Կարծիք

18.08.2018 15:38


Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի

Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի

Ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որ երկրի վիճակը բարելավվի

Երեկվա հանրահավաքի ժամանակ իր ելույթում Փաշինյանը շեշտեց, որ արդեն պետք է լրջորեն զբաղվել տնտեսական քաղաքականության մշակմամբ:
Հասկանալի է, որ կոռուպցիայի դեմ պայքարը լավ է, բայց միայն դրանով ժողովրդին հնարավոր չէ դարձնել կուշտ: Անհրաժեշտ են լուրջ և համակարգային փոփոխություններ տնտեսությունում, և ես կոնկրետ ունեմ մի քանի առաջարկ այս հարցում:

Առաջին

Պետք է վերջապես լրջորեն զբաղվել փոքր բիզնեսի աջակցությամբ: Մինչև 215 000 դոլար շրջանառության շեմը պետք է պահպանել, իսկ շրջհարկը իջեցնել մինչև 1 տոկոս:
Շատերը կասեն՝ որտեղի՞ց բյուջեում այսքան փող: Պատասխանեմ: Մինչև հիմա փոքր բիզնեսից բյուջե հավաքագրումը կազմել է ողջ տարվա մեջ ընդամենը 30-40 մլն դոլար:
Կարծում եմ, որ բոլորդ հասկանում եք, որ դա լուրջ փող չէ: Փաշինյանի ասած՝ հայտնի գործչի հայտնի եղբոր ընդամենը մեկ հաշվի գումարն է: Այնպես որ, ամոթ է փոքր բիզնեսի մասին երկար խոսել և ոչ մի գործ չանել: Մանավանդ որ Վրաստանը հենց այդ ճանապարհով է գնացել և մեծ հաջողություն արձանագրել:

Երկրորդ

Ավելացված արժեքի հարկը 20 տոկոսից պետք է իջեցնել մինչև 17 տոկոս՝ բիզնես միջավայրը երկրում աշխուժացնելու համար: Նորից կհարցնեք՝ որտեղի՞ց բյուջեում փող: Եթե ֆինանսների նախարար Ջանջուղազյանի պատկերացումներով շարժվեինք, ապա Հայաստանում չպետք է փոխվեր ոչինչ: Սերժին էլ իզուր էինք հեռացրել իշխանություից: Միթե պարզ չէ, որ ԱԱՀ-ի տոկոսադրույքի իջեցման արդյունքում Հայաստանում կարող է կտրուկ աշխուժանալ տնտեսական կյանքը: Ավելին, կարծում ենք, որ համատեղ ձեռնարկությունների տեսքով արտասահմանյան ներդրողների համար պետք են լրացուցիչ արտոնություններ: Հակառակ դեպքում, ինչու օրինակ, օտարերկրյա ներդրողները պետք է ներդրումներ անեն Հայաստանում, այլ ոչ թե, ասենք, Վրաստանում, Թուրքիայում կամ Ադրբեջանում:

Երրորդ

Իշխանության ամենաբարձր մակարդակով պետք է երաշխավորել և աջակցել Հայաստանում միջազգային ընկերություններին, որոնք այնքան էլ շատ չեն, և ճիշտ հակառակը, նրանց նեղելը պարզապես խիստ բացասական հետևանքներ կունենա Հայաստանի հետագա ներդրումային քաղաքականության վրա:
Եվ այս շարքում «Լիդիան Արմենիայի» շուրջ պատմությունը ցուցիչ պետք է լինի բոլորի համար, թե ինչպիսին է լինելու Հայաստանի քաղաքականությունն այս հարցում:
Ի վերջո Փաշինյանը պետք է ընտրություն կատարի՝ իր համար կարևորը 21-րդ դարի Խաչիկ Ստամբուլցիանի ամբիցիաները բավարարելն է, թե Հայաստանի տնտեսության զարգացումը լուրջ հիմքերի վրա դնելը:
Ափսոս, որ մինչ այսօր Հայաստանի արդյունաբերական խոշոր սուբյեկտների կործանման վերաբերյալ լուրջ վերլուծություններ այդպես էլ չեղան:

Չորրորդ

Պետք է վերականգնել գործարանների հանդեպ վստահության մթնոլորտը և միաժամանակ օլիգարխներին զրկել մենաշնորհային դիրքերից:
Պարզ խոսենք, քանի դեռ երկրում լիարժեք մրցակցային միջավայր չի ծնվել, ոչ տնտեսական լուրջ զարգացում կլինի, ոչ էլ՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացում:
Այս քայլերը նույնպես պետք է իրականացվեն շատ արագ, որպեսզի մարդիկ տեսնեն, որ փոփոխությունը վերացական չէ, այլ՝ կոնկրետ:

Ահա այս ամենն է, որ ուզում եմ նշել՝ երեկվա Փաշինյանի ելույթի առիթով:

Համոզված եմ, որ լուրջ տնտեսագետներն այս շարքին կավելացնեն իրենց առաջարկները: Կարևորը՝ կառավարությունը վերջապես վճռականությամբ գնա կտրուկ քայլերի, որպեսզի մարդիկ էլ տեսնեն, որ բացի կոռուպցիայի դեմ պայքարից իշխանությունը նաև կոնկրետ քայլեր է անում տնտեսության իրական զարգացման համար:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը