպես են պատասխանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունից։

Այսպես ասած՝ ամենազոր մագդուներին չի ճանաչում նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը։

-Հատուկ ուսումնասիրություն չեմ արել, թեմային չեմ տիրապետում, չգիտեմ,- պնդեց նա՝ ավելացնելով միայն.

-Ով այլևս մուրացկանության ուրիշ ձև չունի, գալիս կանգնում է և փող է հավաքում։ Ես չեմ ասում, որ իր համար է հավաքում, բայց այն, ինչ դու չես կանոնակարգում ցիվիլ տարբերակով, ինչ-որ մեկը կանոնակարգում է։ Այսօր քաղաքի մեծ կենտրոնում որևէ 5 մետր չկա, որտեղ կարելի է  կանգնել, ու որտեղ քեզ մեկը չի մոտենա ու փող չի վերցնի։

Պետական պաշտոնյաները հայտարարում են, որ խնդրի կանոնակարգման ձևերից մեկը գտել են՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն օրենսդիրների կողմից խիստ քննադատության ենթարկվեց, սակայն միևնույն ժամանակ առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Այդ օրինագծում սահմանվում է նաև տրանսպորտային միջոցների կայանատեղի հարկը, որը պետք է գանձի Տեղական ինքնակառավարման մարմինը, և որը պետք է մուտք գործի համայնքային բյուջե։

-Ավտոկայանատեղիների խնդիրը կարելի է լուծել բիզնեսի միջոցով։ Մենք հիմա բիզնեսի միջոցով լուծել ենք, իհարկե, չակերտների մեջ բիզնեսի. որտեղ կանգնում ենք, հայտնվում է անհասկանալի մեկը, անհասկանալի դրյուքաչափերով։ Կայանատեղիի համար տեղական հարկ սահմանելը մի լրացուցիչ ցիվիլ հնարավորություն է, որից համայնքը կարող է օգտվել,- կարծում է Վ. Տերտերյանը։

Սակայն այս հարկատեսակի վերաբերյալ օրենսդիրներից ոմանք վերապահումներ ունեն։ Մասնավորապես «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը վրդովվում է. «Եթե ես արդեն մեքենայի համար գույքահարկ եմ տալիս, ինչո՞ւ պետք է այդ մեքենայի հետ կապված այլ հարկ տամ»։

ՀՅ Դաշնակցության պատգամավոր Արա Նռանյանն էլ պնդում է, որ գործող օրենսդրությունը չի հակասում և չի խոչընդոտում այդ «հարկահավաքությունը»։

-Դրա անունը հարկ դնել առնվազն գրագետ չէ։ Այսօր էլ տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ավտոկայանատեղերի գործունեությունն իրականացնելու համար տարածքներ հատկացնել ու դրա դիմաց որոշակի վարձավճար գանձել իրենց ՏԻՄ բյուջեի համար,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Նռանյանը։

Ի դեպ, պատգամավորներից շատերը մտահոգություն էին հայտնում, որ «Հարկերի մասին» օրենսդրական փաթեթը համայնքի ղեկավարներին անսահմանափակ լիազորություններ է տալիս և ինչ-որ առումով նրանց փոքրիկ իշխանիկներ դարձնում՝ օրինակ՝ ընտրությունների ժամանակ հնարավորություն ընձեռելով համայնքի բնակիչների վրա ճնշում գործադրել։ Միաժամանակ օրենսդրական այդ նախաձեռնությունը խոշորացույցի տակ է պահում նաև համայնքի ղեկավարներին և ՏԻՄ-ին՝ այդպիսով նրանց ևս իշխանությունների կողմից խիստ վերահսկելի և խոցելի դարձնելով։

Թե ինչպե՞ս կարելի է ընտրությունների ժամանակ ճնշել համայնքի ղեկավարներին կամ բնակիչներին, ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը չի պատկերացնում, փոխարենը վստահեցնում է.

-Եթե ես լինեմ որևէ ընտրովի մարմնի ղեկավար ու շանս ունենամ ավտոկայանատեղիների հարկ մտցնեմ ու փող հավաքեմ, դրանից հետո միայն այդ իդեայի համար առնվազն 3 ժամկետ ես կընտրվեմ՝ առանց ոչ մի այլ բան անելու։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Երևանում հնարավոր լինի երթևեկությունը կազմակերպել։ Որտեղ կանգնում ես, անհասկանալի մարդիկ մի 200 դրամ ձեռքիցդ չե՞ն գալիս խլում, մեկ-մեկ էլ երբ ուշացնում ես այդ փողը տալը, հայհոյում են հետևիցդ, կամ իրենք են հատուկ գալիս, քո ավտոն վնասում։

Ավտոկայանատեղիների հարցն օրինականացնելով, ըստ Վ. Տերտերյանի, լուծվում է նաև համայնքային իշխանության պատասխանատվության խնդիրը.

-Ընտրություններից առաջ կգա՞ մեր ընկերը, կասի՞ ՝ ես գտնում եմ, որ հաջորդ տարվանից պետք է մտցնեմ այսինչ հարկը, մենք էլ կասենք՝ իսկ ի՞նչ արդյունքներ պետք է լինեն, ինքը ստիպված է նկարագրել, որ 4 տարի հետո դուք խցանում չեք ունենալու, ես էլ 4 տարի հետո, եթե խցանման մեջ ընկնեմ ընտրության գնալուց, իրեն չեմ ընտրի։ Հիմա մենք իրեն ոչ մի իրավունք չենք տվել, ուղղակի, որպես ՏԻՄ, փող ենք տալիս, ասում ենք՝ այս կամ այն բաների վրա ծախսի։ Պարզ չի՞, որ ինքն էլ առանց ծրագիր է գալիս քեզ մոտ, դու էլ իրեն առանց ծրագիր ես ընտրում։ Դու տո՛ւր իրեն այդ հնարավորությունը՝ քեզ ինստիտուցիոնալ ներկայանալու։

Իսկ մինչ ավտոկայանատեղիների հարցը կարգավորված չէ, ու դժվար է հավատալ, որ առաջիկա տարիներին կկարգավորվի, մնում է միայն հայտարարել.

«Փնտրվում է անտեսանելի և անձեռնմխելի անձնավորություն։ Իրեն գումար «մուծվողների» շրջանում նա հայտնի է Մագդու անունով։ Գտնողներին և պատասխանատվության ենթարկողներին խոստանում ենք հերոսի կոչում շնորհել»։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը