Քաղաքական

21.08.2018 17:55


Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանը գրավի դիմաց ազատ արձակվեց

Դատարանը 20 միլիոն գրավի դիմաց փոխել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանի խափանման միջոց կալանքը և նրան ազատ արձակել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։

Էդուարդ Բաբայանը ձերբակալվել էր այս տարվա հուլիսի 3-ին, ապա երեք օր անց՝ կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ։

Ոստիկանությունը, ապա Քննչական կոմիտեն հաղորդել էին, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա տղամարդ:

Հաղորդվում էր, որ նախնական տվյալներով՝ տուժողին մարմնական վնասվածքները պատճառվել են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող «Օլիմպավան» մարզասրահում հուլիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր»։

Ոստիկանությունը նշում էր, որ ըստ տուժողի հաղորդման, նրան նախ հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու ևս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։

Էդուարդ Բաբայանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Այս խորագրի վերջին նյութերը