Քաղաքական

20.08.2018 14:25


Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել

Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել

Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

***

ՀՀ գլխավոր դատախազությունը օգոստոսի 20-ին բողոք է ներկայացնելու Վճռաբեկ դատարան` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Օգոստոսի 17-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը ստացել են թե մեղադրող, և թե պաշտպանական կողմը:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նույնպես քննարկել է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, որպեսզի նրանց կողմից ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դառնան:

***

Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան ու գրասենյակի խուզարկության վերաբերյալ հաղորդագրություն չտարածելու հարցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է. «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված բազմաթիվ հարցումները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն ընդամենը հաստատել է նշված տարածքներում Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկության փաստը»:

Այս խորագրի վերջին նյութերը