Քաղաքական

21.08.2018 11:17


ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը

ԲԴԽ-ն պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով Ալեքսանդր Ազարյանի կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ դիրքորոշում չհայտնելու քայլը

Բարձրագույն դատական խորհուրդը պարզաբանել է, թե ինչու դիրքորոշում չի արտահայտում Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կողմից ինքնաբացարկ չհայտնելու կամ նրա կայացրած որոշման իրավաչափության կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, պատճառները իրենց բնույթով զուտ իրավական են:

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը: Ընդ որում, իր սահմանադրական առաքելությունը Խորհուրդը կարող է իրականացնել բացառապես իր լիազորություններն իրականացնելու միջոցով: Այդ լիազորություններից է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորների լիազորությունների դադարեցման հարցի քննարկումը և լուծումը (Սահմանադրության 175 հոդվ., մ. 1, կկ. 7-8), որը կարող է իրականացվել բացառապես Դատական օրենսգրքով սահմանված կարգով (Սահմանադրության 175 հոդվ., մ. 4), մասնավորապես՝ հիշյալ Օրենսգրքի 19-րդ գլխում ամրագրված կանոններով:

Չափազանց կարևոր է այն, որ Օրենսգիրքը Խորհրդին չի վերապահել դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն, բացառել է նույնիսկ վարույթի հարուցման փուլում կամ մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Խորհրդին դիմելը վարույթ հարուցող մարմինների վրա որևէ եղանակով ներգործելու հնարավորությունը:

Համապատասխան առիթների առկայության դեպքում (խախտման մասին հաղորդումներ, ԶԼՄ-ների հրապարակումներ և այլն) վարույթ հարուցելու իրավասությամբ օժտված համապատասխան մարմինը (այդպիսիք են՝ Կարգապահական հարցերի հանձնաժողովը, որը Բարձրագույն դատական խորհրդին ենթակա մարմին չէ, և Արդարադատության նախարարը) պարտավոր են հարուցել կարգապահական վարույթ, ուսումնասիրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության հարցը և կատարված ուսումնասիրության արդյունքում կա՛մ դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, կա՛մ կայացնել կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում:

Քանի դեռ վարույթ հարուցող մարմինը չի դիմել Բարձրագույն դատական խորհրդին դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ, Խորհուրդն իրավասու չէ կոնկրետ դեպքի (դիմումի) առնչությամբ որևէ գործողություն կատարել:

Սահմանադրության համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս Խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:

Ակնհայտ է, որ նման կարգավորման պայմաններում թե՛ Խորհուրդը, ընդհանուր առմամբ, և թե՛ Խորհրդի յուրաքանչյուր անդամ, առանձին վերցրած, պետք է ղեկավարվեն իրավունքի գերակայության հրամայականով և դրսևորեն այնպիսի վարքագիծ, որը ողջամիտ դիտորդի մոտ կասկած չի հարուցի նրանց անկողմնակալության հարցում: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, առավել ևս նրա լիազորությունները դադարեցնելու հարցի քննարկումը լրջագույն իրավական խնդիր է, որի ընթացքում խստագույնս պետք է ապահովվեն օրինականությունը, արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև դատավորի դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքները (Օրենսգրքի 141 հոդվ.):

Խորհրդի անդամները, որոնց համար ևս Օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն պարտադիր են դատավորի վարքագծի կանոնները, բոլոր հանգամանքներում պարտավոր են զերծ մնալ.

  1. դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,
  1. մեկ այլ դատավորի կողմից արդարադատության իրականացմանը միջամտելուց,
  1. դատավորի մասնագիտական և անձնական որակները հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,
  1. դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց,
  1. որևէ դատարանում քննվող կամ ակնկալվող գործի վերաբերյալ հրապարակայնորեն կարծիք հայտնելուց,
  1. այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը (Օրենսգրքի 69 հոդվ.):

Դատավորի կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ նրա լիազորությունները դադարեցնելու հիմք հանդիսացող հանգամանքների վերաբերյալ Խորհրդի դիրքորոշումը և գնահատականները կարող են ձևակերպվել բացառապես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննության արդյունքում կայացված հիմնավորված և պատճառաբանված որոշման շրջանակներում: Այլ կերպ դիրքորոշում արտահայտելու կամ գնահատականներ տալու իրավասություն չունեն ո՛չ Խորհուրդը և ո՛չ էլ Խորհրդի անդամները: Եվ քանի որ ցանկացած նախապես արտահայտված դիրքորոշում հետագայում կարող է ողջամիտ կասկած հարուցել Խորհրդում ակնկալվող գործով Խորհրդի անդամների անաչառության մեջ, Խորհրդի անդամները, պարտավոր լինելով ողջամտության սահմաններում իրենց դրսևորել այնպես, որ նվազագույնի հասցվեն ինքնաբացարկի անհրաժեշտություն առաջացնող դեպքերը (Օրենսգրքի 70 հոդվ., մ. 1, կետ 14 կետ), հետայսու ևս ձեռնպահ կմնան նախնական գնահատականներ հնչեցնելուց»,-ասված է ԲԴԽ-ի տարածած հայտարարության մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը